«Աբխազիայում մեծ ազդեցություն ունի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը»,-այսօր` դեկտեմբերի 3-ին, «Լրադադար» ակումբում կազմակերպված քննարկման ընթացքում հայտարարեց աբխազական «Нужная газета» թերթի գլխավոր խմբագիր Իզիդա Չանիան:
Նա նշեց, որ այնպիսի իրավիճակ է ստեղծվել Աբխազիայում, որ ընթերցողը լուրերն առաջինը ստանում է հենց «Ֆեյսբուքից», եւ նույնիսկ իրենց առցանց մամուլն այդքան արագ չի աշխատում, ինչքան սոցիալական ցանցը. «Այսօր սոցիալական ցանցերի շնորհիվ Աբխազիայում փակ թեմաներ չեն մնացել եւ հնարավոր էլ չեն: «Ֆեյսբուքում» ԶԼՄ ներկայացուցիչների խումբ ունենք, որի անդամների ցանկում են նաեւ Աբխազիայի նախագահը, ներքին գործերի նախարարը, գլխավոր դատախազը»:
Իզիդա Չանիայի կարծիքով` աբխազական մամուլի գլխավոր խնդիրն այն է, որ պետությունը չի աջակցում լրատվամիջոցներին. «Մեր պայմաններում անհրաժեշտ է նման համակարգ ստեղծել, որովհետեւ անկախ լրատվամիջոցները կդադարեն գոյություն ունենալ, եթե պետությունը չմտածի ինչ-որ աջակցության մեխանիզմ ստեղծելու մասին»:
Կարդացեք նաև
Նա հավելեց, որ Ռուսաստանը աբխազական որեւէ զանգվածային լրատվական միջոցի չի աջակցում. «Փորձ արվեց ստեղծել մամլո ակումբ, դա էլ միջոցառումներ էր կազմակերպում ինչ-որ ամսաթվերին, օրինակ` ինչ-որ պայմանագրի ստորագրման 100-ամյակի կապակցությամբ: Այդ միջոցառումներին հիմնականում մասնակցում էին պետական լրատվամիջոցները»:
Վրացական «Տաբուլա» ամսագրի լրագրող Դմիտրի Ավալիանին նշեց, որ Վրաստանում հակառակն է` հեռուստատեսությունն է ամենաազդեցիկ լրատվության միջոցը. «Մեր մամուլում տեղ են գտնում քսենոֆոբ հոդվածներ, էժանագին բամբասանքներ, սադրանքներ: Ինչ վերաբերվում է հեռուստատեսությանը` ընտրություններից հետո ավելի հետաքրքիր է դարձել նորություններ նայելը, քանի որ տարբեր տեսակետներ են հնչում: Բացասական կողմն այն է, որ իշխանությունները հաճախ առաջարկում, երբեմն նույնիսկ սպառնում են որոշ լրատվամիջոցների փոխել իրենց քաղաքականությունը»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Սիրելի հայեր, հիշեք, խնդրում եմ, եթե գործածում եք ՇՆՈՐՀԻՎ բառը, ապա դրանից առաջ հայերեն չէ Ի դնելը, ասելը: Շնորհիվ` առնց ի-ի: Հանեք վերնագրից, խնդրում եմ: Շնորհակալություն:
Շնորհակալություն: