Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ուսանողական խորհրդի պաշտոնական կայքում արդեն մի քանի ամիս է՝ գործում է Առաջին ուսանողական ալիքը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր՝ ՀՊՏՀ-ում:
Ուսանողական ալիքն ակտիվորեն լուսաբանում է բուհում տեղի ունեցող կարևոր իրադարձությունները:
Բուհի ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանը շնորհանդեսի ժամանակ ասաց, որ Առաջին ուսանողական ալիքով լուսաբանելու են ոչ միայն ՀՊՏՀ-ի, այլև մյուս բուհերի ուսանողական կյանքը:
Առաջին ուսանողական ալիքի շնորհանդեսին ներկա էր նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, որը, ողջունելով բուհի ուսխորհրդի նախաձեռնությունը, հիշեց, որ ուսանողական առաջին թերթը իրենք են ստեղծել Երևանի պետական բժշկական համալսարանում (1999 թվական), և իր ուրախությունն արտահայտեց, որ ՀՊՏՀ-ն էլ ստեղծում է ուսանողական առաջին ալիքը. «Տնտեսագիտական համալսարանը բացում է լրատվական, ինչպես նաև ուսանողական կյանքի մի նոր էջ, մի նոր տարբերակ, որի համար ես շատ ուրախ եմ: Հուսով եմ՝ այս բուհի ուսանողների պրոֆեսիոնալիզմը կբավականացնի, որ նրանց փորձը վարակիչ դառնա նաև մյուս բուհերի համար: Մաղթում եմ բարի եթեր և առաջարկում եմ չխորշել խնդիրների լուսաբանումից (խնդիրներն ավելի շատ լուսաբանեք): Կարող եք նաև նախարարության մասին վատ ռեպորտաժներ տալ»,- ասաց պարոն Աշոտյանը:
Կարդացեք նաև
Նա խրախուսեց նաև ՀՊՏՀ-ի ուսանողների ակտիվությունը հայալեզու Վիքիպեդիայի համալրման գործում:
Բուհի ուսանողական խորհուրդը միացել է հայալեզու Վիքիպեդիայի հարստացման «Մեկը դարձնենք հարյուր» ծրագրին և դեռևս սեպտեմբերին ռազմահայրենասիրական 100 հոդված է տեղադրել հայալեզու Վիքիպեդիայում:
Ծրագրի համակարգող Գոհար Հովհաննիսյանն ասաց, որ տնտեսագիտությանը վերաբերող 100 հոդվածով էլ վերջերս են հարստացրել հայալեզու Վիքիպեդիան:
ՀՊՏՀ ուսանողության և շրջանավարտների հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Սևակ Խաչատրյանն էլ ասաց, որ հպարտ է աշխատել այնպիսի մի բուհում, որի ուսանողները ոչ միայն փայլուն գաղափարներ ունեն, այլև կարողանում են իրականացնել դրանք. «Սա խոսում է այն մասին, որ եկող սերունդը միշտ ավելի լավն է լինում, քան նախորդը»,- ասաց նա և իր հերթին ևս մեկ անգամ հորդորեց ուսանողությանը, որ Առաջին ուսանողական ալիքի հաղորդումները միայն գովաբանական բնույթի չլինեն. «Դրանք պետք է լինեն նաև խնդիրները վեր հանող և համակողմանիորեն լուսաբանող, որովհետև այս ալիքը բուհում լինելու է մի հարթակ, որտեղ յուրաքանչյուր ուսանող պիտի հնարավորություն ունենա իր խնդիրը բարձրաձայնելու»,- նշեց նա:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ