Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ճշմարիտյանը տեղյակ չէ, որ ընկերությունները կանխիկ դոլար են դուրս հանել (Տեսանյութ) 

Դեկտեմբեր 04,2014 15:36

«Ռուսաստանի տնտեսությունում տեղի ունեցող զարգացումները հաջորդ տարի Հայաստանի տնտեսությունում ճգնաժամ կառաջացնե՞ն»,- այսօր կառավարության նիստից հետո էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանից հետաքրքրվեցին լրագրողները, ինչին ի պատասխան, պարոն Ճշմարիտյանն ասաց. «Ճգնաժամ չի առաջանա, բայց ազդեցություն կլինի: Ընդ որում, այդ ազդեցությունը ես այսպես կարող եմ ասել՝ ՌԴ-ն նույնպես, ես կարծում եմ, որոշակի միջոցառումներ կանի, որպեսզի իր տնտեսության մեջ կամ փոխարժեքի համակարգում որոշակի գործիքներ կիրառի առավել ակտիվ, որպեսզի այդ տատանումներն ավելի քիչ լինեն: Չեմ կարծում, որ մեզ մոտ անկում կլինի հաջորդ տարի, որովհետեւ մեր տնտեսական հարաբերությունները ԱՊՀ երկրների հետ, օրինակ, նույն առեւտրաշրջանառությունը, եթե վերցնենք 10 ամսվա կտրվածքով, կազմում է ընդհանուր առեւտրաշրջանառության 28%-ը: Կարող եմ մի շատ մեծ առավելություն նշել՝ ավանդաբար մեր խոշոր գործընկեր հանդիսացող երկրները հենց ԱՊՀ երկրներն ու Եվրամիությունն էին, հիմա եթե ուշադրություն դարձնեք վիճակագրությանը, կտեսնեք, որ 44%-ը մեր արտաքին առեւտրաշրջանառության արդեն այլ երկրների հետ է: Սա բավական դրական ցուցանիշ է հենց արտահանման եւ ներմուծման դիվերսիֆիկացիայի մասով»:

Լրագրողներից մեկի դիտարկմանը` բանկերը դոլարով գործարք չեն անում, մինչդեռ Կենտրոնական բանկը հակառակ հայտարարությունն է անում, նախարարն այսպես արձագանքեց` «Ասել, որ չկա դոլար, չի կարելի, բա մարդիկ ինչո՞վ են հիմա աշխատում: Ո՞ր բանկը կոնկրետ, ես հիմա կճշտեմ»:

Եկող տարվա համար նախատեսած 4.1% տնտեսական աճը, Էկոնոմիկայի նախարարը կարծում է, որ կառավարությունը չի վերանայի: «Եթե ուշադրություն դարձնեք, այս տարվա համար նախաձեռնված ներդրումային ծրագրերը, ես կարծում եմ, դրանք հաջորդ տարի իրենց ազդեցությունն ավելի զգալի կդարձնեն: Բավական լուրջ առաջընթաց է լինելու նաեւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում, տարբեր համաշխարհային բրենդների մուտքը Հայաստան իրենց արդյունքն, այնուամենայնիվ, տալու են: Այն ոլորտային ծրագրերը, որոնք կան, դրանք հաջորդ տարի, առավելապես 2016 թվականին իրենց շատ ավելի ակտիվ զգացնել կտան»:

Հարցին էլ` կառավարությունը դրամի հետագա արժեզրկում սպասո՞ւմ է, Կարեն Ճշմարիտյանը պատասխանեց. «Գիտեք, դրամի տատանողական դրսեւորումը մեր այսօրվա տնտեսական իրավիճակի օբյեկտիվ արտացոլումը չէ: Միգուցե այդտեղ կան որոշակի եւ սպեկուլյատիվ երեւույթներ, որի կանխարգելումն ու հետեւանքների վերացումը Կենտրոնական բանկն իր գործիքներով կարող է անել: Ես համոզված եմ, որ Կենտրոնական բանկն ու պահուստները, եւ ունեցած դրամային ծավալները, եւ դոլարային ծավալները, եւ մեր բանկերի մոտ եղած դոլարային ծավալները թույլ են տալիս եզրակացնել, որ սա, այնուամենայնիվ, մի քանի օրվա խնդիր է, ամեն ինչ կկարգավորվի, մանավանդ, որ Ռուսաստանն այսօր հայտարարություն է անելու, որոշակի գործիքներ, կարծում եմ, կկիրառեն»:

Լրագրողներից մեկն էլ հետաքրքրվեց` էկոնոմիկայի նախարարությունն ունի՞ տեղեկություններ այն մասին, որ վերջին օրերին ռուսական ընկերությունները Հայաստանից մեծ քանակությամբ կանխիկ դոլար են դուրս հանել, Կարեն Ճշմարիտյանը վստահեցրեց, որ տեղյակ չէ. «Չեմ կարծում, որ այդպիսի բան լինի, ասեմ ինչի համար. եթե ինչ-որ մի տեղ իրենց ազգային արժույթն ավելի անկայուն է, ոչ մի գործարար չի ձգտի իր ունեցած արժույթը տեղափոխել այդ տարածք, չեն տանի ավելի անկայուն երկիր: Տանել հենց Ռուսաստան, հավանական չէ, որովհետեւ դու վաղը չգիտես, թե ինչ գործիքներ կկիրառվեն, դու վաղը կարող ես կորուստներ կրել: Եթե որեւէ մեկը նույնիսկ մտադրվել է որեւէ սպեկուլյատիվ քայլ անել, նա ինքն էլ է վտանգված: Ես կոչ կանեի չգնալ նման քայլերի»:

 

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031