Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանդայի գործով» Արտուշ Հակոբյանի քույրն ասում է, որ որեւէ մեկը չի տեղեկացրել եղբայրների ձերբակալման մասին

Դեկտեմբեր 03,2014 19:36

«Բանդայի գործով» դատախազ Սասուն Խաչատրյանը միջնորդեց տասնհինգ տարվա ազատազրկման դատապարտել «պարագլխին» ՝ Արտուշ Հակոբյանին: Միեւնույն ժամանակ դատախազը չփարատված կասկած համարեց այն ապացույցները, որոնք ձեռք էին բերվել թմրանյութի ապօրինի պահման մասով, եւ հրաժարվեց մեղադրանքից:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Հակոբյանի քույրը դատական նիստերի դահլիճից դուրս գալով լացակումած պատմում էր, թե ինչպես են եղբորը ձերբակալել:

Banda-1

Նա Aravot.am- ին  ասաց, որ չորս օր տեղյակ չեն եղել, թե որտեղ են պահվել իր երկու եղբայրները:

«Ես ինքս վազել եմ վեցերորդ վարչություն, ասել են՝ այստեղ չի, գնացել եմ ԿԵՊԵԶԵ, ասել են, ստեղ չի, ոչ ոք չի տեղեկացրել՝ ո՞ւր են մեր երկու որդիները: Եւ վերջապես, խուլիգանաբար, ծեծելով, ջարդելով, ուզում են ապացուցել իրենց չարած հանցագործությունը:Լավ, որտեղ է սրանց ճիշտը:Վախենում են ճշտի աչքերին նայել:

Ղեկավարում են դատախազին, որ ինքը գա այստեղ ելույթներ ունենա, սուտ ապացույցներ բերի, հերքում բերի: Ոստիկանությունում գլխարկը հագցրել են Արտուշի գլխին, ԿԵՊԵԶԵ-ից բերել են վեցերորդ վարչություն: Իհարկե, այդ ճանապարհին շնչառության, քրտինքի կաթիլները պիտի մնային դիմակի վրա: Մինչեւ երբ առանց ապացույցի տասնհինգ տարի կալանք տան մարդուն: Որտեղ է իրականությունը»:

Դատախազը տասնմեկ տարվա ազատազրկման միջնորդություն արեց ամբաստանյալ Արթուր Մանուկյանի համար:

Իմ զրուցակիցը Արթուրի զոքանչն էր: Նա ասաց. «Արթուրը վաղուց իմ աղջկա հետ ընկերություն էր արել: Գնացել էր Մոսկվա, որպեսզի  գումար աշխատեր, բերեր նշանադրության համար: Զանգել է, ասել՝ մի քանի օրից կգամ: Չի հանդիպել աղջկաս: Հետո իմացել ենք, որ բանդա են բռնել, ոմն մեր Արթուրը եղել է Գուգոյի հետ ավտովթարի ժամանակ:

Գիտեմ, դա եմ ասում: Հետո բռնել են Արթուրին: Ցուցմունքը գրված է 23-ին, բայց ցուցմունքն արդեն պատրաստ էր: Ինքը ենթարկվել է խոշտանգումների: Նախ, իմ փեսայի ցուցմունքն իր ձեռքով գրված չի, ցուցմունքը գրված է իմ փեսային բռնելուց մեկ օր առաջ:

Խոշտանգումներրից հետո իմ փեսայի մասին դատաբժշկական փորձաքննությամբ, պարզվել էր, որ դա եղել է իբր ավտովթարից եւ ոչ թե խոշտանգումների հետեւանքով:

Փեսայիս գլխին հարվածել են դուբինկաներով: Հասկացանք, բռնել են, վերջապես ամեն բան չի կարելի բարդել այս տղաների վրա: Իր ընտանիքը գիտեք ինչպես է ապրում:Իր ընտանիքում հայրը երեք անգամ սրտի կաթված է տարել, մորը չորս անգամ վիրահատել են, անառողջ վիճակ է, միակ կերակրողն Մանուկյանն է եղել: Չի կարելի բանդայի անդամ համարել մարդուն, գոնե Աստծուց պիտի վախենալ»:

Հաջորդ դատական նիստին պաշտպանական ճառերով հանդես կգան Հովիկ Արսենյանը, Ստեփան Ոսկանյանը, Ռաֆիկ Սաֆարյանը, Հակոբյանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031