Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԺ-ն 103 կողմ, 7 դեմ, 1 ձեռնպահ ձայներով վավերացրեց ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության պայմանագիրը

Դեկտեմբեր 04,2014 17:30

«2015-ի բյուջեի նախագծում մենք չենք տեսնում բյուջեի նախագիծ, որն ուղղված է երկրում տնտեսական աճի խթանմանը և սոցիալական խնդիրների լուծմանը»,-այսօր ՀՀ ԱԺ-ում «Բյուջե 2015»-ի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Տիկին Բիշարյանը նշեց, թե մենք չենք կարող բավարարվել 4 տոկոս աճով, որը կանխատեսել է կառավարությունը 2015-ի համար` այն էլ լավագույն պայմաններում է առաջարկում, իսկ ի՞նչ կլինի այն պարագայում, երբ օր օրի արժեզրկվում է դրամը, թանկանում մթերքները:

Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ «դեմ են» քվեարկելու «Բյուջե 2015» նախագծին:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց. «Բյուջեի նախագիծը գրված է մեկ դոլարի համար 411 դրամի հաշվարկով, բայց այսօր ֆիքսենք, որ պաշտոնական կուրսը դարձել է 444 դրամ: Գտնվում ենք դինամիկ զարգացող ճգնաժամի մեջ, որը դեռ կարգավորված չէ: Սև շուկայում դոլարի գինը հասել է 485 դրամի: Ընդհանրապես ՀՀ-ում սև շուկայի հասկացություն չի եղել: Բանկերի վրա սահմանափակումներ են դրված դոլարի վաճառքի առումով: Սա նշանակում է, որ ճգնաժամը բավականին լուրջ է, և դոլարի լողացող կուրսի մասին պատրանքներ չստեղծեք»:

Ամփոփելով պարոն Զուրաբյանն ասաց, որ «դեմ» են քվեարկելու բյուջեի նախագծին ու դիմելով ՀՀ կառավարությանը` եզրափակեց. «Ձեր պաշտոնավարումը սպառնալիք է ոչ միայն ձեզ, այլև ամբողջ ազգին»:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց. «Թող գնաճը լինի 10 տոկոս, բայց թող մարդկանց եկամուտներն աճեն 15 տոկոսով, մարդիկ այսօր ուզում են ապրել, չեն կարող սնվել համատարած խոստումներով»: Պարոն Մելքումյանն ասաց, որ իրենք ևս «դեմ են» քվեարկելու: Այս հայտարարությանը ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը արձագանքեց. «Սկզբից ասեիր, էլի»:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կարճ ելույթ ունեցավ` «դեկլարատիվ և պոպուլիստական ելույթներին չանդրադառնալով»: Սակայն սկզբում շփոթվեց` նշելով, որ «1915-ի բյուջեն իրատեսական է»:

Նրա ելույթի ժամանակ նիստերի դահլիճում աղմուկ բարձրացավ: Վահրամ Բաղդասարյանը դիտողություն արեց. «Պարոն Հակոբյան»: Գալուստ Սահակյանն էլ արձագանքեց. «Էդ ինչո՞ւ եք ակտիվացել»:

Այնուհետև ի պատասխան Ռուբեն Հակոբյանի այն հայտարարությանը, թե հեռացեք իշխանությունից, պարոն Բաղդասարյանն ասաց. «Պարոն Հակոբյան, պատկերացնում եք, եթե դու ու Րաֆֆին լինեիք մեր և ժողովրդի ճակատագիր որոշողը, որևէ հաշվետվություն տվե՞լ եք, թե ինչ կկատարվեր ժողովրդի հետ: Իհարկե, ուրախ ենք, որ դուք չեք»:

Խորհրդարանը քվեարկության դրեց «Բյուջե 2015»-ի նախագիծը: Խորհրդարանը 71 «կողմ», 46 «դեմ» ձայների հարաբերակցությամբ ընդունեց այն:

ՀՀ ԱԺ-ն 103 «կողմ», 7 «դեմ», 1 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ վավերացրեց նաև Եվրասիական տնտեսական միության մասին» 2014-ի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագիրը: Պարզվեց, որ ձեռնպահ էր քվեարկել ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031