Երեւան քաղաքի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդուն պատկանող «Մոսկվիչկա» սուպեր մարկետների տարադրամի փոխանակման կետերի, «Եվրոֆուտբոլի» գրասենյակներից մեկի պատասխանատուի՝ Արթուր Անդրեասյանի դեմ հարուցված քրեական գործով Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր ներկայացել «Մոսկվիչկայի» տարադրամի փոխանակման կետի աշխատակիցը:
Նա ասաց, որ Արթուր Անդրեասյանն իր իմանալով եղել է Արմեն Նազարյանի հարազատներից, դրա համար Արթուրից դրամի փոխանակումներ է կատարել:
Հաջորդ դատական նիստը , որտեղ ցուցմունք կտա արդեն ամբաստանյալ Արթուր Անդրեասյանը, նշանակվեց դեկտեմբերի 15-ին:
Արթուրի մայրը՝ Փառանձեմ Հակոբյանը Aravot.am-ին ասաց, որ վկաներից կարեւոր էր, որ դատարան գար տուժող Արտակ Գալստյանը, որը հայտնի է «Վանոյի ճուտ» անվամբ, կինը՝ Վեներա Գալստյանը: Վերջինի ստորագրություններով էլ «կեղծ պայմանագրերն» են դրվել ապացույցների հիմքում:
Կարդացեք նաև
«Արտակ Գալստյանը հիսուն հազար դոլար պարտքի դիմաց խլել էր նախկին սեփականատիրոջ Բաղրամյան 77 շենքի բնակարաններից մեկը, այն վաճառել էր Արթուրին 250 000 դոլար գումարով:
Այդ գործարքը որդիս իրականացրել է օրինական, վարկի միջոցով, լիովին վճարել է տարածքի գումարը: »,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ամբաստանյալի մայրը:
Ամբաստանյալի մայրը բաց նամակով այսօր կրկին դիմել է հանրապետության նախագահին, նաեւ հայտնելով, որ ոստիկանության Նորքի բաժինը դատարան է ուղարկել մի տեղեկանք, համաձայն որի բուժման նպատակով Արտակ Գալստյանն ու նրա կինը գտնվում են Փարիզում, մինչդեռ նրանք նոյեմբերի 27-ին գտնվել են հանրապետությունում:
«Բազմակի անգամ դիմում եմ Ձեզ, պաշտպանելու իմ եւ ընտանիքիս խախտված իրավունքները:
Խնդրում եմ միջամտել դադարեցնելու հիվանդ որդուս նկատմամբ պատվեր կոչեցյալ գործը՝ խոշտանգումները: Հայտնում եմ, որ քննությունն ավարտվում է: Բացահայտ երեւում է, որ որդիս ոչ մի խարդախություն չի արել, վերցրել է տոկոսներ, կատարել ներդրումներ, կրել է վնասներ, ինչպես բոլորը:
Եվ երբ սկսվել է ընտանիքին պատկանող ավազե հանքի շահագործումը, առանց հիմքի, Արտակ Գալստյանի կողմից, սկսվել է հարձակումը հանքի եւ մեր ընտանիքի նկատմամբ»,-գրել էր Փ.Հակոբյանը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ