Ինչպես տեղեկացրել ենք , երեկ Լիբիայից Հայաստան ուղևորվող բեռնատար ինքնաթիռը վայրէջք էր կատարել Գյումրու «Շիրակ» օդակայանում:
«Զվարթնոց» միջազգային օդակայանի մամլո քարտուղար Գևորգ Աբրահամյանը Aravot.am-ին փոխանցեց, որ այս ինքնաթիռը պլանային վայրէջք է կատարել «Շիրակ» օդակայանում, այն չպիտի վայրէջք կատարեր «Զվարթնոց» օդակայանում և որ մեր այն տեղեկությունները, թե «Զվարթնոց» օդակայանում չեն թույլատրել վերջինիս վայրէջք կատարել՝ էբոլայի վախից, չեն համապատասխանում իրականությանը: Ըստ Գևորգ Աբրահամյանի, այն միշտ էլ վայրէջք է կատարել «Շիրակ» օդակայանում:
ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Շիրակ մասնաճյուղի տնօրեն Վարդան Ուռուտյանը, որն անմիջապես համաճարակաբաններին ուղարկել է «Շիրակ» օդակայան ու իր պարտքն է համարել հետազոտել, վերցնել անձնակազմի տվյալները, ևս որոշակի մանրամասներ հաղորդեց Aravot.am-ին: «Մենք տեղեկություններ ստացանք «Շիրակ» օդակայանից, որ Գյումրիում Լիբիայից ոչ պլանային վայրէջք պիտի կատարի բեռնատար ինքնաթիռ: Իհարկե, Լիբիան չի մտնում էբոլայի տարածման վտանգ ներկայացնող երկրների մեջ, բայց քանի որ աֆրիկյան երկիր է, ապահովության համար մեր համաճարակաբաններին անմիջապես ուղարկեցի օդակայան: Ինքնաթիռում անձնակազմի անդամների ջերմությունը չափելուց ու որոշակի հետազոտություն անցկացնելուց հետո նոր միայն թույլատրել են նրանց իջնել ինքնաթիռից:
Բնականաբար, մենք տեղեկություններ հավաքեցինք նրանց մասին, գրանցեցինք անձնագրային տվյալները, պարզեցինք, որ 3-ը Ռուսաստանի Դաշնությունից են, 1-ը Ուկրաինայից է, մյուսները Էստոնիայից են: Նրանք Լիբիայում են եղել, բայց փակ գոտում են գտնվել, իրենց Լիբիայում չեն թույլատրել դուրս գալ օդակայանից, մի օր գիշերել են այնտեղ: Հետո ուղևորվել են Հայաստան, չգիտեմ ինչու, ժամանել են Գյումրի արտապլանային թռիչքով: Չեմ կարող ասել, թե ինչու «Զվարթնոց» օդակայանում վայրէջք չեն կատարել, իրենք մեզ տեղեկացրեցին, որ պիտի վայրէջք կատարեին «Զվարթնոց»-ում, ի սկզբանե այդպես է որոշված եղել, սակայն ճանապարհին ցուցում են ստացել իրենց ղեկավարությունից՝ վայրէջք կատարել Գյումրիում: Շատ կիրթ, գրագետ մարդիկ են, իրենք էլ շատ լավ գիտեն էբոլայի վտանգները: Մենք գրանցեցինք, որ իրենք «Վետերան Ավիա» ընկերությունից են, բեռներ են տեղափոխում, Հայաստանում կմնան այնքան ժամանակ, մինչև իրենց ղեկավարությունը հրահանգի՝ ուր մեկնեն բեռներ վերցնելու, իրենք չգիտեն՝ ինչքան կմնան, միգուցե հենց վաղը մեկնեն Լենինգրադ կամ մի այլ քաղաք: Մի խոսքով, սպասում են ցուցումների: Նրանք հիմա գտնվում են Գյումրու «Վանատուր» հյուրանոցում, իրիկունը ես անձամբ համաճարակաբանի հետ եղել եմ հյուրանոցում, միջոցառումներ ենք իրականացրել, որ Աստված ոչ անի, հանկարծ մի բան չպատահի, բայց նորից եմ կրկնում, նրանք առողջ մարդիկ են: Եվ այս ամենն արել ենք ապահովությունից դրդված», -ասաց մեր զրուցակիցը:
Մենք փորձեցինք կապվել «Վետերան Ավիա» ընկերության հայաստանյան ներկայացուցիչների հետ՝ «Սփյուռ» տեղեկատուի կողմից նշված հեռախոսահամարով, սակայն նրանց հեռախոսահամարը չէր գործում, մեկ լսում էինք, որ նման հեռախոսահամար գոյություն չունի, մեկ էլ համարը ցույց էր տալիս զբաղված: Այդուհանդերձ, նշենք, որ, ըստ ինտերնետային տվյալների, այս ավիաընկերությունը հիմնվել է 2009 թ., Արաբական Միացյալ էմիրություններում, Շարժա էմիրությունում, նրա հիմնական բազան Երևանում «Զվարթնոց» օդակայանն է, այն բեռնափոխադրումներ է իրականացնում դեպի Եվրոպա, Ասիա և Մերձավոր Արևելք:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ