Երեքշաբթի երեկոյան հոռետեսական կանխատեսումներով է հանդես եկել Ռուսաստանի տնտեսության զարգացման նախարարությունը։
Նախարարությունը զգուշացրել է, որ երկու տարի լճացումից հետո երկրի տնտեսությունը լուրջ անկում է ապրելու և այդ անկումն արդեն սկսվել է։ Առաջիկայում սպասվում է կենսամակարդակի նվազում՝ գնաճի և արժեզրկվող ռուբլու ֆոնին։ Եթե նախկինում նախարարությունը ենթադրում էր, որ Ռուսաստանի տնտեսությունը 2015-ին կաճի 1.2 տոկոսով, ապա այսօր կանխատեսումները չափազանց հոռետեսական են։ Մասնագետները նկատում են, որ եկող տարի Ռուսաստանի տնտեսությունը կգրանցի բացասական դինամիկա՝ անկումը 1.8 տոկոս կլինի։
Հիմնական պատճառը նավթի գնի անկումն ու արևմտյան պատժամիջոցներն են։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի տնտեսության զարգացման փոխնախարարը Ալեքսեյ Վեդևը։ Փոխնախարարն ասել է՝ սա նշանակում է, որ արևմտյան ֆինանսական շուկան փակ է ռուսաստանյան ընկերությունների և բանկերի համար, իսկ ներդրողների համար իրավիճակը Ռուսաստանում կարելի է բնորոշել երկու բառով՝ անորոշություն և անապահովություն։
Ընդ որում դեռ սեպտեմբերին նախարարությունը համարում էր, որ նավթի գնի անկումը ժամանակավոր բնույթ է կրում, իսկ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կվերանայվեն 2015-ին։
Ազա Բաբայան
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում