Արդեն 4-րդ օրն է, ինչ Հայաստանի Ազգային Ժողովը քննարկում է ԵՏՄ-ի մասին պայմանագրին մեր անդամակցության հարցը: Այս ընթացքում աչքի են ընկել ԱԺ ամբիոնից հնչեցրած և իրականությանը չհամապատասխանող մի շարք տեղեկություններ: Առանձին-առանձին անդրադառնանք առավել ուշագրավներին:
Ռուսաստան արտահանողները տուժում են
Պատասխանելով պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հարցին, էկոնոմիկայի փոխնախարար Սուրեն Կարայանը հայտարարեց, որ ԵՏՄ-ին մեր անդամակցության արդյունքում կվերացվեն բոլոր սակագնային և ոչ սակագնային կարգավորումները (ներքին շուկայի), ինչի արդյունքում արտահանողների ապրանքի ինքնարժեքը 7-15 տոկոսով կնվազի:
Սակայն, մենք և ԵՏՄ անդամ երկրները արդեն վաղուց ԱՊՀ ազատ առևտրի գոտու տարածքում ենք, ուստի սակագնային կարգավորումների մասին խոսք լինել չի կարող, դրանք վաղուց չկան: Իսկ ահա ոչ սակագնային կարգավորումները, սովորաբար, ապրանքի ինքնարժեքը նվազեցնում են առավելագույնը 2-3 տոկոսով:
Կարդացեք նաև
Այսինքն, ԵՏՄ շուկայում, անդամակցության արդյունքում մեր ապրանքների մրցունակությունը կավելանա մինչև 3 տոկոս: Իսկ եթե հաշվի առնենք ռուբլու արժեզրկումը, ապա մեր արտադրողները ՌԴ շուկայում ունենում են մինչև 30 տոկոս մրցունակության կորուստ և ընթացիկ տարում դեպի այդ երկիր մեր արտահանումը արդեն նվազել է 4,8 տոկոսով:
ՀՆԱ-ի աճի թվեր «ծնվեցին»
Պատասխանելով Հեղինե Բիշարյանի հարցին, ֆինանսների փոխնախարար Սուրեն Կրայանը հայտարարեց, որ ԵՏՄ-ին մեր անդամակցության արդյունքում ակնկալվում է ՀՆԱ-ի 2,3 տոկոս աճ, իսկ ԵՄ ասոցացվելու դեպքում` 1,6 տոկոս: Սակայն նույն գործադիրը ԵՄ ասոցացվելու արդյունքում երկարաժամկետ ՀՆԱ-ի աճը նախատեսում էր 2,3 տոկոս:
Իսկ ահա մեկ այլ առիթով փոխնախարարը կանխատեսեց արտահանման 15 տոկոսանոց աճ:
Զավեշտալիորեն, ԵՏՄ անդամակցության այդ թվերը, մեկը-մեկին, համընկնում են Ecorys-ի կատարած այն ուսումնասիրություններին, որոնք վերաբերվում էին ԵՄ-ի հետ Հայաստանի ասոցացմանը: Ավելին, նախորդ շաբաթ ԱԺ-ում կայացած լսումների ժամանակ պատասխանելով «Իրազեկ Քաղաքացիների Միավորման» հարցին, նույն փոխնախարար Կարայանը չկարողացավ որևէ հստակ թիվ նշել կապված ԵՏՄ-ին մեր ինտեգրացիայի հետևանքների հետ:
Հայտնի է, որ որևէ միջազգային հեղինակավոր վերլուծություն չկա, որը կտար փոխնախարարի հնչեցրած թվերը: Հայտնի չէ նաև որևէ տեղական նմանօրինակ ուսումնասիրություն:
Այսինքն, փոխնախարարը կամ ԵՏՄ անդամակցելը «շփոթել» էր ԵՄ ասոցացման հետ, կամ այս մեկ շաբաթում գաղտնի կերպով կատարել էր ահռելի ուսումնասիրություններ (որոնք ամիսներ են տևում) և ստացել թվեր, որոնք ԵՄ ասոցացման հետևանքների copy-paste-ն էին:
Ռուսաստանում գնաճ կա, այն էլ շատ մեծ
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հայտարարեց, որ ի հեճուկս ռուբլու արժեզրկման, Ռուսաստանում գնաճ չկա:
Պարզապես նշենք, որ տարվա սկզբից գնաճն այդ երկրում 12-ից 13 տոկոս է, իսկ որոշ (ներմուծվող) ապրանքատեսակների դեպքում այդ թիվը գերազանցում է 60 տոկոսը:
Արտահանման վիճակագրության «լեզվի սայթակումը»
Պարոն Այվազյանը նաև արեց ուշագրավ հայտարարություն առ այն, որ հայկական պատրաստի արտադրանքի 92 տոկոսը արտահանվում է դեպի ԵՏՄ: Իրականությանը չհամապատասխանող այս թիվը, զավեշտալիորեն, զուգադիպում են մեկ այլ թվի հետ` դեպի Ռուսաստան արտահանվող ապրանքներում պատրաստի ապրանքի չափաբաժնի հետ:
Այսինքն, ըստ ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահի, ստացվում է, որ դեպի Վրաստան, Իրան, Ուկրաինա, Եվրոպա և այլ երկրներ մենք արտահանում ենք մեր պատրաստի արտադրանքի ընդամենը 8 տոկոսը:
Ավելին, ստացվում է, որ մեր ընդհանուր արտահանման միայն 25 տոկոսն է պատրաստի արտադրանք, սակայն իրականում մեր արտահանած պատրաստի ապրանքի տեսակարար կշիռը մոտ 35 տոկոս է:
Այսպիսով. Պարոն Այվազյանը «շփոթելով» այս թվերը ապատեղեկացրեց ողջ խորհրդարանին և թերագնահատեց Հայաստանի արդյունաբերության մրցունակությունը այլ երկրներում:
Նա նաև շրջանցեց այն հարցը, որ պատրաստի ապրանքներ արտադրողները շատ ավելի կշահեին ԵՄ ասոցացումից, քանի որ իրենց առջև կբացվեր նաև եվրոպական շուկան:
ՌԴ-ում տնտեսական աճ չի կանխատեսվում
Էկոնոմիկայի փոխնախարար Կարայանը Ազգային Ժողովում ասաց, որ Ռուսաստանում տնտեսական աճ է կանխատեսվում և որպես դրա հետևանք, նշեց, որ մեր երկիրն էլ արտահանման ու տնտեսական աճ կունենա:
Սակայն, ՌԴ էկոնոմիկայի նախարարությունը, գալիք տարվա համար նախատեսում է 0 տոկոս տնտեսական աճ… այն էլ, եթե նաֆթի գինը լինի 70 դոլար/բարրել-ից ոչ ցածր (իսկ այն արդեն մոտ 65 է):
Անհասկանալի մտքեր զենքի հետ կապված
Պատասխանելով Խաչատուր Քոքոբելյանի`ԵՏՄ-ում զենքի առևտրի մասին հարցին, Վարդան Այվազյանն ասեց. «Զենքի վաճառքի հետ կապված, ինձ թվում է, դա գտնվում է բացառությունների և առանձին կարգավորման մեխանիզմների մեջ է գտնվում, դա ես նորից եմ ասում, տվյալ պարագայում գործում են փոխադարձ պետությունների միասնական հետ կապված պայմանագիրը, սա ընդհանուր զենքի վաճառքի դա գիտեք, որ առանձին քվոտաներով տեղի ունենում, ընդհանուր ռեժիմով չի կատարվում»:
Չհասկանալով պարոն Այվազյանի ասածը, նշենք, որ այլ երկրներից զենք գնելու հետ կապված որևէ առանձին պայմանագիր/պայմանավորվածություն չկա: Չկան նաև քվոտաներ, իսկ մաքսազերծումը կատարվում է ընդհանուր ռեժիմով:
Նշենք նաև, որ 2015 թվականի հունվարի մեկից հետո ՊՆ-ն այլ երկրներից զենք գնելիս պետք է վճարի 18-20 տոկոս մաքսատուրք, եթե այդ զենքի նմանակը արտադրվում է նաև ԵՏՄ-ում:
Մենք չենք կարող բեկանել ցանկացած որոշում
Փոխնախարար Կարայանը նաև նշեց, որ ԵՏՄ կոլեգիայի որոշումները հաստատվում են ԵՏՄ խորհրդի կողմից` միաձայն կերպով և ուստի մենք կկարողանանք կանխել ցանկացած որոշում, որը չի բխի Հայաստանի շահերից:
Սակայն, ԵՏՄ հանձնաժողովում որոշումների կայացման համար կոնսենսուս պետք չէ: Ուստի այդ որոշումները կարող են ընդունվել ի հեճուկս մեր կամքի: Իսկ այդ որոշումների վերադաս բողոքը կարող է բավարարվել, միայն եթե բոլոր երկրների փոխվարչապետերը միաձայն դեմ լինեն այդ որոշմանը:
Ուստի կան բազմաթիվ մեխանիզմներ, որոնցով կկայացվեն ՀՀ դիրքորոշմանը հակասող որոշումներ, որոնք պարտադիր կլինեն Հայաստանի համար:
«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»