«Եթե իշխանությունը մենք լինեինք, մենք երկակի խաղ չէինք խաղա Արևմուտքի և Ռուսաստանի միջև»,-այսօր ՀՀ ԱԺ-ում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Մինչ պարոն Զուրաբյանի ելույթը ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, նկատի ունենալով այն, որ մի քանի րոպե է մնացել ընդմիջման մեկնարկին, հումոր արեց. «Ինչո՞ւ է միշտ էս վերջին մասերը Ձեզ հասնում»:
Շարունակելով իշխանություն լինելու դեպքում իրենց գործողությունների շղթան` պարոն Զուրաբյանն ասաց, թե չէին ընդգրկվի երեք տարվա բանակցությունների մեջ, հետո մեկ օրում ջուրը գցեին` կորցնելով և՛ Արևմուտքի, և՛ ՌԴ-ի հարգանքն ու վստահությունը:
Հետո էլ հավելեց. «Ժողովրդից չէինք թաքցնի բոլոր բանակցությունների ընթացքը և դրանք կկառուցեինք եռակողմ ձևաչափով` Բրյուսելի և Մոսկվայի միջև մաքոքային դիվանագիտության միջոցով, ՌԴ-ի և Արևմուտքի շահերի ներդաշնակեցմամբ»:
Կարդացեք նաև
Այնուհետև Լևոն Զուրաբյանն ահազանգեց նաև, թե աշխարհաքաղաքական գործընթացները ՀՀ-ի և Ղարաբաղի համար վտանգավոր իրավիճակ են ստեղծել:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ