Հայաստանի ամերիկյան համալսարանում այսօր մեկնարկեց Որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) կազմակերպած «Որակի մշակույթի ամրապնդումը ՀՀ մասնագիտական կրթական համակարգում. որակավորումների ճանաչման ապահովումը» շահակիցների երրորդ համաժողովը:
Հայաստանյան և միջազգային փորձագետների մասնակցությամբ ընթացող երկօրյա համաժողովի նպատակն է ներկայացնել և քննարկել անցումային շրջանում իրականացված ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացների փորձը և ընդհանրացված արդյունքները, հավատարմագրման հանձնաժողովի կողմից որոշումների կայացման մոտեցումը, հավատարմագրման գործընթացների արդյունքում վերհանված միջազգայնացման և հետազոտության իրականացման խնդիրները, ինչպես նաև անցումը ծրագրային հավատարմագրման գործընթացին:
ՈԱԱԿ-ի տնօրեն Ռուբեն Թոփչյանը վստահեցնում է, որ արդեն ավանդական դարձած այս համաժողովները նկատելի արդյունք են տալիս. «Նախորդ տարի, օրինակ, բուհերից շատերն անգամ լիարժեք գիտելիքներ չունեին հավատարմագրման մասին: Իսկ այսօրվա դրությամբ արդեն 15 բուհեր (նախորդ տարվա 10-ի փոխարեն) հավատարմագրվել են և ունեն իրենց խնդիրների շտկման պլանը»,- ասում է ՈԱԱԿ-ի տնօրենը:
Պարոն Թոփչյանի փոխանցմամբ՝ այս համաժողովին մասնակցող միջազգային փորձագետների կողմից հիմնական դիտողությունները երկուսն են. «Մենք ուսանողներին բակալավրիատում վատ չենք սովորեցնում: Ծրագրերը, ընդհանուր առմամբ, այնքան էլ վատը չեն, բայց մագիստրատուրայում ուսանողները չեն մասնակցում հետազոտական աշխատանքների, այսինքն՝ նրանք հետազոտող չեն դառնում, իսկ եթե մարդը հետազոտող չէ, նշանակում է՝ նա իր աշխատավայրում կունենա ընդամենը գիտելիք, իսկ թե ինչպես պիտի կիրառել դա, նա չգիտի: Ստացվում է, որ մագիստրոսը մնում է բակալավր, ուղղակի մեկ-երկու նոր բան է սովորում մագիստրատուրայում: Ընդամենը»,- ասաց Ռ. Թոփչյանը՝ ընդգծելով, որ այդ դիտողությունը եղել է գրեթե բոլոր բուհերի հետ կապված, այդ թվում՝ Երևանի պետական և Բժշկական համալսարանների:
Կարդացեք նաև
«Երկրորդ դիտողությունը ծրագրերին է վերաբերում: Այսինքն՝ թե մեր ծրագրերը որքանով են համահունչ այլ երկրների ծրագրերին, որովհետև գուցե մեր ուսանողն ավարտելուց հետո ուզում է գնալ դրսում աշխատելու, կամ այնտեղի ուսանողն է ուզում գալ այստեղ սովորելու: Եթե մենք դա չենք ապահովում, ինքնըստինքյան դառնում ենք փակ համակարգ»,- ասում է Ռ. Թոփչյանը:
Տեղեկացնենք, որ համաժողովը վաղը կքննարկի ծրագրային հավատարմագրման մոտեցումներն ու խնդիրները, կներկայացնի ծրագրային հավատարմագրման ՈԱԱԿ-ի փորձը, ծրագրային հավատարմագրման կազմակերպման առանձնահատկությունները, ինստիտուցիոնալ որակի ապահովումը կրթական ծրագրի վերլուծության միջոցով, ինչպես նաև ծրագրային հավատարմագրման ֆինանսական քաղաքականությունը:
Այնուհետև արտասահմանյան փորձագետները կներկայացնեն ծրագրային հավատարմագրման գործընթացում ինքնավերլուծության արդյունավետ իրականացման միջազգային փորձը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ