Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը շվեյցարական Բազել քաղաքում ԵԱՀԿ-ի երկրների արտգործնախարարների խորհրդի նիստում հայտարարել է, թե «Հայաստանի Զինված ուժերի ներկայությունը Ադրբեջանի օկուպացված տարածքներում հիմնական գործոնն է, որ կարող է հանգեցնել իրավիճակի շիկացման»:
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նշելով, որ Սոչիի, Ուելսի և Փարիզի հանդիպումներում որոշակի առաջընթացի հույս էր հայտնվել և տեսանելի էին դարձել դրական պահեր, Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շարունակել է․ – «Սակայն Հայաստանի Զինված ուժերի սադրիչ լայնածավալ զորավարժությունները Ադրբեջանի օկուպացված տարածքներում ի չիք դարձրին կողմերի միջև վստահության մթնոլորտ ստեղծելու համանախագահների փորձերը»:
«Հայաստանի ղեկավարությունը պետք է հասկանա, որ չի կարելի հենվել պատերազմի ժամանակ ձեռք բերված «ստատուս քվոյի» վրա: Մենք քանիցս հայտարարել ենք, որ պատրաստ ենք անցնել խաղաղ համաձայնագրի նախապատրաստմանը: Բայց և հակառակ կողմը պետք է պատրաստ լինի դրան», – հայտարարել է Մամեդյարովը: