Նախախորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանը վստահեցնում է, որ ռեժիմի փոփոխությունից հետո անկախ դատարանները քննելու են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հանցագործությունները:
Aravot.am-ի հետ զրույցում պարոն Սեֆիլյանն ասաց, որ մարզպետի անվան հետ կապվող հանցագործություններն անտեսելով ու նրան կրկին պաշտոնի վերանշանակելով՝ Սերժ Սարգսյանը հերթական անգամ ասաց՝ ես ինչպես ուզեմ կտրորեմ հայ ազգի, մասնավորապես, սյունեցու արժանապատվությունը. «Նա վախից է այդ քայլին գնում՝ ենթադրելով, որ Սուրիկ Խաչատրյանի նմանները իրենց վերահսկողությամբ ու ճնշումներով պահելու են տեղի իշխանությունը, տեղի իշխանությունը պահելով էլ կպահեն նաեւ ընդհանուր իշխանությունը»:
Քանի որ հակասական տեղեկությունները մարզպետի ՝ ազատամարտին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ շարունակվում է քննարկման առարկա մնալ, Ժիրայր Սեֆիլյանից՝ որպես «Շուշի» առանձնակի գումարտակի հրամանատար հետաքրքրվեցինք հիմա Սուրիկ Խաչատրյանին կարելի՞ է ազատամարտիկ համարել, թե՞ ոչ. «Ամոթ է այդ մարդուն ազատամարտիկ բառը կպցնել: Չեմ էլ ուզում քննարկել էդ մարդու անցյալը, նրա անցյալը բոլորի համար շատ պարզ է, ռեժիմի փոփոխությունից հետո անկախ դատարանները այդ մասին կխոսեն»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ