04 դեկտեմբերի 2014թ., Երևան: ԵՄ «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնությունը, որը մեկնարկել էր մի քանի տարի առաջ` 2013 թվականի նոյեմբերին 29-ի Վիլնյուսյան գագաթաժողովի օրակարգով, «սառը պատերազմից» հետո ի ցույց դրեց քաղաքակրթությունների բախման փաստը՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև: Քաղաքակրթությունների բախման աշխարհագրական էպիկենտրոնն այս պահին հանդիսանում է Ուկրաինան, որը նաև բախման հետևանքով ճեղքվածք առաջացնելով նախկին Խորհրդային Միության տարածքում` նոր աշխարհագրական սահմաններ է գծում:
Նոր սահմանների ձևավորման ընթացքն այդ տարածքում բնակվող ժողովուրդներին հնարավորություն է ընձեռում օգտվել իրավիճակից և պարտավորություն է առաջացնում գործել ի շահ իրենց ազգային պետությունների:
Նրանք իրենց շահը բանեցնելու համար պետք է վերադառնան սեփական ակունքներին և անգին համարեն իրենց ինքնիշխանությունը` ինքնիշխանության ներքո զարգանալու բացարձակ այլընտրանք չունեցող հնարավորությունը:
Ճեղքվածքի սահմանին գտնվող ժողովուրդները, այդ թվում նաև մենք` հայերս, խորհրդային քաղաքակրթության անկումից հետո, ինչպես և Ռուսաստանի Դաշնությունը, ձախողեցին ժամանակակից աշխարհում մրցունակ քաղաքակիրթ պետությունների շարքերում ընդգրկվելու հնարավորությունը:
Կարդացեք նաև
Թանկարժեք շուրջ 25 տարիները մենք փոշիացրեցինք:
Ճեղքվածքի սահմանին գտնվող ժողովուրդները և սահմանից այն կողմ՝ արևելքում գտնվող Ռուսաստանի Դաշնությունը շարունակեցին խորհրդային՝ վարչահրամայական և ուղղահայաց նշանակված անձանց միջոցով առավել կենտրոնացված ղեկավարումը: Կրեմլի կողմից նշանակված կամ նրա հովանավորությունը վայելող անձանց միջոցով էին նաև որոշ չափով ղեկավարվում ճեղքվածքի սահմանում գտնվող ինքնիշխան հանրապետությունները: Ղեկավար քաղաքական էլիտան, թե´ ճեղքվածքի սահմանում գտնվող պետություններում, թե´ ՌԴ-ում պարտադիր կամ իր կազմում ուներ ԿԳԲ-ի (ФСБ) ներկայացուցիչներ կամ անմիջականորեն ղեկավարվում էր ԿԳԲ-ի (ФСБ) կողմից, օրինակ` ՌԴ դեպքում:
Սամուել Հանթինգթոնը «Քաղաքակրթությունների բախում և նոր աշխարհակարգի հաստատում» գրքում նկարագրվում է «սառը պատերազմից» հետո քաղաքակրթություն հասկացության մեջ նոր իմաստը: Գրքի ներածություն. դրոշներ եւ մշակութային ինքնության մասը, կարծում եմ, բնորոշում է մարդկության բնական զարգացման անհրաժեշտ պայմանի մասին.
«Աշխարհում «Սառը պատերազմից» հետո մշակութային ինքնության համար դրոշները ունեն նշանակություն, ինչպես մյուս խորհրդանիշները, ներառյալ խաչերը, կիսալուսինները եւ նույնիսկ գլխաշորերը, քանի որ մշակույթը նշանակություն ունի, իսկ մարդկանց մեծամասնության համար մշակութային ինքնությունը ամենակարեւորն է: Մարդիկ բացահայտում են նոր, բայց հաճախ հին նույնականացման խորհրդանիշներ, եւ դուրս են գալիս փողոց նոր, բայց հին դրոշների ներքո, որոնք հանգեցնում են նոր պատերազմների, բայց հին թշնամիների հետ:
Մայքլ Դիբդինի «Մեռած լագունա» վեպում վենետիկյան ազգայնական դեմագոգի շուրթերով արտահայտվել է շատ մռայլ, բայց մեր ժամանակին բնորոշ հայացք աշխարհի նկատմամբ «Չի կարող լինել իսկական ընկեր, առանց իրական թշնամիների: Եթե մենք չենք ատում նրանց, ովքեր մենք չենք, մենք չենք կարող սիրել նրանց, ովքեր մենք ենք: Դա հին ճշմարտություն է, որ մենք հիվանդագին կրկին բացահայտում ենք ավելի քան մեկ դար զգայուն կեղծավորությունից հետո: Նրանք, ովքեր մերժում են այդ ճշմարտությունները, հերքում են իրենց ընտանիքը, իրենց ժառանգությունը, իրենց ծննդյամբ շնորհված իրավունքը, իրենք իրենց: Եւ այդ մարդիկ չեն կարող հեշտությամբ ներել»: Ցավալի է, այդ հին ճշմարտությունների արժանահավատությունը չի կարող մերժել ոչ գիտնականը, ոչ էլ քաղաքական գործիչը: Այն մարդկանց համար, ովքեր փնտրում են իրենց արմատները, կարեւոր են թշնամիները, եւ առավել պոտենցիալ վտանգավոր թշնամանքը միշտ ի հայտ է գալիս «բեկվածքների» երկայնքով աշխարհի հիմնական քաղաքակրթությունների միջև» [1]:
Հայկական երկու պետությունները՝ Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունները, մի կողմից` բազմաթիվ ծանր, տեսանելի, չափելի եւ աննախադեպ մարտահրավերների առաջ են կանգնած, մյուս կողմից` ունեն նաեւ զգալի նոր հնարավորություններ: Եթե առկա խնդիրները մնում են առանց հրատապ լուծման, և հարուցված հարցերը` անպատասխան, ապա այդ հնարավորությունները մնում են չօգտագործված, և մենք` հայերս, կրկին ապրում ենք առավել վտանգված տիրույթում գտնվելու իրական ժամանակը՝ մշտական ճգնաժամ, լճացում եւ անկում: Սակայն եթե մենք առկա մարտահրավերներին ի պատասխան` արդյունավետ օգտագործենք մեր ներուժը, մենք թողնում ենք ետեւում վտանգավոր ժամանակը և արդյունքում ունենում ենք ոչ միայն առաջընթաց, այլ նաև շոշափելի բարեկեցություն:
Մենք` հայերս, մեր հազարամյակների պատմության ընթացքում միավորված ապրելով մեր կողմից ստեղծված քաղաքակրթական տարածքում` մեր պատմական հայրենիքում ծաղկունք և բարեկեցություն ենք ապրել, և երբ, հակառակ մեր կամքի, բաժանվել ենք հատվածների, ընդունել և ապրել տարբեր` մեզ օտար քաղաքակրթությունների ազդեցության ներքո, սկսել ենք կորցնել մեզ պատկանող, մեզ ծառայող, մեզ սնուցող քաղաքակրթության տարրերը: Դա էլ, իր հերթին, հանգեցրել է աղետալի հետևանքների՝ ոչ միայն կորցրել ենք հայ ժողովրդի հսկայական մասին (ցեղասպանություն և արտագաղթ), պետականությունը, այլ նաև մեր քաղաքակրթության բնօրրան հանդիսացող տարածքի նկատմամբ անմիջական տիրապետման, տնօրինման և օգտագործման հնարավորությունը: Հայկական քաղաքակրթական արժեքների որոշակի կորուստը հանգեցրել է հայ ժողովրդի ազգային ծրագրի՝ ազգային գաղափարի պահանջի առկայության բացակայությանը, որը տարածվել է թե առանձին անհատ հայ մարդու համար հասարակության մեջ իր գենետիկ ունակություններին ու հնարավորություններին համապատասխան` որոշակի տեղ զբաղեցնելու համար գործունեության ծրագիր ունենալու անհրաժեշտության գիտակցության բացակայության վրա, թե ամբողջ հայ ազգի հավաքական գիտակցության վրա, որի անհրաժեշտությունն առավել քան կարևոր է ամբողջ ազգի համար:
Եթե մենք չենք գիտակցում կամ չենք պատկերացնում մեր տեղն աշխարհի քաղաքակրթությունների զարգացումներում սեփական քաղաքակրթությամբ՝ ինքնուրույն ծրագրով, մենք չենք կարող ունենալ ապագայի տեսլական: Եթե ազգը չունի պատմական զարգացման ծրագիր, որը նախատեսված է հարյուրամյակների, եթե ոչ` հազարամյակների համար, և որն անվանում են ազգային գաղափար` հիմնված ազգային քաղաքակրթության վրա, ապա նա, վաղ թե ուշ կորցնելով իր ուրույն քաղաքակրթությունը, կվերանա որպես ինքնուրույն ազգ` տարրալուծվելով այլ քաղաքակրթությունների մեջ, սպասարկելով վերջիններիս:
Համաշխարհային տերությունների, այդ թվում` ցարական, բոլշևիկյան (կոմունիստական) և այսօրվա Ռուսաստանի համար, հայ ժողովրդի պատմական հայրենիքի տարածքները մշտապես եղել են առևտրի առարկա, իրենց շահերը սպասարկելու միջոց:
Առայժմ հայտնի չէ, թե Թուրքիայի և Ռուսաստանի ներկա մերձեցման դիմաց ինչ գին է վճարելու Հայաստանը, քանի որ, ինչպես նախկինում և հատկապես 20-րդ դարասկզբին, այդ երկու երկրները, որպես կանոն, իրենց հարաբերությունները ճշգրտում են հայ ժողովրդի տարածքների և ունեցվածքի հաշվին:
Տարբեր օտար մայրաքաղաքներից շահախնդիր հովանավորություն ստացած Սերժ Սարգսյանը, ոտնահարելով Հայաստանի Հանրապետոթյան Սահմանադրությանը, անտեսելով հայ ժողովրդի ազգային շահը և քաղաքակրթական արժեքները՝ մեզ փորձում է բռնակցել Եվրասիական տնտեսական միություն անվանումով հայտնի պուտինյան նախագծին:
Այս նախաձեռնության ապագան անհեռանկար է և մեզ սպառնում է հսկայական տնտեսական վնասներով, ռազմական ու քաղաքական լրջագույն մարտահրավերներով, ինչպես նաև առաջատար տեխնոլոգիաներից զուրկ հետամնաց համակարգի մեջ տարրալուծվելու սպառնալիքով:
Աշխարհի զարգացած տնտեսություններից մեկի` Եվրոմիության հետ «Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու» պայմանագրի նախաստորագրումը տապալելը հետաձգեց Հայաստանի տնտեսական և քաղաքական համակարգի արդիականացումը:
Մեր հարևան երկրների՝ Իրանի և Վրաստանի շուրջ 80 միլիոնանոց, ինչպես նաև Եվրամիության երկրների գրեթե 500 միլիոնանոց շուկան Սերժ Սարգսյանը և ԵՏՄ-ի կողմնակից քաղաքական ուժերը անթույլատրելիորեն փորձում են ստորադասել Հայաստանի հետ սահմաններ չունեցող և հաճախ թուրքական ռազմավարական շահերը սպասարկող ավտորիտար համակարգով ղեկավարվող երեք երկրների միավորմանը, որի 170 միլիոնանոց շուկան հիմնականում սպառողական է և հետամնաց:
Խորհրդային Միության անկումից հետո մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները փաստում են, որ քաղաքակրթությունների բախման հետևանքով տեղի է ունենում Ռուսաստանից` նրա հարևան, ինչպես նաև ազդեցության տակ գտնվող երկրների երկրորդ բաժանումը:
ԵՏՄ ստեղծելու փորձի, դաշնությունը ներքին բռնապետական համակարգով ղեկավարելու, արտաքին քաղաքականության ագրեսիվ դրսևորումների և հիմնականում`պետական եկամուտները նավթի ու գազի արտահանումից ստանալու պատճառով Ռուսաստանը հայտնվել է կազմալուծման վտանգի առաջ:
Սա հստակ ազդանշան պետք է լինի պուտինյան Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող երկրների համար` անցնցում և արժանապատիվ վերադառնալու իրենց ճշմարիտ և ազատ ակունքներ:
Եվ հայ ժողովուրդն անհապաղ պետք է օրակարգ բերի իր ազգային ծրագիրը և նրա սպասարկման ուղիները, որոնցից առաջին հիմնաքայլը Հայաստանի ինքնիշխանության վաճառքի դեմ պայքարն է` մեր ազգային քաղաքակրթական հաղթական ներուժով:
ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆ
[1] The Clash of Civilizations And the remaking of World Order By Samuel Huntington