Ջեյմս Ուորլիքը կրկին հայտնվել է պաշտոնական Բաքվի քննադատության թիրախում. այս անգամ պատճառը Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի և Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանի վաշինգտոնյան հանդիպումն է:
«Ուորլիքը կրկին վտանգում է բանակցային գործընթացը», «Ի՞նչ իրավունքով է Ուորլիքը հանդիպում Ղարաբաղի ներկայացուցչի հետ». այս վերնագրերի ներքո ադրբեջանական մամուլի քննադատական հրապարակումները ստիպել են հակամարտության կարգավորմամբ զբաղվող ամերիկացի դիվանագետին հանդես գալ պարզաբանմամբ:
«Որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ՝ ես կարևոր եմ համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում քննարկումներ անցկացնել բոլոր կողմերի հետ», – հայտարարել է Ջեյմս Ուորլիքը՝ պատասխանելով Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ իր հանդիպման վերաբերյալ APA գործակալության հարցին։
«Մենք քննարկեցինք նոյեմբերի 12-ին տեղի ունեցած միջադեպից հետո առաջացած լարվածության նվազեցման կարևորությունը և բանակցություններում առաջընթացի հասնելու անհրաժեշտությունը», – ադրբեջանական գործակալությանը փոխանցել է Ուորլիքը։
Կարդացեք նաև
Հիշեցնեմ՝ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի նախագահի և Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի հանդիպումը, կայացել է երկուշաբթի օրը Վաշինգտոնում։
Այս հարցերի շուրջ երեկ աշոտ Ղուլյանը ելույթ է ունեցել արդեն Միացյալ Նահանգների կոնգրեսում Լեռնային Ղարաբաղի անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ընթացքում, որին ներկա են գտնվել տասնյակ ամերիկացի կոնգրեսականներ:
Մանրամասները կարող եք կարդալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում