Լրահոս
Օրվա լրահոսը

27 դպրոցի նախկին տնօրեն. «Դիմել եմ դատարան՝ բավարարվելու նպատակով»

Դեկտեմբեր 04,2014 16:38

Վարչական դատարանում այսօր՝ դեկտեմբերի 4-ին, դատավոր Անի Հարությունյանի նախագահությամբ տեղի ունեցավ Երեւանի քաղաքապետի 27.08.2014թ. հ. 3303-Ա որոշումն անվավեր ճանաչելու մասին Երեւանի թիվ 27 դպրոցի նախկին տնօրեն Սուսաննա Սարգսյանի հայցի նախնական դատական նիստը:

Նշենք, որ այդ որոշմամբ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը չեղյալ է համարել Երեւանի «Դերենիկ Դեմիրճյանի անվան թիվ 27 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար հայտարարված եւ 2014 թվականի օգոստոսի 1-ին տեղի ունեցած մրցույթի արդյունքները:

Դատական նիստի ընթացքում Սուսաննա Սարգսյանը խնդրեց դատավորին հետաձգել դատական նիստը, քանի որ իր փաստաբանը չի կարողացել ներկա գտնվել դատական նիստին: Դատավոր Անի Հարությունյանը բավարարեց նրա միջնորդությունը՝ համարելով, որ նման անհրաժեշտություն կա: Դատական նիստը հետաձգվեց:

Սուսաննա Սարգսյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց, որ համաձայն չէ քաղաքապետի որոշման հետ. «Յուրաքանչյուր հայցվոր, բնականաբար, ակնկալիքներ ունի: Դիմել եմ դատարան՝ բավարարվելու նպատակով»:

Հիշեցնենք` թիվ 27 դպրոցի տնօրեն Սուսաննա Սարգսյանը 2013 թվականի դեկտեմբերի 26-ին մեղավոր էր ճանաչվել 4 դրվագով յուրացումներ կատարելու համար, եւ դատապարտվել էր 800 հազար դրամ տուգանքի եւ 1 տարի 6 ամսով զրկվել կազմակերպչական, տնօրինական բնույթի որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: Սակայն, համաներման կիրառմամբ` Սուսաննա Սարգսյանն ազատվել էր հիմնական պատժից: Իսկ սույն թվականի օգոստոսի 1-ին նա մասնակցել էր տեղի ունեցած դպրոցի տնօրենի թափուր աթոռի համար մրցույթին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. manvel says:

    Դատավոր Անի Հարությունյանը ամենապարզ Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները չի կարողանում տարբերել,իսկ Ձեր հարցին դրական լուծում չի կարող տալ: Եթե Ձեր բախտը բերեր և Ձեր հարցը լսեր դատավոր Ա. Միրզոյանը հնարավոր է Սպասել օբեկտիվ որոշման:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031