Հատվածներ «Ժառանգություն» կուսակցության ցուցակով պատգամավոր դարձած Ալեքսանդր Արզումանյանի հարցազրույցից;
– Պարո՛ն Արզումանյան, ինչո՞վ է պայմանավորված Ձեր անկախ դիրքորոշումը, որ Փոստանջյանից բացի մեկ էլ Դուք միացաք Փաշինյանի հայտարարած նախաձեռնությանը՝ պաշտոնանկ անելու Սերժ Սարգսյանին։
– Ես ընդամենը ստորագրել եմ ձեւաթուղթը, որով Նիկոլ Փաշինյանն արտահերթ նիստ է պահանջել։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր պատգամավոր իրավունք ունի ցանկացած հարց առաջ քաշելու, եւ ես պարտավոր եմ, ընդդիմադիր լինելով, մանավանդ, երբ ընդդիմադիր դիրքերից է հարց առաջ քաշվում, քննարկել եւ հնարավորություն տալ բոլոր հարցերն ավելի բաց մթնոլորտում քննարկել։ Դա չի նշանակում, սակայն, որ ես կոնկրետ առաջարկված նախագծին եմ ամբողջությամբ հավանություն տվել։
– Այսինքն՝ Ձեր այդ քայլն ավելի շատ բարոյակա՞ն հարթությունում էր՝ ընդդիմադիր գործչի պարտքի զգացումից բխող։
Կարդացեք նաև
– Իհարկե, ես, որպես ընդդիմադիր, պարտավոր եմ ընդդիմադիր գործողություններին աջակցել։
– Այդ դեպքում եռյակին ու դրա մասը կազմող ուժերին ինչո՞ւ չեք միանում։
– Էդ ուժերն իրենք իրենց դեռեւս ընդդիմադիր չեն հռչակում, դրա համար։
– Բայց չէ՞ որ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» գոնե հստակ ընդդիմադիրներ են։
– Դե հիմա չի կարող մասամբ ընդդիմադիր լինել մի միավորում։ Միավորումը կա՛մ ընդդիմադիր է, կա՛մ ոչ։ Դրա համար էլ իրենք ընտրել են հեղհեղուկ ձեւակերպում՝ ոչ իշխանական, ինչն ինձ համար, թերեւս, անընդունելի է։
– Այսինքն՝ հեղհեղուկը Ձեզ համար այլընտրանքային ԲՀԿ-ի առկայությո՞ւնն է այդ միավորման մեջ։ Եթե ԲՀԿ-ն չլիներ, ՀԱԿ-ին ու «Ժառանգությանը», որ ակնհայտ ընդդիմադիր են, կմիանայի՞ք։
– Չէ, չեմ կարող ասել, դժվար է, որովհետեւ մենք այսօր ունենք կարեւորագույն, ճակատագրական, բախտորոշ հարց, որը քննարկվում է Ազգային ժողովում, դա Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու պայմանագիրն է։ Հիմա էդ հարցում մարդկանց մոտեցումն ինձ համար կարեւոր է՝ հասկանալու համար, թե մենք ուզո՞ւմ ենք շարունակել Հայաստանը տեսնել որպես անկախ պետություն, թե՞ մենք Հայաստանը պատկերացնում ենք սրա կամ նրա մաս։ Էդ առումով ինձ չի հետաքրքրում՝ ով է իրեն հռչակում ընդդիմադիր կամ ինչ, ես ունեմ սկզբունքներ, եւ էդ սկզբունքներին հակասում է այն, որ ուժը, որը համաձայն է, որ Հայաստանը 23 տարի անց վերադառնա Խորհրդային Միության ինչ-որ ռեինկարնացիայի կազմի մեջ, դա ինձ համար մտահոգիչ է։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում