Այս օրերին բնակչության շրջանում, կարելի է ասել, խուճապ է. մարդիկ իրենց խնայողություններն ամբողջությամբ ծախսում են պարենային ապրանքներ գնելու վրա: Պատճառը Ամանորի տոները չեն: Մայրաքաղաքի մի շարք խանութներում կատարվող առեւտրից այնպիսի տպավորություն էր՝ կարծես խորհրդային տարիներն էին, երբ մարդիկ կիլոներով ու տուփերով էին ապրանք գնում:
«Առավոտը» որոշ խանութներում շրջելիս ականատես եղավ, թե ինչպես են մարդիկ մի քանի շիշ բուսական յուղ, մի քանի կիլոգրամ շաքարավազ, բրինձ, հնդկաձավար, մակարոնեղեն, տուփերով պահածոներ եւ այլ մթերքներ գնում: Մեզ հետ զրույցում քաղաքացիներն ասում էին, որ օր օրի ամեն ինչ թանկանում է, եւ, մտավախություն ունենալով, որ մինչեւ ամսվա վերջ ու եկող տարվա սկիզբ գնաճն ավելի բարձր է լինելու, այսօր մեծ քանակությամբ առաջին անհրաժեշտության պարեն են պաշարում:
«Ասում են՝ հունվարից ահավոր թանկացում ա լինելու, դրա համար էլ լավ չի՞ հիմա շատ առնենք, գոնե որոշ ժամանակ եկող տարվա համեմատ էլի մի քիչ էժան գնած ապրանք կօգտագործենք: Ասում են՝ Մաքսային միություն մտնելուց հետո «վաբշե» ուժեղ թանկացում ա լինելու»,- մեզ հետ զրույցում ասաց ակտիվ առեւտուր անող քաղաքացիներից մեկը: Երեւանի խանութներից մեկի մեկ այլ հաճախորդ էլ ասաց, որ տղան Ռուսաստանից որքան գումար որ փոխանցել է, ամբողջը ծախսել է սնունդ գնելու վրա. «Ինչ ուղարկեց՝ սարքեցի դրամ, ճիշտ ա, դրամն էլ այլեւս գին չունի, բայց սենց առնենք, դնենք տունը, գոնե մի քանի ամիս կապրենք, շատ թանկ բան չենք առնի: Նենց բաներ ենք առնում, որ փչացող չեն, ու կարանք մի քանի ամիս պահենք: Բա ի՞նչ անենք, պատրաստվում ենք «կատաստրոֆիկ» թանկացման, սաղ էդ են խոսում, տելեւիզորի որ ալիքը փոխում ենք, սաղ ասում են՝ եկող տարվանից աննախադեպ թանկացում է գրանցվելու: Հենա՝ տենում ենք էլի, արդեն ամեն ինչ թանկացել ա, դրամն էլ ջրի գին ա դառնում, սենց որ գնա՝ աշխատավարձերը մենակ հացին են հերիքելու»:
Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանն էլ նկատեց. «Սպասեք ավելի վատին»:
Կարդացեք նաև
Դոլարի թանկացման արդյունքում բավականին տուժում են այն քաղաքացիները, որոնք դոլարային վարկեր ունեն, սակայն նրանց եկամուտները՝ աշխատավարձերը դրամով են: Այս վարկառուները ամիսներ առաջ էժան դոլարով ստացած վարկերի տոկոսները վճարում են նախկինում հաշվարկած գումարից բավականին բարձր գնով:
Կենտրոնական բանկը (ԿԲ) երեկ կոչ է արել զերծ մնալ արժութային սպեկուլյացիաներից, անհարկի փոխարկումներից, քանի որ փոխարժեքի նման տատանողական վարքագծի պարագայում դրանք իրենց մեջ կրում են բարձր ռիսկեր եւ ակնկալվող օգուտի փոխարեն՝ կարող են հանգեցնել զգալի վնասների: Իսկ բանկերը երեկ շարունակում էին օրվա ընթացքում մի քանի ժամով դոլար չվաճառել, իսկ երբ սկսել էին վաճառել, մեկ դոլարը 440-450 դրամով: ԿԲ-ն վստահեցրել է, որ այս երեւույթները կրում են կարճաժամկետ բնույթ, եւ հայտնել է իր պատրաստակամությունը՝ կայունացնելու շուկայում իրավիճակը: «Բանկերը երեւի թե սպասումներ ունեն, որ կարող է գին փոխվել, իրենք իրենց ապահովագրում են հետագա խնդիրներից, եւ հնարավոր է՝ որոշակի դեֆիցիտ լինի դոլարի իրենց մոտ: Դոլարային տրանսֆերտներն են նվազել, ներդրումներն են պակասել, ինչպես նաեւ ռուսական շուկայում տեղի ունեցող անկումները, սա ամենապարզ պատճառն է դոլարի դեֆիցիտի: Հանրապետություն քիչ դոլար է մտնում»,- ասաց Աշոտ Եղիազարյանը:
Նշենք, որ դոլարի առք ու վաճառքի միջեւ եղած տարբերությունը տարբեր ժամերին կազմում է 5-ից 15 դրամ. օրինակ՝ որոշ բանկերում 1 դոլարի առքը կազմել է 435-ից մինչեւ 439 դրամ, իսկ վաճառքը՝ 440-ից մինչեւ 450 դրամ:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
3.12.2014