Ինչպե՞ս է պատահում, որ նրբերշիկը հայտնվում է մանկապարտեզներում ու երեխաների կերակրացանկում՝ չնայած այն բանի, որ ՀՀ առողջապահության նախարարի N 42-Ն հրամանի համաձայն, նախադպրոցական ուսումնական հաստատություններում երշիկեղենն անթույլատրելի համարվող սննդամթերքի շարքում է:
Ո՞վ է պարտավոր վերահսկողություն իրականացնել՝ մանուկների առողջության համար վտանգ ներկայացնող սննդատեսակների մատակարարումը թույլ չտալու համար։
Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում, ինչպես արդեն պաշտոնապես հաստատվել է, օրեր առաջ երեխաներին նրբերշիկ է տրվել, ինչն էլ, շատ հնարավոր է, եղել է զանգվածային թունավորումների պատճառը։
Իսկ նախակրթական այս հաստատությունը միակը չէ, որտեղ աչք են փակում առողջապահության նախարարի հրամանով սննդի կազմակերպմանը ներկայացվող պահանջների վրա։
Կարդացեք նաև
Երեկ, երբ Եղվարդի մանկապարտեզի տնօրեն Մարիետա Մանուկյանից փորձեցինք պարզել, թե արգելված նրբերշիկն ինչպես հայտնվեց մանկապարտեզում, նա չցանկացավ ոչինչ պատասխանել։
Իսկ Եղվարդի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Վարդան Մուրադխանյանը հարցին այսպես արձագանքեց. «Ընդհանրապես մանկապարտեզի սննդի մատակարարները մեզ մոտ չորսն են, որոնք շահել են մրցույթը՝ օրենքով սահմանված կարգով։ Մանկապարտեզը ինքը հանդիսանում է պատվիրատու։ Այսինքն՝ ինքնուրույն, ըստ օրենքի կազմակերպում է սեփական մրցույթը՝ իր կարիքների համար։ Ձեւավորում է հայտը մրցույթի, ձեւավորում է ցանկը սննդի։ Մանկապարտեզն իրավաբանական անձ է, համայնքային ոչ առեւտրային կազմակերպություն եւ օրենքով սահմանված կարգով սեփական հանձնաժողովով կազմակերպում է մրցույթը, ընտրում հաղթող ճանաչված մասնակցին եւ նրա հետ կնքում պայմանագիր»:
Աննա ԶԱԽԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում