Լրահոս
Օրվա լրահոսը

Փոլ Գոբլ. «Ռուսաստանը երբեք չի կարողացել վերահսկել Հյուսիսային Կովկասը». «168 ժամ»

Դեկտեմբեր 04,2014 11:42

Ամերիկացի հայտնի քաղաքական վերլուծաբան Փոլ Գոբլն այժմ պրոֆեսոր է Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտում։ 1990-ական թթ. ԱՄՆ-ի Պետքարտուղարությունում զբաղեցրել է հատուկ խորհրդականի պաշտոնը։ Հենց այդ ժամանակ, երբ պատերազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում նոր-նոր թափ էին առնում, և հայկական ուժերը դեռ չէին էլ ազատագրել Շուշին և Լաչինը, Գոբլը գրեց մի հոդված, որը հետագայում հայտնի դարձավ «Գոբլի ծրագիր» անվանումով։ Նա առաջարկում էր հարցը լուծել «տարածքային առևտրի» ճանապարհով, մասնավորապես՝ Մեղրին հանձնել Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի և Լաչինի տարածքների դիմաց։ Այս տարբերակը խիստ բացասական գնահատականի արժանացավ հայ հանրության կողմից։ Հայ քաղաքական գործիչները և դիվանագետները մինչ օրս հիշում են այդ ծրագիրը՝ որպես դարաբաղյան հիմնահարցի լուծման ամենաանընդունելի տարբերակ։

«168 ժամի» հետ հարցազրույցում խոսելով սրա մասին՝ Փոլ Գոբլը հայտարարեց, որ իր կարծիքով՝ «Գոբլի ծրագիրն» այլևս տեղ չունի հակամարտության կարգավորման գործընթացում, բայց ինքը մնում է այն համոզման, որ «այն ժամանակ դա լավ գաղափար էր, և կարող էր կասեցնել արյունահեղությունը»։

 – Ղարաբաղյան հակամարտությունը տարածքների փոխանակման սկզբունքի հիման վրա լուծելու գաղափարը հետագայում դրվել է բանակցությունների սեղանին Քի Ուեսթում (2001 թ.), և այն ժամանակ Հայաստանի նախագահ

Ռոբերտ Քոչարյանը և Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը տվել են իրենց նախնական համաձայնությունը, սակայն հետագայում պայմանագիրը չի ստորագրվել։ Որքանո՞վ էր Քի Ուեսթի փաստաթուղթը համահունչ  Ձեր  առաջարկած ծրագրին, և ինչո՞ւ այն տապալվեց։

– Քի Ուեսթի գագաթաժողովում կողմերն ավելի  մոտ էին  հակամարտության    կարգավորմանը, քան երբևէ։ Որքան ես հասկանում եմ, սեղանին դրված փաստաթղթի կետերից շատերը չափազանց մոտ էին այն տարբերակին, որ ես էի առաջարկել մինչ այդ։ Երկու կողմերը շատ մոտ էին խնդրի լուծմանը, որովհետև և՛ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, և՛ նախագահ Հեյդար Ալիևը միաժամանակ ավելի բարձր դասեցին նվիրվածությունն իրենց ժողովուրդներին, քան սեփական իշխանությունը, եւ, եթե չլիներ արտաքին միջամտությունը, հնարավոր կլիներ հասնել վերջնական համաձայնության:

Ցավոք սրտի, արտաքին ուժերը, առաջին հերթին՝ Մոսկվան, չցանկացան, որ խնդիրը լուծվի, որովհետև Ռուսաստանի կառավարությունը հասկացավ, որ այդ դեպքում ինքը կկորցնի իր գլխավոր լծակը Հարավային Կովկասի վրա և կբախվի տարածաշրջանում իր ազդեցությունը կորցնելու վտանգին։

Ես չեմ կարող գերագնահատել Ռուսաստանի բացասական դերակատարությունը։ Թեև շատերը Հայաստանում և Ադրբեջանում արդեն մոռացել են, բայց պետք է հիշեցնեմ, որ Ռուսաստանը երբեք չի կարողացել վերահսկել Հյուսիսային Կովկասը, քանի դեռ չի վերահսկել Հարավը՝ ո՛չ ցարերը, ոչ խորհրդային, ո՛չ էլ ներկայիս իշխանությունները։ Հետևաբար, Մոսկվան, հանուն Հյուսիսային Կովկասում իր իշխանությունը պահելու, կշարունակի ամրապնդել իր դիրքերը Հարավում՝ ժողովուրդներին հանելով իրար դեմ։ Եվ Մոսկվան դա կանի, որովհետև նա ուզում է միջանցք ունենալ դեպի Իրան ու Պարսից Ծոց և պահպանել պատը Կենտրոնական Ասիայի և Արևմուտքի միջև։

Եվ, ինչպես մի քանի տարի առաջ նկատել է Բաքվի մի իմաստուն դիտորդ, Հարավային Կովկասում Վրաստանը Մոսկվայի համար ճանապարհ է, Հայաստանը՝ գործիք, իսկ Ադրբեջանը՝ մրցանակ։ Շատ հայեր մինչ օրս կարծում են, թե նրանք, Ռուսաստանից բացի, ուրիշ ոչ մի բարեկամ չունեն աշխարհում։ Ավելի սխալ կարծիք դժվար է պատկերացնել՝ թե՛ բարեկամների բացակայության, թե՛ Ռուսաստանի օգնության իմաստով:

Արամ ՍԱՐԳՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031