ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները՝ Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, հայտարարությամբ են հանդես եկել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերին հորդորելով՝ խնդրի լուծման համար միայն խաղաղ ճանապարհներ գտնել:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և Ֆրանսիայի արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարին առընթեր եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրի տարածած հայտարարության մեջ ասվում է.
«Մենք հավատարիմ ենք մնում այն համոզմանը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով: Ռազմական լուծում այս հարցում գոյություն չունի, և մենք կողմերին կոչ ենք անում զերծ մնալ բռնություններից և ակտիվորեն աշխատել հարցի երկարատև կարգավորման վրա»:
Դիվանագետները ափսոսանք են հայտնել հայ-ադրբեջանական սահմանի մոտ այս տարի հուլիս-օգոստոսին տեղի ունեցած դեպքերի համար՝ նշելով, որ այդ իրադարձությունները խորացրել են կողմերի միջև անվստահությունը ու կոչ արել խաղաղության բանակցությունների համար ավելի բարենպաստ մթնոլորտ ստեղծել:
Կարդացեք նաև
Հայտարարության մեջ նաև անդրադարձ է եղել նոյեմբերի 12–ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի մոտ ադրբեջանական ուժերի կողմից ԼՂՀ խոցված ուղղաթիռին՝ այն որակելով «ողբերգություն, որից հնարավոր էր խուսափել»:
Վկայակոչելով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների 2010թ. Աստրախանում արած հայտարարությունը՝ գերատեսչությունները կոչ են արել կարգավորել մարդասիրական հարցերը:
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների այս տարի ունեցած երեք հանդիպումներին՝ Սոչիում, Նյուպորտում և Փարիզում՝ կարևորել են կողմերի միջև կապի վերականգնումը. «Մենք ողջունում ենք մյուս տարի երկխոսությունն ակտիվացնելու Ֆրանսիայի նախագահի որոշումը: Ժամանակն է, որ կողմերը հաղթահարեն տարաձայնությունները, վերականգնեն վստահությունը ու կատարեն իրենց պարտավորությունները, որպեսզի մտնեն բանակցային գործընթացի մեջ, որը կարող է բերել հարցի կարգավորմանը», – ասված է հայտարարության մեջ:
Եզրափակելով՝ Մինսկի խմբի համանախագահող երկրները նշել են, որ իրենք շարունակում են պատրաստակամ լինել կողմերի հետ աշխատանքներ տանելու գործում, «սակայն ընդգծենք, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման ուղղակի պատասխանատվությունը ընկած է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների վրա»:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ