«Ընտրությունից ընտրություն ենք ապրում»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ֆինլանդական զանգվածային լրատվության միջոցների աշխատանքին, նշեց ֆինլանդական «Vikes» մեդիա կազմակերպության ավագ փորձագետ, լրագրող Յարմո Կոնոնեն:
Նա նշեց, որ Ֆինլանդիայում ներկայումս շատ թերթեր են փակվում, արդյունքում` շատ քիչ ազգային թերթեր են մնացել. «Կդժվարանամ ասել, թե Ֆինլանդիայում քանի ազգային թերթ է մնացել, բայց նրանք ե’ւ թվով, ե’ւ տպաքանակով քիչ են: Հիմա յուրաքանչյուր թերթն իր ինտերնետային կայքն ունի եւ այդպես է աշխատում: Ֆինլանդական լրատվամիջոցները սկսել են շատ օգտագործել սոցիալական ցանցերը եւ արդեն փորձում են այդ եղանակով շահույթ ստանալ»:
Յարմո Կոնոնեի խոսքերով` Ֆինլանդիայում շատ են քաղաքացիական լրագրողները, բլոգերները. «Ես ինքս քաղաքացիական լրագրող բառը չեմ սիրում: Քաղաքացիական լրագրողի եւ լրագրողի տարբերությունը աշխատավարձն է` պրոֆեսիոնալ լրագրողը այդ աշխատանքը կատարելով է վաստակում իր հացը, իսկ ոմանց մոտ դա պարզապես հոբբի է: Բայց շատ դեպքերում քաղաքացիական լրագրողները կարողանում են լավ գրել, լավ թեմաներ են գտնում, սակայն նրանք դա անում են որպես հավելյալ աշխատանք»:
Յարմո Կոնոնեն հավելեց, որ Ֆինլանդիայում շատ լավ մեխանիզմ է ձեւավորվել` լրագրողները եւ լրատվամիջոցները կարողանում են ինքնակարգավորվել. «Ըստ այդ ինքնակարգավորման` եթե ինչ-որ մի լրագրող դեմ է սահմանված էթիկայի կանոններին, ապա կարող է բարոյական վնաս ստանալ: Լրատվամիջոցներն էլ պետք է հրապարակեն այդ որոշումը: Սա շատ կարեւոր է լրատվամիջոցների եւ լրագրողների համար»:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հարցին, թե ֆինլանդական մամուլում ի՞նչ խնդիրներ կան, նա պատասխանեց, որ իրեն անհանգստացնում է ատելության խոսքը: Նա համարում է, որ ատելության խոսքի դեմ պետք է պայքարել. «Հիմա շատ հեշտ է համացանցում մեկնաբանություն թողնել. Մեկնաբանությունների դաշտը բաց է բոլորի համար, նույնիսկ լուրերի բաժնում: Ես համարում եմ` հիմա ամբողջ աշխարհը փորձում է սահմանափակել մեկնաբանություններ թողնելու այդ հնարավորությունը»:
Լուսանկարը` Յարմո Կոպոնենի ֆեյսբուքյան էջից:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ