Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գիտնականը մեղադրվում է գրագողության, գիտական էթիկայի խախտման և գիտական զեղծարարությունների մեջ

Դեկտեմբեր 04,2014 17:33

Առաջիկայում՝ դեկտեմբերի վերջերին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (ՀՀ ԳԱԱ) թղթակից անդամների ընտրություններ են: Երկրաբանական գիտությունների ինստիտուտի (ԵԳԻ) գիտխորհրդում առաջադրվել և գրեթե միաձայն (ձեռնպահ՝ 1 հոգի) հաստատվել է նույն ինստիտուտի տնօրեն, երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր Արկադի Կարախանյանի թեկնածությունը: Այս հանգամանքը, սակայն, վրդովեցրել է ԵԳԻ-ի գիտաշխատող, երկրաբանական գիտությունների թեկնածու Հայկ Մելիք-Ադամյանին, և վերջինս բաց նամակով դիմել է ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին, ՀՀ ԳԱԱ քիմիական և երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լևոն Թավադյանին, ՀՀ ԳԱԱ Էթիկայի հանձնաժողովի նախագահ, ակադեմիկոս Վ. Բարխուդարյանին, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներին և թղթակից անդամներին:

Նամակում Հայկ Մելիք-Ադամյանը Արկադի Կարախանյանի գիտական աշխատանքներից բերում է այնպիսի օրինակներ, որոնք, իր կարծիքով, գիտական էթիկայի խախտման, գիտական զեղծարարությունների և գրագողության բացահայտ դրսևորումներ են. «Ես հրապարակայնորեն մեղադրում եմ տնօրեն Արկադի Կարախանյանին գիտական էթիկայի խախտման, գիտական զեղծարարությունների և գրագողության մեջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայկ Մելիք-Ադամյանը և հավելեց. «Վերջերս՝ նոյեմբերի 21-ին, ՀՀ ԳԱԱ ԵԳԻ-ի գիտական խորհրդում, որտեղ առաջադրվեց Ա. Կարախանյանի թեկնածությունը, ես 5 րոպեանոց ելույթ ունեցա, փաստեր բերեցի: Բայց 5 րոպեն շատ քիչ է, և առաջարկեցի ստեղծել անկախ հանձնախումբ, որպեսզի ներկայացնեմ ձեռքիս տակ եղած հսկայական փաստերը, սակայն ոչ մեկը չցանկացավ դա լսել»:

Բանախոսն այնուհետև ասաց, որ այսօրվա ասուլիսին ակնկալում էր տեսնել հենց Ա. Կարախանյանին, որովհետև, նրա ձևակերպմամբ, իր խնդիրն ընդհանուր չէ. «Իմ խնդիրն է՝ կոնկրետ թղթակից անդամի թեկնածուին մեղադրել գրագողության և գիտական զեղծարարության մեջ, բայց նա չի եկել, ուղարկել է իր ենթականերին՝ ներկա և նախկին փոխտնօրեններին: Ուստի՝ ես ուզում եմ պատասխանատու հայտարարություն անել՝ պարոն Կարախանյանը չի եկել, որովհետև չի տիրապետում հայերենին, հայերեն գրել-կարդալ չգիտի, տառաճանաչ չէ, որի մասին բազմիցս խոսվել ու գրվել է: Բայց չէ՞ որ պաշտոնատար անձն իրավունք չունի հայերեն գրել-կարդալ չիմանալ»,- ասաց Հ. Մելիք-Ադամյանը և հավելեց, որ Ա. Կարախանյանին մեղադրում է նաև կոռուպցիայի մեջ, որի դրսևորման ձևը համարում է պաշտոնական դիրքի չարաշահումը. «Նա խստագույնս խախտել է ակադեմիայի կանոնակարգը. ինստիտուտի ղեկավար պաշտոնների համար երբեք մրցույթներ չի հայտարարել և նշանակել է իր ուզած մարդկանց»,- վստահեցնում է ԵԳԻ-ի գիտաշխատողը:

Անդրադառնալով գիտական զեղծարարություններին, որոնք, ըստ Հ. Մելիք-Ադամյանի, արել է Ա. Կարախանյանը, նա դրանցից ամենասարսափելին համարեց հայ ժողովրդի պատմության աղավաղումը. «Խեղաթյուրելով փաստերը՝ փորձում է ապացուցել, որ հայերը ոչ թե տեղաբնակներ են, այլ միգրանտներ: Ժամանակին Ալիևն իր գիտնականներին գումար էր տալիս, ասում էր՝ ապացուցեք, որ հայերը քոչվոր են: Հիմա այնպիսի տպավորություն է, որ Կարախանյանի գրվածքները ջուր են լցնում Ալիևի և Էրդողանի քարոզչամեքենայի ջրաղացին: Այդպիսի մարդն ինչպե՞ս կարող է անցնել թղթակից անդամ»,- ասում է նա:

Ի պատասխան Հ. Մելիք-Ադամյանի մեղադրանքներին՝ ՀՀ ԳԱԱ ԵԳԻ-ի գիտական գծով փոխտնօրեն, երկրաբանական գիտությունների թեկնածու Խաչատուր Մելիքսեթյանն ասաց, որ Հ. Մելիք-Ադամյանի նամակին ծանոթ է ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը և հանձնարարել է ՀՀ ԳԱԱ քիմիական և երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լևոն Թավադյանին ստեղծել մասնագիտական հանձնաժողով, որպեսզի քննարկվեն այս նամակում եղած նյութերը. «Ես կարծում եմ, որ այս նամակում զետեղված նյութերը նպատակահարմար չէ քննարկել մամուլի ասուլիսում, որովհետև ո´չ լրագրողները, ո´չ էլ հանրությունը գիտական հարցերի մասնագետներ չեն, հետևաբար՝ չեն կարող դատել և որոշակի եզրակացություններ անել»,- ասաց Խ. Մելիքսեթյանը՝ ընդգծելով, որ Հ. Մելիք-Ադամյանի բաց նամակում ներկայացված նյութերը մասնագիտական բնույթ ունեն. վերաբերում են գիտական աշխատանքներին, և միայն մասնագիտական հանձնաժողովը կարող է հստակ պատասխան տալ այդ հարցերին:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. david says:

    Հայկ Մելիք-Ադամյանը առեղծված է:Հրաշք:Մինչև հիմա մի*թե նա չգիտեր հայոց գիտության, ակադեմիայի չբերությունը, փոխնակ մայրերի գիտածնությունը, զրոյի կլորությունը,թղթի կարևորությունը:Մեղք է այս մարդը, այս ազնվությամբ կխեղդվի ակադեմիական ճահճահոտից:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031