Կառավարության նիստից հետո, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանից Aravot.am-ը հետաքրքրվեց` վերջին շրջանում համատարած գնաճն ինչպե՞ս է անդրադառնում դեղերի շուկայի վրա. դեղատներում դեղերի որոշակի թանկացում է նկատվել, դեղատներում նաեւ վստահեցնում են, որ մատակարարները զգուշացրել են` հաջորդ խմբաքանակն արդեն 20-30%-ով թանկ են տրամադրելու:
Ըստ Արմեն Մուրադյանի` «Դեղերի շուկայում գնաճի փոփոխություններ ներկայումս չկան: Խոսել հեռանկարների մասին` ի՞նչ կարող է լինել, կարծում եմ անշնորհակալ գործ է: Ամեն դեպքում տարադրամի հետ կապված բոլոր խնդիրները, եւ այն ապրանքները, որ ներմուծման հետ են կապված, այդ խնդիրը կա: Մենք վարում ենք բանակցություններ դեղ ներմուծողների հետ, որ հնարավորինս զսպեն գնաճը հիմնական դեղորայքի»:
Հարցին էլ` վերջին թանկացումները կարո՞ղ են ազդել առողջապահական ծառայությունների գների վրա, պարոն Մուրադյանն ասաց. «Առողջապահական ծառայությունները սոցիալական ապրանք են, եւ հսկողության տակ են, փոփոխությունները կարող են լինել միայն եւ միայն խիստ հիմնավորված, նման հիմքեր առայժմ չկան»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ