Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչու իմ մասին այդքան վատ կարծիքի՞ եք»

Դեկտեմբեր 04,2014 13:30

Ճարտարապետը պատիվ չի համարել
Կարեն Դեմիրճյանին նվիրված ցուցահանդեսին ներկա գտնվել

Օրերս Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում «Ժառանգություն» խորագրով ցուցահանդես բացվեց, որի կազմակերպիչը Կարեն Դեմիրճյանի կինն էր՝ Ռիմա Դեմիրճյանը: Ցուցահանդեսը, որն արտացոլում էր Խորհրդային Հայաստանում կառուցված ճարտարապետական շինությունները, նրանց պատմությունը, շենքերը, որոնք այսօր, ցավոք, արդեն չկան, Ռիմա Դեմիրճյանն առաջարկեց վայելել, ինչքան հնարավոր է, քանի որ այնտեղ ոչինչ կեղծված չէ ու ավելացրեց, որ ցուցահանդեսով «խոսում» է այն մասին, որ ինքը դեմ է Երեւանի ներկայիս ճարտարապետաշինարարական տեսքին, ու չնայած հասկանում է, որ աշխարհը փոխվում է, փոփոխություններն անխուսափելի են, սակայն կարծում է, որ պետք է պահպանել մշակութային ժառանգություն կոչվող հարստությունը: Ցուցահանդեսին ներկա էին որոշ քաղաքական-հասարակական գործիչներ, այդ թվում՝ Գագիկ Ջհանգիրյանիը, Լեւոն Զուրաբյանը, քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը, ճարտարապետներ, որոնք համագործակցել են Կարեն Դեմիրճյանի հետ: «Առավոտը» ճարտարապետ Լեւոն Վարդանյանից փորձեց պարզել՝ ներկա եղե՞լ է ցուցահանդեսին, թե՞ ոչ: Մեր հարցին ի պատասխան՝ Լեւոն Վարդանյանն ասաց. «Ինչու իմ մասին այդքան վատ կարծիքի՞ եք, որ ես պիտի ներկա լինեի այնտեղ»:

Քանի որ ճարտարապետը ներկա չէր եղել ցուցահանդեսին, ասացինք, որ այնտեղ ցուցադրվել են Խորհրդային Հայաստանում կառուցված ճարտարապետական շինությունները, նրանց պատմությունը, շենքերը, որոնք այսօր չկան եւ հետաքրքրվեցինք, արդյոք նախկինը կարոտախտ չի՞ առաջացնում, նորից կառուցելու ցանկություն, եւ Երեւանի նախկին ճարտարապետաշինարարական տեսքը համեմատելով ներկայիս Երեւանի հետ, ի՞նչ կարծիք ունի պարոն Վարդանյանը: «Ես այդպես չեմ կարծում: Ասում եք՝ ցուցադրված էին այն շենքերը, որոնք էլ չկա՞ն,- հարցրեց Լեւոն Վարդանյանն ու ավելացրեց,- միայն Երիտասարդության պալատը գիտեմ Դեմիրճյանի ժամանակաշրջանից, ուրիշը չեմ հիշում: Եթե վերցնենք Երեւանի կերպարը, որովհետեւ Փոքր կենտրոնի ճարտարապետական լուծումներն են Թամանյանն ու նրա դպրոցը:

Ասում ենք Երեւան ու հասկանում, որ մինչ այսօր այդ հասկացողությունը կազմավորել է Թամանյանի դպրոցը, ու մենք այդ շենքերով ենք Երեւանը տարբերում Թիֆլիսից, Վիեննայից եւ այլն: Մեր քաղաքի ուրույն դեմքը ստեղծել է Թամանյանն իր դպրոցի միջոցով, դրանից հետո ինչ որ եղել է Դեմիրճյանից, կամ Խրուշչովյան ժամանակները, Երեւանում ինչ ինդիվիդուալ շենք կառուցվել է՝ հիմնականում «Ռոսիան», Երիտասարդական պալատը եւ այլն, դրանք ազգային դեմքից այն կողմ, ոչ մի հարց չլուծող շենքեր են: Դրանք ոչ թե հարստացրեցին Երեւանի կերպարը, այլ այն ժամանակ մոդայի հետեւից ընկան իրենց հասկացողությամբ, ապահայկական կառուցապատում արեցին, որ Երեւանի կերպարը ոչ մի ձեւով չի հարստացել:

Կարծում եմ՝ այդ ժամանակահատվածի ճարտարապետության գնահատականն առ այսօր չի տրվել, որովհետեւ մենք անցանք երրորդ հանրապետության ժամանակահատված ու երբ սկսեցինք կառուցել եւ եթե մի քիչ վելուծեինք մեր անցած յոթանասուն տարին, իմանայինք՝ որն էր դրական կամ բացասական ու որպեսզի նախկին սխալները չկրկնեինք, եղած իրավիճակի վրա քաոս արեցինք, որովհետեւ մենք էլ պատրաստ չէինք: Ես ինչքան իմ կոլեգաներին ասացի՝ եկեք վերլուծենք մեր անցած ուղին, չարեցինք, քանի որ հենց այդ օբյեկտների հեղինակները, գեներալները սովետական շրջանի՝ դեռեւս կենդանի էին, բնական է, որ ոչ մեկն այդ քայլին չէր գնա: Այդպես էլ վերլուծական չեղավ: Հիմա հանկարծակի ուզում են «Ռոսիան» կամ Երիտասարդական պալատը սարքել հուշարձաններ, որ մեր ազգային ճարտարապետության հետ կապ չունեցող կառույցներ են:

Այդքան խոսում են Երիտասարդական պալատի մասին, բայց այն երիտասարդության հետ ոչ մի կապ չունեցող կառույց է: Այն տարան դրեցին բլրի գլխին, քաղաքի ստրուկտուրայից կտրված Երիտասարդական պալատ էր, մինչդեռ պետք է քաղաքի ստրուկտուրայի մեջ լիներ եւ երիտասարդությունն էլ իր կյանքի հիմնական մասը, ժամանցը այնտեղ անցկացներ: Իսկ նա ինչ էր, սովետական ժամանակաշրջանում ՑԿ կոմսոմոլի համար մի կառույց իրականացվեց, այդ հյուրանոցից իրենք էին օգտվում, ռեստորաններից իրենք էին օգտվում ու մի հատ ձեւական զագսի բաժանմունք էին դրել: Այդ կառույցը ոչ մեկին հետաքրքիր չէր ու բնական է, որ պիտի քանդվեր: Ժողովուրդը հենց ճարտարապետական կառույցին անուն է դնում, օրինակ՝ դա անվանում էին «կռծած կուկուռուզ» կամ «Ռոսիային»՝ «կռազի կուզով», ինքնըստինքյան գնահատական է: Ժամանակին այս շենքերը պարզապես լավ ռեկլամ էր արվում, բայց այժմ ոչ մի կարոտախտ էլ չկա ժողովրդի մոտ: Ինչպես ժամանակին պատկերասրահի շենքն այնքան նկարեցին, բոլորի մոտ տպավորվեց իբրեւ լավ կառույց, չնայած հրապարակի ամենաայլանդակ կառույցն է»:

Լեւոն Վարդանյանից կարծիք հարցրեցինք նաեւ «Հին Երեւան» նախագծի մասին, որը նախատեսվում է կառուցել Երեւանի կենտրոնում` Աբովյան, Փավստոս Բուզանդ, Եզնիկ Կողբացի եւ Արամի փողոցների միջեւ եղած տարածքում, ճարտարապետն այս առիթով հետեւյալն ասաց. «Հին Երեւան» չի կառուցվում պարզապես այդ տարածքում, դեռեւս կանգուն են տասնչորս հուշարձան շենքեր, այսինքն՝ եթե այդ ծրագիրը չի իրականանում, այդ շենքերը լրացվում են ու այդ հատվածը նախասովետական շրջանի Երեւանի մի կտոր կառուցապատումն է պահպանում: «Հին Երեւան» պայմանական են անվանել: Եղած հուշարձաններն ամրացվում են, ոչ թե նորից է կառուցվում…»:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
3.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031