Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաչիկյանի գործով» դատավորը խորհրդակցական սենյակում է՝ վճիռ կայացնելու համար (Տեսանյութ) 

Դեկտեմբեր 04,2014 14:37

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում լսվեց Վազգեն Խաչիկյանի եւ 12 ամբաստանյալների վերջին խոսքը:

Հրանուշ Դանիելյանը իրեն մեղավոր չճանաչեց, ասելով, որ երբեք իրեն մեղավոր չի զգացել:

Համլետ Մարտիրոսյանն ասաց, որ երկու տարի առաջ իրեն մեղադրել են 24 կենսաթոշակառուների ցուցակները ստորագրելու համար, սակայն խոսքը այն ցուցակների մասին է, որ Շենգավիթի սոցիալական ծառայությունում իրենք հրաժարվել են ստորագրել, իսկ սոցիալական ծառայության պետը պատռել է այդ ցուցակները: Նա ասաց, որ 20 մլն դրամ է մուծել եւ հավատում է, որ դատարանը իր նկատմամբ արդարացի պատիժ կկիրառի:

Արթուր Սուքիասյանը իրեն մեղավոր է ճանաչել եւ խնդրեց դատարանից մեղմ պատիժ:

Իսկ Սարգիս Սարգսյանը իրեն մեղավոր էր ճանաչել մասնակի եւ դատարանից նույնպես խնդրեց մեղմ պատիժ:

Հովհաննես Հովհաննիսյանն ասաց, որ միանում է իր պաշտպանի հնչեցրած պաշտպանական ճառին եւ ավելացնելու ոչինչ չունի:

Սամվել Էլբակյանն ասաց, որ իրեն մեղադրում են յուրացման մեջ, մինչդեռ ինքը յուրացում չի արել, այլ կանխել է յուրացումը, այն է՝ պատռել է այն ցուցակները, որոնք սոցիալական ծառայության վերնախավը ուղարկել էր ստորագրելու նպատակով:

Արմեն Խաչատրյանը իր վերջին խոսքում դատարանից խնդրեց, որպեսզի կիրառվի վաղեմության ժամկետ, հայտնեց, որ 2,5 մլն դրամ հարազատները դեռ 2012թ. սեպտեմբերի 7-ին վճարել են պետբյուջե, իսկ մի անդորրագիր էլ՝ 1 մլն 200 հազարի չափով, փոխանցվեց դատարանին:

Բագրատ Մուրադյանը խնդրեց, որ իր նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվի: Նա արդարացման դատավճիռ էր ակնկալում, իսկ դատարանին էլ ներկայացրեց 8 մլն 305 հազար դրամի անդորրագիր:

Վահագն Խաչատրյանը իր վերջին խոսքում ասաց, որ բարեխիղճ կատարել է աշխատանքները՝ չնայած ծանր հիվանդությանը՝ շաքարախտով տառապելուն, պետությանը 7 մլրդ դրամի օգուտ է տվել: Նա համաձայն չէր, որ համապարտությամբ բոլորի վրա դրվի 130 մլն դրամ գումարը, որը ինքը չի յուրացրել եւ որը համապատասխան չէ իր աշխատանքին: Նա ասաց, որ 2 տարի 3 ամիս նստել է եւ խնդրեց իր նկատմամբ համաներում կիրառել:

Վիգեն Գեւորգյանը հարցրեց, թե ինչու պետք է 90 մլն դրամը բոլորի վրա դրվի: Նա ասաց, որ այստեղ որեւէ մեկին հանցավոր խմբի անդամ չի համարում, խնդրեց արդարացի դատավճիռ եւ եթե «պատիժ»՝ ապա դատարանի դահլիճից ազատելով:

Աշոտ Աբրահամյանը, Հովհաննես Գրիգորյանը հրաժարվեցին վերջին խոսքից, իսկ Վազգեն Խաչիկյանը, որի վերջին խոսքը տեւեց 11 րոպե, ասաց, թե կարող է շատ հարցերի պատասխանել, բայց այստեղ մամուլի ասուլիս չէ, ասաց, որ ինքը հանրապետությունից դուրս է գտնվել, երբ այս գործը հարուցել են եւ կարող էր մնալ արտերկրում, սակայն իր պարտքն է կատարել ներկա գտնվել Հայաստանում: Նա ասաց, որ պատրաստ է կրելու իր պատիժը, որը սահմանված է օրենքով:

Դեկտեմբերի 8-ին, ժամը 12-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը կհրապարակի դատավճիռը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031