ԱԺ-ն շարունակում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014-ի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի վավերացման հարցը:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ԱԺ ամբիոնից խորհուրդ տվեց աշխարհաքաղաքական միջավայրին «հրեշտակային կամ սատանայական հատկություններ» չվերագրել ու շեշտեց. «Եվրամիությունը նախաձեռնել է Արևելյան գործընկերության ծրագիրը, որը ՌԴ-ն դիտարկում է իր ազգային շահերի դեմ միտված նախաձեռնություն և հանդես գալիս հակառակ նախաձեռնությամբ: Ուստի որքան էլ պետության առաջին դեմքերը հայտարարեն, որ ԵՏՄ-ն տնտեսական կառույց է, սա, նախ և առաջ, աշխարհաքաղաքական նախաձեռնություն է, և մենք ամեն ինչ պիտի անենք, որ այս երկու կարևոր ուժերի բաժանման արդյունքում նրանց շահերի կիզակետում չհայտնվենք և չընդունենք հարված»:
Մինչ հանդես կգար ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, թե ինքն ամենից շատն է ցանկանում, որ ելույթները կարճ լինեն, քանի որ բյուջեի քննարկում էլ ունեն: Ու նկատեց, թե ելույթներում անընդհատ նույն բաներն են կրկնում:
Լևոն Մարտիրոսյանը շեշտեց, թե «Լավ կլիներ, որ մանևրելու մեծ հնարավորություն ունենայինք, ասենք Լյուքսեմբուրգի տեղում լինեինք, հայտնի երգի բառերի պես ապրուստը ձրի լիներ, խանութները լի լինեին, ամեն օր ուրբաթ և կյանքը հեքիաթ լիներ, բայց այսպես չէ: Մենք այս տարածաշրջանում ենք ապրում, հարևանները այսպիսին են և շաղկապված ենք ՌԴ հետ բազում տնտեսական և այլ կապերով, և մեր երկրի ղեկավարությունն էլ նման որոշում է կայացրել»:
Կարդացեք նաև
Այնուհետև պատգամավորը հայտարարեց. «Ինձնից եվրոպամետ մարդ ՀՀ-ում չեմ ճանաչում և կրթությամբ, և կենսափորձով ու արժեքներով: Շատ վտանգավոր, մոդայիկ մի բան է դարձել, ստեղծվել են խմբեր, որոնք ՌԴ մասին արդեն ատելությամբ են խոսում, իբր ՌԴ-ն մեզնից ամեն բան խլել է, մենք ստրուկներ ենք դարձել և այլն»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ