Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մանկատան շրջանավարտները աշխատանք չլինելու պատճառով մարզերում հրաժարվում են բնակարան ստանալուց

Դեկտեմբեր 04,2014 15:05

2013 թվականին կառավարությունը մշակել է սոցիալական բնակարանների ապահովման նոր ծրագիր: Այս որոշմամբ բնակարաններ կարող են ստանալ մանկատան շրջանավարտները, առանց ծնողական խնամքի մնացած երեխաները, միայնակ չաշխատող կենսաթոշակառուները, միածնող ընտանիքները եւ սատարող ընտանիքները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Մեդիա Կենտրոնում» տեղեկացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը:

Աստղիկ Մինասյանը նշեց, որ բնակարանները ստանալու հաշվառման համար երկու նախապայման կա. «Կացարան ստացողը պետք է չունենա սեփականություն եւ վերջին հինգ տարվա ընթացքում անշարժ գույքի առք ու վաճառք կատարած չլինի»:

Բանախոսը, անդրադառնալով մանկատան շրջանավարտների բնակարանային հարցերին, տեղեկացրեց, որ արդեն բնակարաններ ստացողներ են եղել Մարալիկում, Գյումրիում, Սպիտակում: Երեւանում տրամադրվող բնակարանները գտնվում են Թբիլիսյան խճուղու վրա: Աստղիկ Մինասյանը, սակայն, նշեց, որ շրջանավարտները հրաժարվում են մարզերում բնակարաններ ստանալուց, քանի որ պատճառաբանում են, որ այնտեղ աշխատանք չկա եւ ցանկանում են աշխատել Երեւանում եւ այստեղ բնակվել:

Ներկայումս բնակարանները ստանալու համար հաշվառման հերթում առանց ծնողական խնամքի մնացած 109 երեխա եւ մանկատան 234 շրջանավարտ կա:

«Մեր տունը» ՀԿ-ի տնօրեն Տիգրանուհի Կարապետյանն էլ իր խոսքում ասաց, որ իրենց կազմակերպությունում արդեն 8 տարի է 3 շրջանավարտ աղջիկների հետ բնակության պայմանագիր է կնքվել. «Սակայն, որքա՞ն պետք է նրանք այդպես ապրեն, մեր կազմակերպությունը չի կարող 8 տարի պահել նրանց եւ հետո ասել գնա դեպի անորոշություն, եթե ինքը արդեն լավ բնակարան ունի, լավ կրթություն ունի»: Նրա խոսքով՝ աղջիկներին առաջարկել են Սպիտակում բնակարան, սակայն ինչպե՞ս նրանք պետք է Երեւանից գնան այնտեղ բնակվելու, եթե այստեղ են սովորում, աշխատում. «Դա իրենց որոշումն է, նրանք չափահաս են, ունեն իրավունք հասարակության մեջ ինտեգրվելու»:

Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Աննա Սաֆարյանն էլ ասուլիսին ներկայացրեց, որ իրենց գրասենյակը դիտարկումների արդյունքում եկել է եզրահանգման, որ պետությունը այնպիսի քաղաքականություն է վարում, որ մանկատան շրջանավարտներին բնակարան ապահովելով, կարծես թե լուծում է իր վրա դրված պարտականությունները. «Սակայն պետք է հաշվի առնենք նաեւ այն, որ այն բնակարանները, որոնք շրջանավարտները ստացել են, դրանցից ոչ բոլորն են եղել պիտանի նորմալ բնակության համար, չեն եղել նորմալ պայմաններ եւ դա ապացուցում է, որ պետությունը ուղղակի պարտականություն է կատարում»:

 Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031