Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կանանց մեծամասնությունը ամուսիններին գոհացնելու համար է դիմում պտղի սեռով պայմանավորված աբորտի

Դեկտեմբեր 04,2014 16:02

1990-ականներից ի վեր ՀՀ-ում շեղվել է նորածինների հարաբերակցությունը՝  բնական համարվող 102-106 տղա 100 աղջկա դիմաց հարաբերակցության փոխարեն ՝ 2012-ին այն կազմել է 114 տղա 100 աղջկա դիմաց: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի  կանխատեսումների համաձայն, եթե  պտղի  սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների  երևույթը շարունակվի՝ մինչև 2060-ը Հայաստանը կկորցնի գրեթե 93000 կին կամ ապագա մայր, տարեկան չծնված նորածին աղջիկների թիվը կհասնի 2000-ի, հետևաբար ՀՀ բնակչությունը կնվազի հավելյալ 80000 մարդով:

Հիմնախնդրի լուծմանն ուղղված «Լուսինե» կանանց ՀԿ-ն ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թիվ 156, 159, 153,151, 162 մանկապարտեզներում  ծնելիության տարիքի շուրջ 215  ծնողների համար անցկացնում է վերարտադրողական առողջության պահպանման և պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելման վերաբերյալ իրազեկության բարձրացման  դասընթացներ, ինտերակտիվ հանդիպումներ և թեմատիկ քննարկումներ: Վարչական շրջանն ընտրվել է, քանի որ համարվում է սոցիալապես առավել անապահով բնակչություն ունեցող: Յուրաքանչյուր մանկապարտեզում  կազմավորված 2-ական աշխատանքային խմբերի հետ համապատասխան դասընթացավարներն անցկացնում են քննարկումներ: Նշենք, որ այդ խմբերում ներգրավված են նաև   տարբեր ընտանիքների հայրեր, մայրեր, սկեսուրներ: Այնուհետև ներկայացվում է տեսաֆիլմ: Դասընթացների ընթացքում քննարկում են ՀՀ-ում պտղի սեռով պայմանավորված աբորտների հիմնախնդիրը,  անդրադարձ է կատարվում «գենդեր» և  «սեռ» հասկացություններին, ներկայացվում աբորտների վտանգավորությունը կնոջ առողջության համար:

Պտղի սեռով պայմանավորված` հղիության արհեստական ընդհատումների  պատճառներից են ավանդական կարծրատիպերը` կապված տղա երեխա ունենալու նախընտրությամբ, ընտանիքների սոցիալապես անապահով վիճակը, գործող օրենքների անկատարությունը և այլն: Հարցին` արդյոք նշված կարծրատիպերը չէի՞ն խանգարում երիտասարդ կանանց անկաշկանդ մասնակցել քննարկումներին, «Լուսինե» կանանց ՀԿ նախագահ Անահիտ Մնացականյանը պատասխանեց. «Սկզբում փոքր-ինչ կաշկանդվում էինք, երբեմն զարմանում, որ նման խնդիր գոյություն ունի, սկսում հակաճառել, հակափաստարկներ բերում` իրենց շրջապատից օրինակների հիման վրա: Բայց արդեն, երբ խորամուխ էին լինում քննարկման մեջ, դիտում տեսաֆիլմ, իրենք էին արդեն մտահոգություններ հայտնում»: Երիտասարդ կանանց մեծամասնությունը նշել է, թե հիմնականում իրենց ամուսիններին գոհացնելու պատճառով են դիմում պտղի սեռով պայմանավորված` հղիության արհեստական ընդհատումների, շատերը հավաստիացնում են, որ այդ քայլին գնում  են ոչ իրենց ցանկությամբ, այլ ընտանիքի ճնշմամբ: Անահիտ Մնացականյանը նշեց, որ մասնագետները խնդրի լուծման հարցում նախապատվությունը տալիս են իրազեկման աշխատանքների անցկացմանը, այնուհետև եզրափակեց. «Պետությունը ևս պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկի, որպեսզի ներդրվի մի մեխանիզմ, համապատասխան որի կինը հնարավորություն ունենա իմանալ երեխայի սեռը միայն այն ժամանակ, երբ ինքը չի կարող ընդհատել հղիությունը»:

Դասընթացի մասնակիցներն իրենց երևակայությամբ պատրաստել են նաև «Մի սպանիր»,«Երեխան՝ երեխա է, տղա, թե աղջիկ», «Թող, որ ծնվեմ» խորագրով պաստառները:  Դրանք փակցվել են մանկապարտեզներում:

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031