«Ժողովուրդ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել դեկտեմբերի 1-ի երեկոյան՝ ժամը 22.00-ի սահմաններում, «Նուբարաշենի» հոգեբուժարանում ինքնասպանության փորձ կատարած Դավիթ Մարկոսյանից։ Պարզվում է՝ վերջինս 2013թ. նոյեմբերի 2-ին Կանազի հոսպիտալի ծեծի գործով անցնող մեղադրյալներից մեկն է։
Եվ այսպես՝ կալանավոր Դավիթ Մարկոսյանին «Նուբարաշենի» հոգեբուժարանում դատաբժշկական փորձաքննության են ենթարկել՝ հասկանալու համար, թե ինչ խնդիրներ ունի նա։ Փորձաքննության արդյունքներից հետո հայտնի էր դարձել, որ Դավիթն առողջական խնդիր չունի։ Ու երբ ցանկացել էին նրան տեղափոխել քրեակատարողական հիմնարկ, հրաժարվել էր՝ հայտարարելով, որ ինքը հիվանդ է եւ կվնասի իրեն, եթե նման բան անեն։ Համազգեստավոր կարգավարները լուրջ չէին ընդունել նրա հնչեցրած «սպառնալիքը», ինչի արդյունքում հոգեբուժարանում լուրջ իրարանցում էր սկսվել, կալանավորը փորձել էր կտրել երակները, ջարդուփշուր էր արել հոգեբուժարանի գույքը։
Հոգեբուժարանի աշխատակիցները ստիպված էին եղել զանգահարել ոստիկանություն։ Այդ ընթացքում Դավիթն արյունոտ ձեռքերով այս ու այն կողմ էր վազել։
Ավելի ուշ դեպքի վայր ժամանած ոստիկանները եւ հիվանդանոցի աշխատակազմը շուրջ 1 ժամ հետո էին միայն կարողացել մեկուսացնել Դավիթ Մարկոսյանին եւ հանդարտեցնել հոգեբուժարանում տիրող լարված իրավիճակը։
Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում