Հիմնանորոգումից հետո Դիլիջանում այսօր բացվեց «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության Երեխաների և նրանց ընտանիքների սոցիալ-հոգեբանական և կրթական աջակցության կենտրոնը։
Հաստատության վերանորոգմանն աջակցելու գաղափարը պատկանում է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի (IDеA) հիմնադիրներ Ռուբեն Վարդանյանին ու Վերոնիկա Զոնաբենդին։ Կենտրոնի հիմնանորոգումն իրենց սեփական ուժերով և միջոցներով իրականացրել են Դիլիջան միջազգային քոլեջի շինարարական կազմակերպությունները, այն համալրվել է նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված հատուկ գույքով:
Բացման արարողությանը մասնակցում էին պետական մարմինների, մարզային և տեղական իշխանությունների, միջազգային կազմակերպությունների, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի ներկայացուցիչներ։
Կարդացեք նաև
«Մեր հիմնադրամը մեծ նշանակություն է տալիս Դիլիջան քաղաքի ենթակառուցվածքների զարգացմանը, և առաջիկա տարիներին նախատեսում ենք տարբեր ծրագրեր իրականացնել, որոնք քաղաքն ավելի հարմարավետ կդարձնեն բնակիչների համար։ Ուրախ ենք, որ քոլեջի շինարարական կազմակերպություններն արձագանքեցին IDеA-ի հիմնադիրների նախաձեռնությանն ու իրենց ներդրումն ունեցան այսպիսի կարևոր կենտրոնի վերանորոգման գործում։ Հատկապես կցանկանայի ընդգծել «RD group» ընկերության և նրա հիմնադիր Գագիկ Ադիբեկյանի ներդրումը»,-նշեց «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի տնօրեն Արմեն Գևորգյանը։
Կենտրոնի կրթական եւ սոցիալ- հոգեբանական աջակցության ծառայություններից ներկայումս օգտվում է Դիլիջան քաղաքից և շրջակա գյուղերից հաշմանդամություն ունեցող և այլ խոցելի խմբերի 177 երեխա, ինչպես նաև՝ նրանց ընտանիքները: Բարելավված շենքային պայմաններն ու հարմարեցված միջավայրը հնարավորություն կընձեռեն այսուհետ առավել որակյալ ծառայություններ մատուցել։
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամն իրականացնում է երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված երկարաժամկետ ծրագրեր, որոնք կօգնեն գոյատևումից անցում կատարել դեպի բարեկեցություն: Հիմնադրամի առանցքային ծրագրերից են UWC Դիլիջան քոլեջի, «Տաթևի վերածնունդ», Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնման, Դիլիջանի զարգացման ծրագրերը։
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի (IDEA) հանրային կապերի բաժին