Մինչ ԿԲ-ն կարծես որոշ քայլեր է փորձում անել շուկան հանգստացնելու ուղղությամբ, այնուհանդերձ այն շարունակում է պահպանել բարձր լարվածությունը։ Վերջին օրերի դրսեւորումները վկայում են, որ եթե անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվեն շուկան կայունացնելու ուղղությամբ, ապա ամեն պահի այն կարող է դուրս գալ վերահսկողությունից։ Մի բան, որ հղի է չափազանց տխուր հետեւանքներով։
Պատահական չէ, որ անցած օրերի դրսեւորումներից հետո արժութային շուկայի անորոշություններն ու անկայունությունն աստիճանաբար տեղափոխվում են ֆինանսական ամբողջ համակարգ։ Բանկերը սկսել են չափազանց մեծ զգուշավորություն ցուցաբերել վարկերի տրամադրման հարցում. թեեւ արտաքուստ չեն հրաժարվել վարկային գործիքից, այնուհանդերձ փորձում են հնարավորինս զերծ մնալ նման քայլերից։
Արժութային շուկայի ներկա անկայունության պայմաններում բանկերի քայլերն անշուշտ հասկանալի են։ Ազգային արժույթի արժեզրկումը եւ բարձր տատանողականությունը մեծացրել է տարադրամային վարկերի ռիսկայնությունը։ Բանկերը մտավախություն ունեն, որ հետագայում դրանց վերադարձման հետ կապված կարող են կանգնել լուրջ խնդիրների առջեւ։ Այնպես, ինչպես եղավ 2009թ. ճգնաժամի շրջանում, երբ ստիպված եղան բազմաթիվ վարկեր վերաձեւակերպել։
Արժութային շուկայի անկայունությունն ու նման բարձր տատանողականությունը վտանգավոր է նաեւ տնտեսության իրական հատվածի համար։ Այն եւս հայտնվել է լուրջ անորոշությունների եւ սպասումների մեջ։ Տարեսկզբին տնտեսավարողները ծրագրել էին իրենց գործունեությունը ծավալել բոլորովին այլ փոխարժեքների պայմաններում, հիմա արդեն կանգնած են այլ իրողությունների առջեւ։ Լուրջ խնդիրներ կարող են ծագել հատկապես տարադրամային վարկեր ներգրաված ընկերությունների համար։
Այս պայմաններում բնականաբար չի կարող խոսք լինել նաեւ ներդրումային ծրագրերի իրականացման մասին, եթե իհարկե դրանք կան։
Կարդացեք նաև
Որքան երկար տեւի արժութային շուկայի այս անկայունությունը, այնքան դրա հետեւանքները ֆինանսական համակարգում, հասարակության վրա ու տնտեսության մեջ մեծ կլինի։ Ուստի Կենտրոնական բանկի խնդիրն է միջոցներ ձեռնարկել վիճակը հնարավորինս կայունացնելու համար։
Վասակ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում