Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանդա»-ի գործով ամբաստանյալ Արտուշ Հակոբյանը մեղադրում է Ալիկ Սարգսյանին

Դեկտեմբեր 04,2014 15:30

Նա բաց նամակով դիմել է ՀՀ նախագահին

Սկիզբը՝ 

«Մտանք քրեական հետախուզության գլխավոր վարչություն։ Սկզբում նստեցրին ինչ-որ սենյակում, հետո տարան միջանցք, դեմքով դեպի հատակը պառկեցնելով՝ գոտկատեղս ատրճանակ խցկեցին, տեսախցիկով նկարեցին։ Հետո գոտկատեղիցս հանեցին ատրճանակն ու տարան նույն սենյակ։ Ես խնդրեցի, որ թույլ տան ծխեմ։ Նրանք ձեռքերիս ձեռնաշղթաները տեղափոխեցին առաջ ու ինձ թույլ տվեցին, որ ծխեմ։ Որոշ ժամանակ անց ներս մտավ դիմակավորված մեկն ու ինձ ասաց՝ անջատի ծխախոտը, եւ մեջքիս մասում ատրճանակ խցկեց։ Ներս բերեցին ընթերականներին եւ նրանց ներկայությամբ գոտկատեղիցս հանեցին «ՏՏ» մակնիշի ատրճանակը։ Ասացի, որ դա իմը չէ, դիմակավորված ոստիկանն ինձ հարվածեց։

Մի խոսքով՝ ընթերականները ստորագրեցին ու գնացին։ Ատրճանակը գրանցողին հարցրի. «Չհասկացա, ռեստորանում «Մակարով» էր, հասանք այստեղ «ՏՏ» դարձա՞վ»։ Նա ասաց, որ «Մակարով» չի եղել, եւ ես, հարգելի դատարան, ճիշտն ասած՝ մտածեցի, թե «Մակարով» էին խցկում ձեռքերիս մեջ։ Մտածեցի՝ երեւի ոստիկանի տաբելային զենքն էր, ուղղակի ձեռնաշղթաները գցելուց էր միամիտ կպել ձեռքիս, հակառակ դեպքում «ՏՏ»-ի փոխարեն «Մակարովը» կարձանագրեին։ Ու այդ փաստին առանձնապես ուշադրություն չդարձրի։ «ՏՏ»-ն արձանագրելուց հետո սկսվեցին ֆիզիկական ճնշումները։ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ դիմակով ոստիկանները ստիպում էին, որ խոստովանեմ՝ իբր ես ինչ-որ բանդայի պարագլուխ եմ, որից ես անտեղյակ էի։ Ինձ ֆիզիկական ճնշումների ենթարկելուց հետո գիշերը ուշ ժամի տարան ինչ-որ սենյակ, մյուս օրը ցերեկը իմ հետեւից եկան քրեական գլխավոր վարչության աշխատակիցները, ԺՊՎ-ի տարածքում ձեռքերս ձեռնաշղթայեցին մեջքիս մասում, հետո դուրս հանելով նստեցրին մուգ գույնի ապակիներով ոստիկանական «Գազել» մեքենան։ Գլխիս մուգ գույնի գլխարկի նման ինչ-որ բան հագցրին, որն ամբողջովին փակել էր դեմքս, եւ երբ այդ գլխարկը հանեցին, ես տեսա, որ գտնվում եմ 6-րդ վարչության բակում, որտեղ կայանված էր իմ մեքենան։

Ընթերականների ներկայությամբ խուզարկեցին այն, արձանագրեցին իմ եւ որդուս անձնական իրերը եւ ինձ անծանոթ «ասպիրին ուպսայի» շիշ, որն ասացի՝ իմը չէ։ Խուզարկությունն արձանագրելուց հետո ինձ տարան Քրեական գլխավոր վարչություն, թղթի վրա մատնահետքերս վերցրին, ու սկսվեցին իմ հոգեբանական ու ֆիզիկական ճնշումները, եւ ոչ մի ակնարկ՝ «Մակարով»-ի վրայի բթամատի հետքի մասին։ Հակառակ դեպքում ես գլխի կընկնեի, թե նախորդ օրը «Ագուլիս» ռեստորանում ինձ ձերբակալելիս ինչ կատարվեց ու այդ մասին նշած կլինեի իմ առաջին դիմում-բողոքներում, որոնք հասցեագրված էին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին ու Աղվան Հովսեփյանին։ «Մակարով» տեսակի ատրճանակի վրայի իմ բթամատի մատնահետքի մասին ինձ հայտնի դարձավ 2011թ. դեկտեմբերի վերջերին, երբ իմ փաստաբան Հովիկ Արսենյանն այցելել էր ինձ։ Անմիջապես բողոք-դիմումներ եմ գրել ոստիկանապետին եւ Աղվան Հովսեփյանին ու խնդրել, որ քրեական գործ հարուցեն նախաքննող մարմնի դեմ՝ ապացույցներ կեղծելու հատկանիշներով։

Մի քանի օր ֆիզիկական ու հոգեբանական ճնշումների ենթարկելուց հետո ինձ վերջապես տեղափոխեցին Կենտրոն քրեակատարողական հիմնարկ, որտեղ վերջացան այդ բոլոր դաժանությունները»:

«Առավոտ» օրաթերթ
3.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031