«Մենք գնում ենք դեպի ուղղակիորեն քայքայվող տնտեսություն»,-այսօր ՀՀ ԱԺ-ում հայտարարեց ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը: Հակադարձելով այն պնդումներին, թե ԵՏՄ պայմանագրի ստորագրումը ինտեգրում է, պարոն Քոքոբելյանը հայտարարեց. «Հանցավոր խմբավորման ինտեգրումը քաղաքական ուժերին էլ է վնասում: Ինտեգրումը լավ է, եթե գնում է դեպի առաջադիմություն: Ուզում եմ կոչ անել, որ գնանք դեպի քաղաքակիրթ աշխարհ»:
Խաչատուր Քոքոբելյանը շեշտեց, թե ՌԴ-ն ՀՀ-ի անվտանգության խնդիր երբեք էլ չի լուծելու և ևս մեկ անգամ շեշտեց, որ ՀՀ-ի` ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը հակասահմանադրական է, ու ենթադրվում է, որ տնտեսական կոմիտեի ընդունած որոշումներն անդամ պետությունների համար պարտադիր են, մինչդեռ ՀՀ Սահմանադրությամբ Հայաստանում հավաքվող հարկերն ու պարտադիր վճարները պարզապես կատարվում են Հայաստանի օրենսդրությամբ ու որոշումներով:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը հորդորեց ընդդիմախոսներին «այսրոպեական» Ռուսաստանով դատողություններ չանել և հայտարարեց, թե ՀՀ-ն իրավունք չունի իր ռազմավարական գործընկեր Ռուսաստանին կազմաքանդել:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ հայտարարեց, թե «ես այն քաղաքական ուժն եմ ներկայացնում, որի համար շատ ավելի լավ կլիներ որևէ միության չանդամակցել: Բայց ստեղծված իրավիճակում հարց էր` ընտրել երազանքային խոստումները՝ ի դեմս եվրոպական արժեհամակարգի՞, թե՞ ֆիզիկական գոյությունը: Ազգի համար կարևոր է ֆիզիկական գոյության հարցը»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ