ՀՀ ԱԺ-ն ավարտեց «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014-ի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի քննարկումները:
Այժմ խորհրդարանը վերսկսել է «Բյուջե-2015»-ի քննարկումները:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հայտարարեց, որ իր ներկայացրած բազում առաջարկություններից 4-ն ընդունվել են ու շեշտեց, որ այդ նույն առաջարկությունները Ստեփան Սաֆարյանն ու Արմեն Մարտիրոսյանը դեռ 2010-ից անում էին և վերջապես դրանք տեղ հասան չորս տարում:
Պարոն Պողոսյանը հետաքրքրվեց` արդյոք վերջին օրերի փոփոխությունները ազդելո՞ւ են բյուջեի վրա, բյուջեում ներկայացված եկամուտների վրա, այնուհետև առաջարկեց հետաձգել նախագծի հաստատումը:
Կարդացեք նաև
ՀՀ Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն արձագանքեց. «Մենք մի փուլում ենք գտնվում, երբ այդ կանխատեսումներն ավելի շատ սիրողական բնույթ ունեն: Կարիք չկա հետաձգել բյուջեի քննարկումները, քանի որ այդ գործընթացներին ցանկացած երկիր եռամսյակը մեկ անդրադառնում է, բայց նրանք ամեն անգամ չեն հետաձգում բյուջեի հաստատումը: Մեր բյուջետային օրենսդրությունը ճկուն է այդ փոփոխությունները երկրի հիմնական ֆինանսական փաստաթղթում արտացոլելու առումով»:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը մտահոգություն հայտնեց, որ դոլարի առքուվաճառքի «սև շուկա է ձևավորվել», իսկ «Կենտրոնական բանկը պարտիզանական լռություն է պահպանում»: Մտահոգությունները շարունակելով` նշեց, թե առաջին անհրաժեշտության ապրանքերի գնաճն արդեն զգալի է: Հետո էլ հետաքրքրվեց` դոլարի կուրսը 411-ն է մնալու փաստաթղթո՞ւմ: Պավել Սաֆարյանը արձագանքեց. «Փոփոխելը նշանակում է հակասության մեջ մտնել օրենսդրության հետ: Բյուջեում ըստ օրենքի ներկայացվում է տվյալ ամսվա 1-ի դրությամբ դոլարի կուրսը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ