Այսօր ՀՀ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի կարևորագույն թեմաներից էր դոլար-դրամ հարաբերակցությունը և դրամի արժեզրկումը: Այս թեմայով կառավարությանը հարցեր հղեցին ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ՀՀ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը հետաքրքրվեց՝ մարտի 1-ի ոճրագործության մեղավորների նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը վերաբերող՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեի նամակին ՀՀ կառավարությունը ի՞նչ պատասխան է տվել: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Վստահեցնում եմ, որ ցանկացած պատասխան կտրամադրվի նաև ձեզ, ես կպարզեմ, թե ինչպիսին է եղել պատասխանը»:
Լևոն Զուրաբյանն իր հարցում փաստեց, թե «դրամը կտրուկ ընկավ, հիմա մենք գործ ունենք անվերահսկելի փլուզման հետ»: Ու հիշեցրեց իր կանխատեսումը մեր ռեզերվների վտանգավոր մսխման մասին: Հետո շեշտեց, մի՞թե չէր կարելի վարել այնպիսի դրամավարկային քաղաքականություն, որը թույլ կտար, որ դրամը գծային օրինաչափությամբ արժեզրկվեր և կարողանային զսպել գնաճը:
ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը պատասխանեց. «Արդյոք ռեզերվների կատաստրոֆիկ կորո՞ւստ է այն, որ մենք պարտքը ժամանակից շուտ մարում ենք»: Զուրաբյանն արձագանքեց, թե «ունքը դզելու տեղը աչքն էլ հանել եք և բերել պահուստների մի այնպիսի վիճակի, որ այժմ վտանգավոր իրավիճակ է ստեղծել: Ժողովրդին պիտի պատասխան տաք: Ո՞նց եք անելու, որ ժողովուրդը Նոր տարվա շեմին չմտնի ահավոր թանկացումների հորձանուտ: Թե՞ պարտքը դզելու պատճառով ճգնաժամը կարգավորել ի վիճակի չեք»:
Կարդացեք նաև
Վաչե Գաբրիելյանը պատասխանեց. «Մինչև այժմ ունեցել ենք մեկուկես տոկոս գնաճ, իսկ 2014-ի բյուջեով սահմանված գնաճը չորս տոկոսի սահմաններում է: Ուստի կանխատեսելի գնաճի ցուցանիշ է և տնտեսվարող սուբյեկտների ու քաղաքացիների համար, ընդհանուր առմամբ զգայուն փոփոխություններ տեղի չեն ունեցել»:
Մհեր Շահգելդյանն էլ դրամի արժեզրկումը համադրելով ռուբլու արժեզրկման հետ՝ առաջարկեց հրատապ քայլեր ձեռնարկել, ընդհուպ մինչև ԱԺ-ում այդ թեմայով քննարկում հրավիրել:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ