Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ներսես Երիցյան. ԿԲ գնահատմամբ և կանխատեսումներով՝ գների կայունության հետ կապված զգալի ռիսկեր այս պահին չկան

Դեկտեմբեր 04,2014 12:12

Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականով Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանն անդրադարձավ փոխարժեքի շուկայում տեղի ունեցող զարգացումներին: Նա նշեց, որ վերջին շրջանում տարածաշրջանի և միջազգային շուկայում տեղի ունեցած զարգացումները, այդ թվում՝ արժութային շուկայի մեծ տատանումները նպաստել են ներքին արժութային շուկայում դրամի արժեզրկմանը և ձևավորված որոշակի սպասումների ներքո հանգեցրել են նաև փոխարժեքի տատանողականության աճին:

«Ցավոք սրտի, ձևավորված սպասումները այդուհանդերձ որոշակի մտավախությունների տեղիք են տվել, որովհետև նաև ճշգրտում է ապրել փոխարժեքը: Մեր վերջին հայտարարություններն ուղղված էին սպեկուլյացիաներից և անհարկի փոխարկումներից զերծ պահելուն, քանի որ փոխարժեքի նման տատանողականության վարքագծի պայմաններում դրանք իրենց մեջ կրում են բարձր ռիսկեր և չմասնագիտացված անձանց մոտ ակնկալվող օգուտի փոխարեն կարող են հանգեցնել նաև զգալի վնասների»,- ասաց նա:

Ներսես Երիցյանը հավատացրեց, որ ԿԲ-ն ամենայն պատասխանատվությամբ է վերաբերվում իր գործառույթներին, որպեսզի կայունացնի իրավիճակը: Գործի են դրել իրենց տրամադրության տակ եղած բոլոր գործիքները, որպեսզի կարողանան տատանողականությունը հաղթահարել: «Բայց այն, ինչը դրսի շոկով է պայմանավորված, այդ ճշգրտումները բնականաբար պետք է իրենց տեղը գտնեն: Կենտրոնական բանկի պահուստները լիովին բավարար են՝ կանխելու փոխարժեքի բոլոր տեսակի արհեստական տատանումները և ապահովելու ֆինանսական կայունությունը: Մեր պահուստները համարժեք են շրջանառության մեջ գտնվող կանխիկ դրամին: Այդ իմաստով որևիցե խնդիր չենք տեսնում»,- ասաց նա:

Բացի այդ, Երիցյանի խոսքով, քանի որ բանկային համակարգի հետ կապված տարբեր մտահոգություններ կան, ԿԲ-ն ուզում է հավատացնել, որ բանկային համակարգի կայունությունը նույնպես ապահովված է, երաշխավորված է կապիտալի բարձր մակարդակով: Բանկերի մեծ ակտիվներն ու պարտավորություններն արդեն իսկ դոլարով են, բանկերն ունեն շատ մեծ դոլարային իրացվելիություն՝ և կանխիկ, և անկանխիկ, ինչը նույնպես համարժեք է շրջանառության մեջ գտնվող կանխիկին: «Այդ իմաստով բանկերը պետք է ի վիճակի լինեն սպասարկելու մեր քաղաքացիների պահանջները»,- ասաց նա:

Ներսես Երիցյանը նշեց, որ ուզում է նաև շեշտել, որ ԿԲ գնահատմամբ և կանխատեսումներով՝ գների կայունության հետ կապված նույնպես զգալի ռիսկեր այս պահին չկան: Գնաճի ցուցանիշը 2014-15 թվականներին կգտնվի նպատակային ցուցանիշի շուրջ՝ տատանումների թույլատրելի միջակայքում՝ 4 պլյուս-մինուս 1.5 տոկոս: «Այս տարի կլինի 4 տոկոսի սահմաններում, եկող տարի՝ 4 պլյուս-մինուս 1.5 տոկոսի սահմաններում՝ հաշվի առած բոլոր վերջին զարգացումները արտարժութային շուկայում»,- ասաց նա:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին հանձնարարեց կառավարության հաջորդ նիստին ներկայացնել ապրանքների գնաճի վերաբերյալ տեղեկատվությունը: «Ներկայացրել են մեկ անգամ, ես ծանոթ եմ՝ մոտ 5 տոկոսի շրջանակներում կար գնաճ, բայց նաև հասարակության մեջ կա այնպիսի կարծիք, խոսակցություններ, որ դա 10 տոկոս, 15 տոկոս է: Որպեսզի նաև փարատենք այդ կասկածները, խոսակցությունները, ես խնդրում եմ կառավարության հաջորդ նիստին ներկայացնեք այս 10 օրվա ապրանքների գնաճը»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031