Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սերիալի Մխոն երազել է Գիքոր խաղալ

Դեկտեմբեր 04,2014 15:00

Իսկ երազած մյուս դերի համար դեռ տարիք պետք է առնի

Դերասան Հովհաննես Դավթյանին շատերը գիտեն որպես «Բանակում», «Քաղաքում» հեռուստասերիալների Մխո: Հովհաննեսը պրոֆեսիոնալ դերասան է եւ դեկտեմբերի 14-ին էլ իր «Անքնություն» մոնոներկայացումն է խաղալու Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի բեմում: Հովհաննես Դավթյանի եւ Էդգար Կոստանդյանի հեղինակած կատակերգությունը բեմադրել է Կարապետ Բալյանը:

«Առավոտի» հետ զրույցում Հովհաննես Դավթյանը նշեց, որ ներկայացումը Stand up ժանրում է, պատմում է մեր օրերի մասին, շոշափվում է արտագաղթի թեման` լավատեսական ավարտով: «Ընդհանուր առմամբ, եթե գլոբալ վերցնենք, ֆինալում արտագաղթի մասին է խոսվում, հորդորում եմ՝ չնայած շատ ծանր կացությանը, սոցիալական, տնտեսական վիճակին, որը տիրում է երկրում, սպառնում է ժողովրդին, այնուամենայնիվ, չգնալ երկրից: «Անքնությունը» նաեւ կատակերգական ներկայացում է՝ մոտ երկու ժամ է տեւում, նոն-սթոփ ծիծաղ է պատճառով: Խոսվում, պատվում է մեր արդիական թեմաների մասին, արծարծվում են այն խնդիրները, որոնք բնորոշ են հայաստանցուն»,- մանրամասնում է մեր զրուցակիցը:

Դիտարկման հետ կապված, թե մոնոներկայացումը պարտավորեցնող եւ բարդ ժանր է, դերասանն ավելի խոցելի է, թերություններն էլ՝ ավելի նկատելի, Հովհաննեսը նշեց. «Իսկապես համարձակ ժանր է, ամբողջ պատասխանատվությունն ընկնում է մեկ հոգու վրա, որը եւ ձախողման դեպքում կքննադատվի, կքարկոծվի… Մյուս կողմից էլ՝ կատակերգական ժանրը միշտ ինձ հարազատ է եղել: Թե հանդիսատեսի, թե պրոֆեսիոնալների ու ոչ պրոֆեսիոնալների կարծիքից դատելով՝ զգում եմ, որ դա ինձ մոտ ստացվում է, ես էլ ձգտում եմ, որ գնալով ավելի լավը եւ պրոֆեսիոնալ լինեն իմ սցենարները, ներկայացումները, ասելիքով լեցուն լինեն, հաճելի՝ հանդիսատեսի համար: Մի խոսքով, փորձում եմ իմ ուսերին վերցնել էդ բեռը եւ հնարավորինս՝ պատվով դուրս գալ»:

Իսկ սերիալի հերոսի կերպարը օգնո՞ւմ է, թե՞ խանգարում:

«Եվ խանգարում է, եւ օգնում… Խանգարում է նրանով, որ մարդիկ ասոցացնում են ինձ այդ կերպարի հետ, իրենց թվում է, որ ես այդպես պետք է խոսեմ, քայլեմ եւ այդ կերպարի շուրջ պետք է կառուցված լինի իմ ներկայացումը… Սերիալի հերոսի կերպարը օգնում է նրանով, որ այդ ճանաչումը, ինչը չեմ ժխտի եւ ուրանա, դահլիճներ է լցնում: Դահլիճ գալու պահից ի վեր հանդիսատեսը, մարդիկ հասկանում են, որ չե՛ն տեսնելու սերիալի կերպարի հետ կապված ոչ մի բան, չկա ոչ մի նշույլ: Ուրախ եմ, որ գոհ են հեռանում դահլիճից, որովհետեւ տեսնում են լրիվ ուրիշ բան՝ ասելիքով լեցուն, մտածելու տեղիք տվող ներկայացում»,- նշում է մեր զրուցակիցը:

Հարցրինք՝ իրեն թատրոնո՞ւմ է ավելի շատ պատկերացնում, թե՞ կինոյում:
«Որտեղ դերասանի գործն է, այնտեղ: Ես դերասան եմ մասնագիտությամբ, անչափ սիրում եմ իմ մասնագիտությունը եւ չեմ պատրաստվում երբեւէ փոխել այն՝ քանի տարեկան էլ լինեմ, որ երկրում էլ ապրեմ: Այսօր սերիալում, վաղը կարող է մեկ ուրիշ տեղ լինեմ՝ ասենք, թատրոնում խաղացանկային, կոմերցիոն նախագծերում, այսինքն՝ այնտեղ, որտեղ ինձ հաճելի լինի, որտեղ կարողանամ լավ ներկայացնել ասելիքս»,- պատասխանեց Հովհաննեսը:

Կա՞ հերոս, որին կուզենար մարմնավորել: «Այդ մասին չեմ ուզում բարձրաձայնել… Յուրաքանչյուր դերասան հոգու խորքում փայփայած կերպար ունի, որ կուզենա խաղալ, իսկ այն կերպարը, որ ուզում եմ խաղալ, հիմա իմ տարիքին հարմար դեր չէ: Հուսով եմ, որ տարիք առնելու հետ այդ դերը կխաղամ: Մի կերպար էլ կար, արդեն ուշ է, խոսքը Գիքորի մասին է»,-նշեց դերասանը:

Դառնալով նրա «Անքնություն» մոնոներկայացմանը, հետաքրքրվեցինք, թե ինչու է նման վերնագիր ընտրվել: «Ներկայացումը սկսվում է իմ անքնության խնդրով, բողոքներով, ես իրականում եւս անքնություն ունեմ, եւ դա հորինված չէ, ապա թեմայից թեմա անցումներ են կատարվում մինչեւ արտագաղթ»,- մանրամասնեց Հովհաննես Դավթյանը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
3.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ս. Դեղտրիկյան says:

    Օֆ լավ էլի:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031