Երևան, 3-ը դեկտեմբերի, 2014թ. – ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչությունը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ), «Փյունիկ» հաշմանդամների հայաստանյան ասոցիացիայի հետ համատեղ այսօր կազմակերպեցին հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների կողմից պատրաստված ձեռքի աշխատանքների ցուցահանդես, որը նվիրված էր հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան:
Միջոցառումը, որին ներկա էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության ներկայացուցիչները, նվիրված էր ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հռչակագրի ներքո հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների թեմային, ինչպես նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Կարող ենք միասին» հանրային արշավի շրջանակներում և գործընկեր «Էմիլի Արեգակ», «Ջերմիկ Անկյուն» և «Լռության Ձայն» հասարակական կազմակերպությունների կողմից հաշմանդամություն ունեցող անձանց ուղղված աշխատանքներին:
Միաձայն ընդունվելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին հռչակագիրը ստորագրման համար թողարկվեց 2007թ. մարտի 30-ին և ուժի մեջ մտավ 2008թ. մայիսի 3-ին: Հայաստանը վավերացրեց այն 2010թ. սեպտեմբերին: Հռչակագիրը հստակեցնում է պետությունների իրավական պարտականությունները աշխարհում ապրող շուրջ 1 բիլիոն հաշմանդամություն ունեցող անձանց հանդեպ: Ըստ վերջին տվյալների Հայաստանում ապրում են 195,925 հաշմանդամություն ունեցող անձինք, այդ թվում 8120 երեխաներ:
Հռչակագիրը աշխարհում մեծ փոփոխություն իրականացրեց հաշմանդամություն ունեցող անձանց հանդեպ վերաբերմունքի և մոտեցումների առումով: Այն ապահովեց հաշմանդամություն ունեցող անձանց որպես բարեգործության, բժշկական ծառայության և սոցիալական պաշտպանության «օբյեկտներ» ընկալման անցումը դեպի իրավունքներ ունեցող «սուբյեկտների», որոնք ունակ են որոշումներ կայացնելու և նպաստելու հասարակության սոցիալական, տնտեսական և քաղաքական ոլորտներում իրականացվող տարբեր նախաձեռնություններին:
Կարդացեք նաև
Հաշմանդամություն ունեցող երեխաներն ունեն միևնույն սոցիալական կարիքները, շահերը և իրավունքները ինչպես մյուս բոլոր երեխաները: Այսուամենայնիվ, հիմնականում խտրականության հետևանքով հաշմանդամություն ունեցող երեխաները հաճախ զրկված են մասնակցության և ներառման հնարավորություններից: Նրանք հաճախ զրկվում են մշակութային կամ հանգստի միջոցառումներից, ինչպես նաև անհրաժեշտ տեղեկատվության և աջակցության հնարավորություններից, որը կարևոր է նրանց հասարակության մեջ ներառելու, ինչպես նաև չափահասության ճանապարհին անհրաժեշտ աճ և զարգացում ապահովելու համար:
Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաները հասարակության առավել մեկուսացված մարգինալացված խմբերից են: Նրանք հաճախ զրկված են առողջապահության, կրթության և ընտանեկան միջավայրում մեծանալու իրավունքից: «Հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների պաշտպանությունը նոր թեմա չէ ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար», նշեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ տկն. Հենրիետ Արենսը: «Այն Հայաստանում իրականացվող մեր ծրագրերի ամբողջական մասն է կազմում և մեր տեսլականն է, որպեսզի հաշմանդամություն ունեցող բոլոր երեխաները այցելեն հանրակրթական դպրոց, օգտվեն իրենց կարիքներից բխող անհրաժեշտ ծառայություններից և այն երեխաները, որոնք գտնվում են խնամքի հաստատություններում միավորվեն իրենց կենսաբանական ընտանիքների հետ կամ մեծանան ընտանեկան միջավայրում»:
Միջոցառմանը ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև ներկայացրեց 2013թ. Հայաստանում իրականացված հաշմանդամություն ունեցող երեխաների հանդեպ վերաբերմունքների վերաբերյալ հարցման արդյունքները: Ազգային ներկայացուցչական ընտրանքով (1065) իրականացված հեռախոսային հարցազրույցները բացահայտեցին ֆիզիկական և մտավոր հաշմանդամություն ունեցող երեխաների հանդեպ գերակշռող վերաբերմունքը Հայաստանում: Հետազոտության արդյունքների համաձայն չնայած առկա է հանդուրժողականություն հաշմանդամություն ունեցող երեխաների հասարակության մեջ ինտեգրելու և կրթական հաստատություններ հաճախելու հարցում, այսուամենայնիվ, հանդուրժողականության աստիճանը տարբերվում է՝ կախված հաշմանդամության տեսակից, մտավոր, թե ֆիզիկական:
Գերակշռող մեծամասնությունը (95%) հավատացած է, որ ֆիզիկական հաշմանդամություն ունեցող երեխան պետք է ինտեգրվի հասարակության մեջ: Այս ցուցանիշը նշանակալիորեն նվազում է մտավոր հաշմանդամություն ունեցող երեխաների դեպքում: Հարցվողների մեկ երրորդը (30%) կարծում են, որ մտավոր հաշմանդամություն ունեցող երեխան պետք է հասարակությունից առանձնացվի: Այն հարցի շուրջ, թե ֆիզիկական հաշմանդամություն ունեցող երեխաները պետք է հաճախեն հանրակրթական, թե հատուկ դպրոց, հարցվողների կարծիքները կիսվել են: Ինչ վերաբերում է մտավոր հաշմանդամություն ունեցող երեխաներին, հարցվածների մեծ մասը կարծում է, որ նրանք պետք է հաճախեն հատուկ դպրոց:
Ի պատասխան այս ցուցանիշների՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը 2014թ. հուլիսին 15 տեղական և միջազգային կազմակերպությունների հետ միասին մեկնարկեց «Կարող ենք միասին» հանրային արշավն՝ ուղղված հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառմանը: Արշավի աշխատանքներն ուղղված են երիտասարդներին, դպրոցահասակ երեխաներին և իրենց ծնողներին՝ նպատակ ունենալով բարձրացնել հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների մասին իրազեկվածությունը, խթանել կրթության հասանելիությունը և ներառական արժեքներ, ինչպես նաև ցույց տալ հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների կարողությունները: Արշավի շրջանակում, այս տարի շուրջ 100 հոդվածներ և ռեպորտաժներ են պատրաստվել հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրների և հաջողության պատմությունների վերաբերյալ: Արշավը ակտիվ գործում է նաև սոցիալական կայքերի միջոցով:
«Ցուցահանդեսի նպատակն է ցուցադրել հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների եզակի և ստեղծարար ունակություններն ու ներուժը», նշեց Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության նախագահ Ռուզաննա Սարգսյանը: Վերջին 25 տարիներին Փյունիկն աջակցել է հաշմանդամություն ունեցող անձանց իրենց հմտությունները զարգացնելու գործում, որպեսզի նրանք մասնակցեն համայնքային միջոցառումներին, օգտվեն կրթության, ֆիզիկական և հոգեսոցիալական վերականգնման ծառայություններից, պաշտպանեն իրենց իրավունքները և իրենց ներուժը զարգացնեն արվեստի և սպորտի բնագավառում, այն ամենն, ինչ անհրաժեշտ է հաշմանդամություն ունեցող անձանց համար խոչընդոտների հաղթահարման միջոցով հասարակության մեջ լիարժեք ինտեգրվելու համար»:
Շուրջ 40 երեխաների և երիտասարդների 100 ստեղծագործական աշխատանքներ կցուցադրվեն ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ճեմասրահում 2014թ. դեկտեմբերի 1-5-ը, ներառյալ ասեղնագործություն, խեցեգործություն, կերամիկա, բատիկա, ձեռքով պատրաստված բացիկներ և նկարներ:
Մամուլի հաղորդագրություն