Այսօր ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վոլոդյա Բադալյանը լրագրողների հետ զրույցում մեր հարցին, թե ինչպե՞ս դիմակայեն քաղաքացիներն այս գնաճային ճնշումներին, ի՞նչ խորհուրդ կտաք՝ պատասխանեց. «Խնդիրը նա է, որպեսզի դիմակայեն, պետք է աշխատեն, որ կարողանան դիմակայեն»: Հարցին՝ իսկ աշխատատեղ կա՞ մեր երկրում կամ աշխատավարձը թույլ տալի՞ս է ապրել՝ նա պատասխանեց. «Ի՞նչ կարող եմ ասել, դժվարություններ կլինեն»:
Նա նշեց, որ այսօր շատ կարեւոր է աշխատատեղերի խնդիրը. «Դրական արդյունք կտա, երբ մենք ընդհանուր տնտեսական դաշտը մեծացնենք եւ կարողանանք խոշոր ներդրողներ ներգրավել: ԵՏՄ-ի պայմաններում, իմ կարծիքով, կարող ենք ներգրավել նոր ինվեստիցիաներ եւ աշխատատեղ ձեւավորելու խնդիրը լուծել»:
Հարցին, որ ԵՏՄ դեռ չմտած՝ արդեն խնդիրներ կան, ռուբլին արժեզրկվում է, պատժամիջոցներ են կիրառվում, ՌԴ տնտեսությունը ճգնաժամ է ապրում՝ Վոլոդյա Բադալյանը պատասխանեց, որ Եվրոպայում էլ է նույն վիճակը: Միայն ԵՏՄ տարածքում չի դա: Ընդհանրապես գլոբալ տնտեսական նոր ճգնաժամ է առաջանում եւ եվրոպական երկրներում, եւ հարեւան երկրներում: Ես մի քանի օր առաջ եղել եմ Վրաստանում, բավականին լուրջ գնաճ կա, դոլարի բարձրացում, լարիի արժեզրկում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ