Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանդայի գործով» մեղադրող. «Հանցավոր աշխարհում չեն խրախուսվում ինքնախոստովանական ցուցմունքները»  (Տեսանյութ) 

Դեկտեմբեր 03,2014 17:21

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը «Բանդայի գործով» ուժեղացրել էր դահլիճի անվտանգությունը. տասից ավելի ոստիկաններ կողմերին էին ապահովում, դատական կարգադրիչները՝ դահլիճում գտնվողներին:

Պաշտպանական կողմը մինչ նիստը սկսելը հնարավոր էր համարում, որ մեղադրողի ճառից հետո ամբաստանյալների նյարդերը տեղի կտան:

Ամբաստանյալների նյարդերը տեղի չտվեցին, փոխարենը դատական նիստերի դահլիճից դուրս վատացավ «Բանդայի գործով» «պարագլուխ» ճանաչված Արտուշ Հակոբյանի կինը, Սամվել Մանուկյանի զոքանչը, Արտուշի քույրը:

Մեղադրող Սասուն Խաչատրյանը հիմնավորված համարեց, որ այս խմբի անդամները Արտուշ Հակոբյանի եւ հանգուցյալ Գուրգեն Հայրապետյանի գլխավորությամբ ձեւավորել են բանդա, որոնց անդամներն ունեցել են որոշակի դերաբաշխում, համաձայն որի՝ ավազակային հարձակումներ են կատարել պետական, ՏԻՄ պատասխանատուների, նախկին պատգամավոր, «Լինսի » հիմնադրամի ծրագրերից մեկի պատասխանատուի տան վրա:

Այս գործով տուժող ճանաչված նախկին պատգամավորը Նապոլեոն Ազիզյանը, «Լինսի» հիմնադրամից՝ Էդուարդ Բեզոյանը, նրա որդին, նախկին համայնքապետ Աղվան Գրիգորյանը, եւ այլք դատարան չէին ներկայացել գոնե այսօր:

Մեղադրողն ասաց, որ տուժողների, վկաների ցուցմունքներով, խուզարկությամբ առգրավված, ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել եւ ապացուցվել է խմբի յուրաքանչյուր անդամի գործողությունը բանդայի կազմում:

Ի դեպ, մեղադրողի ճառի մի պատկառելի հատված վերաբերում էր հանգուցյալ Արման Դալլաքյանին: Այս կապակցությամբ էլ իբրեւ նախկին քննիչ, նա հայտնեց, որ ընդունված է, որ հանցաշխարհր ցուցմունք տա մահացածի դեմ:

Միայն ըստ հանցաշխարհի ու ըստ մեղադրողի, անընդունելի է այս աշխարհի համար ինքնախոստովանական ցուցմունքները. «համոզված եմ, որ որբ պաշտպան Հովիկ Արսենյանը բոցաշունչ ելույթ կունենա այս առթիվ», ինչին հետեւեց Հովիկ Արսենյանի ռեպլիկը. «գողականը մեջ բերելով…»:

Նա դատարանի ուշադրությունը հրավիրեց ամբաստանյալների նախկինում դատվածությանն ու դատավճիռներին:

Մեղադրողն ասաց, որ մարտավարության մաս է կազմում «նման բան չի եղել» կամ նման արտահայտություններով արդարանալը, սակայն անընդունելի համարեց տուժողների նկատմամբ արված վիրավորական արտահայտությունները:

«Պետք չէ երեւույթի մասին խոսել կիսատ: Ինչու չի խոսվում այն մասին, որ դատադրոշմային փորձաքննություն իրականացրած փորձագետը բոլորիս համար մատչելի բացատրեց, որ սկզբունքը ոչ թե փոշու տեսակն է, այլ որպեսզի հետքը տեսանելի լինի, փոշին տեսանելի լինի, արվում է մեկ նպատակով. որ հասարակության մոտ կարծիք ստեղծվի, թե գործում առանցքային նշանակություն ունեցող ապացույցները ձեռք են բերվել դատավարական կարգի խախտմամբ, կամ՝ կեղծված են: Ինչպես սիրում է ասել մեր հարգարժան պարոն Արսենյանը, զավեշտի պետք չէ վերլուծել: Եվ եթե տուժողներին մեղադրում եք մեղադրանքի արհեստական ապացույցներ ստեղծելու մեջ, ապա դա էլ արեք»,-հավելեց մեղադրողը:

Արտուշ Հակոբյանի քույրը, Aravot.am-ին դիմելով, ասաց. «Մինչեւ երբ պետք է մենք այս խաբեության ու ստի մեջ ապրենք: Ամսի 23-ին ձերբակալում են իրական բանդան: Ալիկ Սարգսյանը ելույթ է ունենում, որ տեղի է ունեցել կողոպուտ, որոնց մասնակցել են մեծավորների որդիները: Չգիտես ոնց, ամսի 24-ին եթեր է դուրս գալիս Արտուշի մեքենան, Արտուշը ծեծված, ջարդված, այդ ամբողջը երեւում է յութուբում: Ոնց են զենքը խրում իր կողքը, ոնց են հարվածում, ձերբակալում գազանաբար: Չորս օր իմ երկու եղբորը գաղտնի պահել են, մենք չենք իմացել, որտեղ են գտնվել նրանք»:

 

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031