Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ելույթը՝ ԵՏՄ-ին Հայաստանի միացման վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ

Դեկտեմբեր 04,2014 16:16

Խորհրդարանի վավերացմանն է ներկայացված Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը։ Հարցը Հայաստանի համար ունի եթե ոչ ճակատագրական, ապա առնվազն ռազմավարական նշանակություն։ Նման դեպքերում Հայ ազգային կոնգրեսը, որպես քաղաքական ուժ, որը հավակնում է եւ պատրաստ է ստանձնելու երկրի կառավարումը, անկախ այն հանգամանքից, որ պայմանագրի վավերացումը սույն Ազգային ժողովում որեւէ կասկած չի հարուցում, պարտավոր է հայտնել իր սկզբունքային դիրքորոշումն առ այն, թե Հայաստանի համար ի՞նչն ենք մենք ճիշտ համարում։ Ըստ այդմ, դիրքորոշումը ներկայացնելիս մենք պետք է այն ձեւակերպենք հետեւյալ կերպ. ինչպե՞ս կվարվեինք մենք, եթե իշխանությունը մենք լինեինք։

Եւ այսպես, եթե մենք լինեինք իշխանություն, մենք չէինք խաղա երկակի խաղ Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ, այսինքն՝ չէինք փորձի Մոսկվային ասել այն, ինչ դուր է գալիս Ռուսաստանին, իսկ Բրյուսելին ասել այն, ինչ դուր է գալիս Արեւմուտքին: Մենք չէինք ընդգրկվի երեք տարվա բանակցությունների մեջ, որը մեկ օրվա մեջ ջուրն էինք գցելու եւ նվաստացուցիչ շրջադարձ կատարելու դեպի Մաքսային միություն՝ կորցնելով Արեւմուտքի վստահությունը եւ Ռուսաստանի հարգանքը: Իսկ իրականում՝ երկուսի ե՛ւ վստահությունը, ե՛ւ հարգանքը։

Եթե մենք լինեինք իշխանություն, մենք ժողովրդից չէինք թաքցնի ոչ՛ եվրաասոցացման, ոչ՛ էլ Մաքսային կամ Եվրասիական տնտեսական միության բանակցությունների ընթացքը, եւ կկառուցեինք բոլոր այդ բանակցությունները Հայաստան-ԵՄ-Ռուսաստան եռակողմ ֆորմատով կամ Բրյուսելի եւ Մոսկվայի միջեւ մաքոքային դիվանագիտության միջոցով: Մեր նպատակը կլիներ ապահովել Հայաստանում եւ տարածաշրջնում Ռուսաստանի եւ Արեւմուտքի շահերի ներդաշնակեցումը, այլ ոչ թե սերմանել շահերի բախում, ինչին իրականում ծառայեց իրեն խորամանկ պատկերացնող իշխանությունների ապաշնորհ, անհեռատես եւ անվստահելի քաղաքականությունը:

Եւ մենք վստահ ենք, որ շրջահայաց քաղաքականությամբ հնարավոր էր հասնել ինչ-որ փոխզիջումային լուծման՝ շարունակելով վստահելի դաշնակցի հարաբերությունները Ռուսաստանի հետ, միեւնույն ժամանակ՝ պահպանելով Եվրաասոցացման պայմանագրի ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական մասի արդյունավետ համագործակցության որոշ դրույթներ, կամ առնվազն նվազագույնի հասցնել Հայաստանի կրած վնասները։

Այդ ամենը հնարավոր էր 2010-2014 թվականներին ընկած այն ժամանակաշրջանում, երբ հարաբերությունները Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ դեռ սրված չէին եւ դեռ չէին վերածվել նոր Սառը պատերազմի։ Այսօր, իհարկե, դա այլեւս հնարավոր չէ, եւ մենք որոշում կայացնելիս պետք է որպես ելակետ ընդունենք այս պահին ստեղծված իրողությունները եւ առաջնորդվենք Հայասատանի գերագույն պետական շահերով եւ մեր ժողովրդի առավելագույն ապահովության նկատառումներով: Եվ նորից հարցադրումը պետք է լինի հետեւյալը՝ ինչ կանեինք մենք՝ Հայ ազգային կոնգրեսը, եթե այս պահին լինեինք իշխանություն։ Այդ հարցին պատասխանելու համար մենք առաջնորդվում ենք հետեւյալ իրողություններով.

1. Հայաստանի որոշելիքը ոչ թե ընտրություն է երկու արժեհամակարգերի միջեւ եւ ոչ էլ անգամ երկու տնտեսական համակարգերի, ինչպես դա շատ պարզունակ կերպով փորձում են ներկայացնել որոշ քարոզիչներ՝ նենգափոխելով խնդրի էությունը: Իրականում, ԵՏՄ-ին անդամագրվել կամ չանդամագրվելը Հայաստանի համար ճակատագրական նշանակություն ունեցող ընտրություն է՝ քաղաքական երկու գործընթացների միջեւ, որոնցից յուրաքանչյուրն ունի հստակորեն կանխատեսելի եւ խորը հետեւանքներ մեր երկրի անվտանգության համար։

2. Ղարաբաղյան չլուծված խնդիրը, Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից պատերազմի սանձազերծման մշտապես առկա, իսկ վերջին տարիներին՝ նաեւ ավելի իրական դարձած վտանգը՝ նույն այդ երկրների կողմից իրականացվող շրջափակման պայմաններում, տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական այլ հակամարտություններն ու զարգացումները  ստեղծել են Հայաստանի եւ Ղարաբաղի համար վտանգավոր իրավիճակ։ Ակնհայտ է, որ Հայաստանը այս մարտահրավերներին դիմակայելու համար  պետք է շարունակի մաս կազմել 1990-ների հայ-ռուսական մի քանի պայմանագրերի հիման վրա ստեղծված  անվտագության համակարգին (այդ պայմանագրերն են՝ 1992 թ.` ԱՊՀ արտաքին սահմանների համատեղ պաշտպանության, 1995 թ.` ԱՊՀ երկրների հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի  ստեղծման, 1995 թ.` Հայաստանում ռուսական ռազմական բազայի ստեղծման, եւ 1997 թ.` Բարեկամության, համագործակցության եւ փոխօգնության մասին պայմանագրերը)։ Ակնհայտ է, որ տեսանելի ապագայում անվտանգության այս համակարգին որեւէ այլընտրանք չկա, ինչը ընդունվում է տարածաշրջանով զբաղվող բոլոր, այդ թվում նաեւ` արեւմտյան փորձագետների եւ դիվանագետների կողմից: Հայաստանին ոչ ոք ՆԱՏՕ-ում չի սպասում: Բացի այդ, Արեւմուտքը, Հարավային Կովկասում չունենալով ռազմական միջամտության որեւէ հնարավորություն, տեսանելի ապագայում չի կարող անվտանգության երաշխավորի դեր ստանձնել ոչ՛ Հայաստանի եւ Ղարաբաղի եւ ոչ՛էլ տարածաշրջանի համար:

3. Այսօրվա ստեղծված իրողություններում հնարավոր չէ  միաժամանակ Ռուսաստանի հետ լինել անվտանգության մի համակարգում, եւ Արեւմուտքի հետ` մեկ այլ՝ տնտեսական համակարգում: Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ հակամարտության աճի պայմաններում, որը վերջին ամիսներին վերածվել է բառացիորեն Սառը պատերազմի, Ռուսաստանն, ըստ էության, պայմանավորում է անվտանգության  համակարգում անդամակցությունը եւ Ռուսաստանի հետ անարգել տնտեսական համագործակցությունը՝ ԵՏՄ-ում անդամակցությամբ:

4. Որոշումը կայացնելիս աչքի առաջ պետք է ունենալ նաեւ այն, ինչ կատարվեց Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի հետ, որոնք բոլորն, առանց բացառության, հայտնվել են մարդկային եւ տարածքային մեծ կորուստներ պատճառած հակամարտությունների եւ տնտեսական արգելքներով կամ պատժամիջոցներով պայմանավորված բարդությունների մեջ, եւ տեսանելի ապագայում դրանից որեւէ ելք չի երեւում:

5. ԵՏՄ-ի անդամակցությունը զուտ տնտեսական առումով ունի եւ՛ դրական, եւ՛ բացասական կողմեր, ընդ որում՝ ձեռքբերումների եւ կորուստների բալանսը բավական դժվար է հաշվարկել: Դրական կողմերից է Ռուսաստանի եւ ընդհանրապես՝ Եվրասիական միության շուկայի հասանելիության շարունակականությունը Հայաստանի համար, քիչ թե շատ էժան պայմաններով էներգակիրների, այդ թվում՝ գազի մատակարարումը (նկատի ունեմ գազի գինը հայ-վրացական սահմանին), ՌԴ աշխատաշուկայի հասանելիությունն ու տրանսֆերտների անխափանությունը:  Բացասական կողմերից է ԵՏՄ-ի հետ ընդհանուր սահման չունենալու պայմաններում Եվրաասոցացման գոտում գտնվող Վրաստանի հետ մաքսային ռեժիմների տարբերությունը եւ դրա հետ կապված անորոշությունները, երրորդ երկրների հետ առաջացող մաքսային պատնեշը, դրա հետ կապված՝ որոշ ապրանքների թանկացումները, Ռուսաստանի անկայուն ֆինանսական վիճակի ազդեցությունը:

6. ԵՏՄ-ի փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ միության անդամակցության հետ կապված կանոնադրական պարտավորությունները եւ սահմանափակումները, կրելով բացառապես տնտեսական բնույթ, համապատասխանում են միջազգային նույնանման տնտեսական կազմակերպությունների ստանդարտներին: Բոլոր կարեւոր որոշումները, համաձայն պայմանագրի, ԵՏՄ անդամ երկրներն ընդունում են կոնսենսուսով: Բացի դրանից, համաձայն պայմանագրի 118-րդ հոդվածի, ցանկացած պահի անդամ երկրները կարող են միությունից դուրս գալու հայտ ներկայացնել եւ մեկ տարվա մեջ ավարտել այդ գործընթացը: Անկախության կորստի մասին բոլոր խոսակցությունները, հետեւաբար, հուզականության ոլորտից են, իսկ ինքնիշխանության իրական կորուստը կապված կլինի ոչ թե ԵՏՄ-ի կանոնադրության, այլ` այն հանգամանքի հետ, որ Հայաստանի իշխանությունները, չլինելով ընտրված եւ լեգիտիմ, ուստի չունենալով ժողովրդի մանդատը, ԵՏՄ-ում ներկայանում են ոչ թե պահանջներ եւ հարցեր բարձրացնողի, այլ` ենթարկվողի եւ հրամաններ կատարողի դերում:

Ելնելով վերոշարադրյալից, ինչպես նաեւ Հայաստանի Ժողովրդական կուսակցությունում, Վերակազմավորյալ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունում, Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունում եւ ԱԺ «Հայ Ազգային Կոնգրես» խմբակցությունում տեղի ունեցած քննարկումներից, լիազորված եմ վերոհիշյալ կուսակցությունների անունից հայտարարել, որ խմբակցությունը կողմ կքվեարկի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրին:

Միեւնույն ժամանակ, մենք հասկանում ենք, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցումը պարունակում է նաեւ որոշակի ռիսկեր ու վտանգներ: Դրանք հիմնականում կապված են ԵՏՄ-ի ապագայի անորոշության եւ Ռուսաստանի դեմ կիրառվող տնտեսական պատժամիջոցների հետ: ԵՏՄ-ի կայացումը, սակայն, ինքնաբերաբար կլուծի նաեւ Հայաստանի անդամակցության շարունակման նպատակահարմարության հարցը: Ամենամեծ վտանգը, այնուամենայնիվ, կապված է Հայաստանում ոչ լեգիտիմ իշխանության գոյության հետ, որը չի կարողանա ԵՏՄ-ում պատշաճ կերպով պաշտպանել Հայաստանի ազգային շահերը: Հետեւաբար, ԵՏՄ-ի անդամակցությունը առավել օրակարգային է դարձնում Հայաստանում լեգիտիմ իշխանության ձեւավորման խնդիրը, որն առանց այդ էլ Հայաստանի օրակարգում գլխավոր խնդիրն է: Ինչպես ցանկացած միջազգային կազմակերպությունում, ԵՏՄ-ում եւս Հայաստանին սպասում է ծանր պայքար սեփական շահերի համար, մի գործ, որն իր վրա կարող է վերցնել միայն ժողովրդի վստահությունը վայելող եւ համարձակ իշխանությունը:

Նույն համարձակությունը պահանջվում է նաեւ Արեւմուտքի, մասնավորապես՝ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի հետ անկաշկանդ քաղաքական ու տնտեսական համագործակցության զարգացման համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Nara says:

    Պ Զուրաբյան, եթե իշխանությունը կդժվարանա, դո՛ւք էլ օգնե՛ք, ի վերջո դուք էլ եք որոշ իմաստով իշխանություն, չէ? Ինչ անենք, որ ընդդիմություն եք? Բոլորդ միասին համախմբեք ձեր ուժերը՝ հանուն ՝ Պետության: Մենք էլ՝ ընտրողներս, անպայման հաշվի կառնենք յուրաքանչյուրի դրական աշխատանքը հաջորդ ընտրություններին:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031