Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մուշ»-ից Եղվարդի մանկապարտեզի մատակարարը նրբերշիկ գնել է, բայց տնօրենը չգիտի՝ այդ նրբերշիկը նա ում է մատակարարել

Դեկտեմբեր 04,2014 17:36

Aravot.am-ի հետ զրույցում «Մուշ» ընկերության տնօրեն Բորիս Ներսիսյանը, որի ընկերության անունն այս օրերին շրջանառվում է   որպես Եղվարդի թիվ 1 մանկապարտեզին նրբերշիկ մատակարարող, ասաց, որ «Մուշ» ընկերությունից տարբեր մատակարարներ են մսամթերք գնում, այդ թվում՝ եւ նրբերշիկ, բայց թե մանկապարտեզի այդ մատակարարը նրբերշիկը կոնկրետ մանկապարտեզին, թե մեկ այլ ընկերությանը մատակարարելու համար է գնել, չի կարող ասել:

Պարոն Ներսիսյանը մեզ հետ զրույցում վկայակոչեց առողջապահության նախարարի

թիվ 42-Ն հրամանը, որով նախադպրոցական ուսումնական հաստատություններում չի թույլատրվում օգտագործել երշիկեղեն: Այդուհանդերձ, «Մուշ»-ի տնօրենը տեղյակ չէր իր նրբերշիկը մատակարարվել է Եղվարդի մանկապարտեզ, թե` ոչ:

Այսօր Aravot.am-ի խմբագրությունը մի քաղաքացուց նամակ է ստացել, որտեղ Եղվարդի մանկապարտեզի գործունեությանը քաջածանոթ անձը վստահեցրել էր, որ «Մուշ» ՍՊԸ-ն նրբերշիկ չի մատակարարել: Ըստ նամակագրի` «Այս մանկապարտեզում տարիներ շարունակ խայտառակ խառնաշփոթ է եղել, աշխատակիցներն անգամ տանից պահածոներ են բերել եւ իրացրել երեխաների վրա: Աշխատողների մեծ մասն այստեղ մասնագիտական կրթություն չունի: Երբ մի քանի տարի առաջ այս հարցը բարձրացրեցինք ԿԳՆ-ում, տնօրենն ու մանկապարտեզի աշխատողներն իրար հետ նորից «լեզու գտան» եւ հարցը նորից փակվեց:

Որտեղի՞ց է նրբերշիկը հայտնվել երեխաների սեղանին: Համոզված եմ, եթե մենք չմիջամտենք, այս հարցը շատ կարճ ժամանակահատվածում իրենց հարմար ձեւով լուծում կստանա համայնքում: Եվ մեղավորները կշարունակեն աշխատել նորից երեխաների հետ»:

Բորիս Ներսիսյանը մեզ հետ զրույցում նաեւ ասաց, որ այս օրերին սննդի անվտանգության պետական ծառայությունն իր արտադրամասում ստուգումներ անում է, սակայն դրանք պատճառաբանել է պլանային ստուգումներով: Նաեւ ասաց, որ Եղվարդի քննչականն է «Մուշ» ՍՊԸ-ից փաստաթղթեր պահանջել:

«Ես ոչ մի հիմք չունեմ, որ պնդեմ՝ այդ մատակարարը մեր նրբերշիկները մատակարարել է մանկապարտեզին կամ չի մատակարարել, բայց որ խնդիրը նրբերշիկի հետ ոչ մի կապ չունի, մեզ համար միանշանակ է»:

Հիշեցնենք, որ Եղվարդի մանկապարտեզում զանգվածային թունավորման  մասին հայտնի էր դարձել նոյեմբերի 28–ի երեկոյան։ Ծանր վիճակում Երեւանի եւ Եղվարդի հիվանդանոցներ էին տեղափոխվել 100-ից ավելի երեխաներ: Ավելի ուշ պարզվել էր, որ երեխաների թունավորման պատճառը դիզենտերիայի հարուցիչն է, որն անցել էր երեխաների սննդի մեջ: Ներկայումս Քննչական կոմիտեն այս դեպքի առիթով քննություն է իրականացնում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031