Այսօր ՀՀ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը բարձրացրեց Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի ճակատագրի հարցը: Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը պատասխանեց, որ այս տարի երևի թե կհանձնեն դիտարանը, այնուհետև տեղեկացրեց, որ այնտեղ մի կայան է տեղակայված, որն ունի անգամ երկու բալ երկրաշարժի նկատմամբ զգայունություն:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը մինչ հարց հղելը վրդովվեց. «Դատապարտելի է այն, որ պատգամավորները կորցնում են իրենց չափի զգացողությունը, հատկապես կնոջ արժանապատվության զգացումը, և որևէ մեկը պարտավոր չէ դահլիճում նստել ու այդ ամենը լսել»:
Այնուհետև բարձրացրեց իր հարցը, թե ինչ միջոցներ են ձեռնարկվում Սևանի ավազանից լրացուցիչ ջուր բաց թողնելու ապօրինությունները կանխելու համար: ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը տեղեկացրեց, որ ունեն խնայողություններ, ջրի բարձրացման հետ կապված դրական միտումներ:
ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հարց հղեց, թե 2015-ի ընթացքում ինչպիսի՞ն է լինելու Գյումրիի այն անօթևան ընտանիքների ճակատագիրը, ովքեր չեն օգտվել բնակարանաշինության ծրագրերից:
Կարդացեք նաև
ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը պատասխանեց. «Վերջնական հաշվարկի շնորհիվ շահառու ճանաչված ընտանիքները 430 են, որոնք դեռ չեն ստացել բնակարաններ և մենք վերջին ամիսներին որդեգրել ենք նոր քաղաքականություն՝ առաջարկել ենք, որ բնակարանների վկայագրերով այս խնդիրը լուծվի: Արդեն կառավարությունը 215 ընտանիքների համար համապատասխան գումար հատկացրել է, նրանք արդեն հաշվառված են: Իսկ հաջորդ տարվա երկրորդ կեսին մնացածների հարցը կլուծվի»:
Հովհաննես Մարգարյանը արձագանքեց, թե հաշվառումների առումով անհամապատասխանություններ կան, քանի որ անօթևան ընտանիքների թիվը տարբեր հաշվարկներով չի համընկնում:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ