Կառավարությունը մտադիր է պայքարել երեխայի հանդեպ բռնության երեւույթի դեմ, ինչի համար վաղը կառավարության նիստին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը կներկայացնի պայքարի հայեցակարգի նախագիծն ու միջոցառումների ցանկը:
Նախագծում սահմանվում է, թե որն է երեխայի հանդեպ բռնությունը:
Ըստ այդմ` 1. երեխայի հանդեպ բռնություն է` նրա իրավունքների եւ ազատությունների սահմանափակում, անվտանգության խախտում եւ անձի արժանապատվության ոտնահարում, ցանկացած վարքագիծ, որի կիրառումը կարող է վնաս հասցնել երեխայի ֆիզիկական կամ հոգեկան առողջությանը եւ զարգացմանը.
- Երեխայի հանդեպ սեռական բռնություն` հանցագործություն երեխայի սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության դեմ.
- Երեխայի հանդեպ ֆիզիկական բռնություն` երեխային ծեծելը, կամ այլ բռնի գործողություններ կատարելը, խոշտանգելը, մարմնական վնասվածք հասցնելը կամ մարմնական պատժի ենթարկելը.
- Երեխայի հանդեպ հոգեբանական բռնություն` երեխայի հանդեպ հուզական եւ հոգեբանական դիտավորյալ ներգործությունն է, իր զարգացման համար անհրաժեշտ կապվածությունից եւ հուզական կապերից զրկելը, որը կարող է խոչընդոտել կամ խաթարել երեխայի հոգեկան, մտավոր եւ վարքային զարգացմանը.
- Երեխայի անտեսում` երեխայի կենսապահովման համար հիմնական պահանջմունքներից դիտավորությամբ կամ անփութությամբ զրկելը, որի հետեւանքով երեխան հայտնվում է կյանքի եւ զարգացման համար վտանգավոր ու անպաշտպան իրավիճակում:
Ինչպես նշված է նախագծում` հայեցակարգի նպատակներն ու խնդիրներն են` սահմանել երեխայի հանդեպ բռնության երեւույթի վերացմանը, կանխարգելմանը եւ բռնության ենթարկված երեխայի, ինչպես նաև բռնություն գործադրող անձի վերականգնմանն ուղղված պետական քաղաքականության հիմնական ուղղությունները: Մշակել բռնության ենթարկված երեխաների իրավական, կրթական, առողջապահական եւ սոցիալական պաշտպանության բնագավառում պետական գործունեության հիմնական ուղղությունները: Մշակել երեխայի հանդեպ բռնության երեւույթի վերացմանն ուղղված շահագրգիռ մարմինների համաձայնեցված գործունեության կառուցակարգեր (մեխանիզմներ): Մշակել երեխայի հանդեպ բռնության դեպքերում ուղղորդման ընթացակարգեր: Մշակել երեխայի հանդեպ բռնության երեւույթի մասին տեղեկատվության հավաքագրման կառուցակարգեր: Մշակել երեխայի հանդեպ բռնության երեւույթի մասին հասարակության տեղեկացվածությունն ապահովող կառուցակարգեր:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ