Լրահոս
Օրվա լրահոսը

«Ջրառատցիներն իրենք են մեղավոր»

Դեկտեմբեր 03,2014 18:32

Համաձայն Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու N 147 որոշման՝ սեպտեմբերի 27-ին Սևանա լճից ջրառի հետևանքով տուժած Ջրառատ թաղամասի 15 ափամերձ տնտեսություններին տրամադրվելու է դրամական օգնություն 720.000 դրամի չափով:

Հիշեցնենք, որ մեր նախորդ հանդիպումների ժամանակ քաղաքապետի տեղակալ Գեղամ Տիգրանյանը նշել էր, որ վնասի վերաբերյալ հանձնաժողովի վերջնական եզրակացությունը կներկայացվի մարզպետարան, ապա կքննարկվի կառավարության նիստի օրակարգում:

Նոր որոշումը չի գոհացրել բնակիչներին: Սասուն Ստեփանյանի ընտանիքը, որն ամենից շատ է տուժել, 100.000 դրամ է ստանալու՝ այն դեպքում, երբ, տանտերերի խոսքով, իրենք կրել են 15 տ կաղամբի, 5 տ կարտոֆիլի, 200-300 կգ գազարի վնաս, ինչը մոտ 2 մլն դրամի է հասնում: «Ասել են՝ մեր մեղքով չի եղել, բնական աղետ չի, որ փոխհատուցենք: Տվածներն էլ ի՞նչ է՝ ողորմություն»,- վրդովված ասաց տիկին Հասմիկը:

Նա պատմեց, որ երկու շաբաթ առաջ քաղաքապետարանից բոլորին տեղեկացրել են դրամական օգնության մասին, բացի իրենցից: Մեր զրուցակցի կարծիքով՝ դա քաղաքական ենթատեքստ է կրում, քանի որ իր ընտանիքը նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի կողմնակիցն է:

Ալեքսանյանների ընտանիքում կորցրել են կարտոֆիլի ամբողջ բերքը, քանի որ չեն կարողացել պահոցից կարտոֆիլը դուրս հանել: «Ցերեկն ասեցին, որ ջուր են բաց թողնելու, հաջորդ օրն առավոտյան տեսանք՝ դաշտը ջրի մեջ է»,- պատմում է տանտիրուհին: Այն հարցին, թե գո՞հ են արդյոք իրենց բաժին ընկած 40.000 դրամ օգնությունից, նա պատասխանեց. «Դե որ տալու են, էլ ի՞նչ ասենք: Էդ մեր վնասի 1 %-ն էլ չի կազմում»: Տեղեկացրինք, որ հնարավորության ունեն որոշումը բողոքարկելու: «Ի՞նչ պիտի փոխվի: Առողջություն չունեմ բողոքելու»,- հավելեց բնակչուհին:

Նույն խնդրի առնչությամբ զրուցեցինք Հրազդանի քաղաքապետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ալվինա Զաքարյանի հետ: Վերջինիս կարծիքով՝ ջրառատցիներն իրենք են մեղավոր, քանի որ անթույլատրելի վայրերում են հիմնել հողատարածքներ: Նրա հաղորդմամբ ՝ բնակիչները 1 օր առաջ տեղեկացված են եղել ջրառի մասին ու ոչ մի միջոց չեն ձեռնարկել:

Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի հետ հաջորդիվ զրույցից պարզ դարձավ, որ ջրառից 3 օր առաջ մարդիկ տեղեկացվել են դրա մասին: Այն հարցին, թե ինչու՞ կառավարական մասշտաբով քննարկվելիք խնդրի լուծումը սահմանափակվեց համայնքի կողմից դրամական օգնությամբ, պարոն Դանիելյանը պատասխանեց. «Մենք պատասխանատվություն չենք կրում ջրառի հետևանքների համար: Մեր նպատակն է լինել մեր բնակիչների կողքին: Համայնքը որոշել է իր հնարավորության սահմանում 720. 000 դրամ օգնություն տրամադրել իր բնակիչներին»: Երբ վկայակոչեցինք Ստեփանյանների կաղամբի ամբողջ բերքի կորուստը, բանախոսը ժպտալով ասաց. «Կաղամբն այնպիսի բույս է, որ հաճախ ոռոգման կարիք ունի: Ջրելիս կաղամբը չի փտում, ծաղկում է»:

Իր և Ստեփանյանների միջև քաղաքական միտումներով լարվածությունը վերջինս հերքեց՝ մտաբերելով տարիների համատեղ աշխատանքը:

Ինչ վերաբերում է հանձնաժողովի վերջնական եզրակացությանը, ապա վնասի մասին որևէ տվյալ չհաղորդվեց:

Տեղեկացնենք, որ համայնքի կողմից նախատեսված դրամական օգնությունը կտրամադրվի որոշման հրապարակումից 10 օր անց: Որոշման վերաբերյալ բողոքներ ունեցողները կարող են դիմել քաղաքապետարան:

Լուսանկարը՝ քաղաքապետարանի արխիվից 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031