Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Թշնամության լեզու տարածողները Հայաստանում լրագրողներն են, Վրաստանում՝ քաղաքական գործիչները, Ադրբեջանում՝ պետական պաշտոնյաները

Դեկտեմբեր 04,2014 15:18

Ատելության եւ թշնամության լեզուն Հայաստանում ամենաշատը օգտագործվել է ներքաղաքական կյանքին վերաբերող հրապարակումներում, Վրաստանում նույնպես նույն պատկերն է, իսկ Ադրբեջանում ատելության ու թշնամանքի լեզուն առավել շատ օգտագործվել է հայերին, Հայաստանին, հետո  արդեն ներքաղաքական կյանքին, այնուհետեւ միջազգային կառույցներին վերաբերող հրապարակումներում:

Հարավային Կովկասի երկրների մամուլում ատելության լեզվի վերաբերյալ հետազոտության արդյունքները լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Ուսումնասիրությունը կատարվել է հոկտեմբեր ամսին՝ զուգահեռաբար երեք երկրներում : (Հայաստանում ուսումնասիրվել են «Голос Армении», «Առավոտ» թերթերը, Հանրային, «Արմենիա» հեռուստաընկերությունները, news.am, lragir.am կայքերը):

Հետազոտության դրդապատճառ են դարձել աշխարհաքաղաքական իրադարձությունները՝ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները, Ռուսաստան-Արեւմուտք հարաբերությունների սրումը եւ այս համատեքստում տեղի ունեցող տեղեկատվական պատերազմները: Երեք երկրների մամուլի ուսումնասիրության գաղափարը հավանել է «Դոյչե Վելե ակադեմիան» եւ աջակցել դրա իրականացմանը:

« Չնայած Ադրբեջանը հակամարտության մեջ անմիջականորեն ներգրավված չէ, բայց արձագանքները հասնում են նաեւ այստեղ: Շատ լավ հասկանում ենք, որ ռուսական լրատվամիջոցների ազդեցությունը Հայաստանում ավելի մեծ է, Ադրբեջանում մի քիչ ավելի քիչ, Վրաստանում՝ բավականին քիչ: Մեկ ամիսը քիչ էր, սակայն դա բավականին ակտիվ փուլ էր»,- ասաց Բորիս Նավասարդյանը:

Թշնամական լեզու տարածողները Հայաստանում լրագրողներն են, Վրաստանում՝ քաղաքական գործիչները, Ադրբեջանում՝ պաշտոնյաները:

Ավելի մանրամասն ներկայացնելով Ադրբեջանի լրատվամիջոցների վիճակը՝ պարոն Նավասարդյանը նշեց. «Թշնամական լեզու կիրառվում է հայերի մասին, այն կազմում է 57 տոկոս: Երկրորդ տեղում է ներքին քաղաքական կյանքը: Եթե ներքին քաղաքական կյանքի առումով, մինչեւ վերջերս հիմնական թիրախը համարվում էր ընդդիմությունը, եւ իշխանամետ լրատվամիջոցներն էին դա տարածում, ապա այս ամիսներին արդեն տարբեր ընդդիմադիր կառույցները լեզվակռվի մեջ են մտնում միմյանց հետ: Երրորդ տեղում են միջազգային կառույցներին, միջազգային հարաբերություններին նվիրված հրապարակումները: Այստեղ առաջինը թշնամական վերաբերմունքի արժանանում է Ռուսաստանը, հետո՝ Հայաստանը: Նաեւ բավական շատ է քննադատությունը Եվրոպայի եւ Արեւմտյան այլ կառույցների նկատմամբ, ինչպիսիք են՝ Եվրախորհուրդը, ԵԽԽՎ-ն, ԵԱՀԿ-ն, եւ հիմնականում պատճառն այն է, որ նրանք լուրջ քննադատական հայտարարություններ են արել Ադրբեջանում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ, եւ լուրջ հակագրոհի են արժանացել ադրբեջանական լրատվամիջոցների կողմից, որոնք ներկայացնում են, որ խառնվում են Ադրբեջանի ներքին գործերին եւ ոչ օբյեկտիվ են ներկայացնում իրավիճակը»:

Պարոն Նավասարդյանը նշեց, որ միջազգային կառույցների մասին հրապարակումներում նաեւ խոսք է գնում հայկական լոբինգի վերաբերյալ:

Ներկայացնելով Հայաստանում մամուլում կիրառվող ատելության եւ թշնամական խոսքը, որը հատկապես դրսեւորվում է ներքին քաղաքական կյանքի մասին հրապարակումներով, պարոն Նավասարդյանն ասաց.« Երբ խոսքը գնում էր ընդդիմության մասին, լրատվամիջոցները, որտեղ իշխանություններին սովորաբար չէին քննադատում, չէր քննադատվում նաեւ ընդդիմադիր քառյակից «Բարգավաճ Հայաստանը»: Որոշ լրատվամիջոցներում, որտեղ հիմնականում քննադատում էին իշխանություններին, «Բարգավաճ Հայաստանը» ավելի շատ էր արժանանում ագրեսիվ լուսաբանման, քան ՀԱԿ-ը կամ «Ժառանգությունը»:

Հետազոտության արդյունքներից, ըստ պարոն Նավասարդյանի, կարելի է եզրակացնել, որ,  տեղեկատվական պատերազմներով հարուստ ժամանակաշրջանը որեւէ լուրջ ազդեցություն չի ունեցել մեր տարածաշրջանի լրատվական դաշտի վրա: «Բացասականը այն է, որ հարեւան երկրների նկատմամբ լարվածությունը չի իջնում, եթե չի բարձրանում: Այն աշխարհաքաղաքական զարգացումները, որ առկա էին, չէին կարող չազդել նաեւ այն երկրների ներկայացուցիչների նկատմամբ հանրային վերաբերմունքի վրա, որն արտացոլվում է նաեւ լրատվամիջոցներում, չեմ ուզում ասել, որ այստեղ միտում կա, բայց աստիճանաբար միտում է դառնում»,- ասաց պարոն Նավասարդյանը:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031