Երևան, 3 դեկտեմբերի, 2014թ. – Ինչպես այսօր նշում է Թրանսփարենսի Ինթերնեշնլ միջազգային հակակոռուպցիոն ոչ կառավարական կազմակերպությունը, կոռուպցիան հիմնախնդիր է բոլոր երկրների տնտեսությունների համար և այն առաջատար համաշխարհային ֆինանսական կենտրոններ հանդիսացող ԱՄՆ-ից և Եվրամիությունից պահանջում է գործել համատեղ ներկայումս արագ տեմպերով զարգացող երկրների հետ՝ թույլ չտալու, որպեսզի կոռումպացված պետական պաշտոնյաները մնան անպատիժ:
Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) հոբելյանական 20-րդ հրապարակումից երևում է, որ Չինաստանն իր ԿԸՀ 36 միավորով (100 հնարավորից), Թուրքիան (45 միավոր) և Անգոլան (19 միավոր) այս տարի հայտնվել են ամենամեծ հետընթաց (4-5 միավոր նախորդ տարվա համեմատ) արձանագրած երկրների շարքում՝ չնայած վերջին չորս տարիներին այդ երկրներում արձանագրվել է տարեկան միջինը ավելի քան 4 տոկոս տնտեսական աճ (տե՛ս ԿԸՀ 2014թ. Աղյուսակը):
«Կոռումպացված պետական պաշտոնյաներն իրենց անազնիվ ճանապարհով ձեռք բերված հարստությունները օֆշորային ընկերությունների միջոցով տեղափոխում են ապահով վայրեր: ԿԸՀ դասակարգման աղյուսակի ստորին հորիզոնականներում գտնվող երկրները պետք է ձեռք առնեն վճռական հակակոռուպցիոն բնույթի միջոցներ՝ հօգուտ իրենց երկրների քաղաքացիների»,- նշում է Թրանսփարենսի Ինթերնեշնլի նախագահ պարոն Խոսե Ուգասը:
ԿԸՀ 2014թ. դասակարգման աղյուսակում ներառված 175 երկրների ավելի քան երկու երրորդի ԿԸՀ համաթիվը պակաս է 50 միավորից 0-ից 100 սանդղակի վրա, որտեղ 0-ն նշանակում է, որ երկիրն ընկալվում է որպես բացարձակապես կոռումպացված, իսկ 100-ը՝ որպես բացարձակապես մաքուր: ԿԸՀ 2014թ. արդյունքներով առավել քիչ կոռումպացված ընկալվել է Դանիան՝ ԿԸՀ 92 միավորով, իսկ առավել շատ կոռումպացված ընկալվել են Հյուսիսային Կորեան և Սոմալին, որոնց ԿԸՀ միավորը հավասար է 8-ի:
Կարդացեք նաև
Մի շարք երկրների համաթվերը աճել կամ նվազել են 4 և ավելի միավորով: Առավել մեծ թվով միավորներ կորցրել են Թուրքիան (5 միավոր), Անգոլան, Չինաստանը, Մալավին և Ռուանդան (4-ական միավոր): Առավել մեծ առաջընթաց արձանագրել են Կոտ դ՛Իվուարը, Եգիպտոսը, Սենթ Վինսենթ և Գրենադինները (5-ական միավոր), Աֆղանստանը, Հորդանանը, Մալին և Սվազիլենդը (4-ական միավոր):
Կոռուպցիայի ընկալման համաթիվը հիմնված է հանրային ոլորտում կոռուպցիայի վերաբերյալ փորձագետների կարծիքներ վրա: Այդ համաթվի միջոցով հանրությունը կարող է ապահովել իր երկրների ղեկավարների հաշվետու լինելը քաղաքացիներին: Միևնույն ժամանակ, ԿԸՀ համաթվի ցածր արժեքը համատարած կաշառակերության, անպատժելիության և պետական մարմինների կողմից քաղաքացիների պահանջներն արհամարհելու նշան է:
Կոռուպցիան նոր ինդուստրիալ երկրներում
Չինաստանի ԿԸՀ համաթիվը 2013թ. 40 միավորից նվազեց և 2014թ. այն հավասար է 36-ի, չնայած նրան, որ Չինաստանի կառավարությունն իրականացնում էր հակակոռուպցիոն քարոզարշավ, որի թիրախը կոռումպացված պետական պաշտոնյաներն էին: Կառավարությունն ընդունում է, որ անհրաժեշտ է հայտնաբերել պետական այն պաշտոնյաներին, որոնք թաքցնում են անազնիվ ճանապարհով ձեռք բերված հարստությունը իրենց երկրից դուրս: Այս տարվա հունվարին մի շարք փաստաթղթերից կատարված արտահոսքի հետևանքով հայտնի դարձան Չինաստանից և Հոնկոնգից 22,000 օֆշորային հաճախորդների անունները, որոնց մեջ առկա էին երկրի ղեկավարներից շատերի անունները:
Կոռուպցիան և փողերի լվացումը հիմնախնդիրներ ե նաև BRICS-ի խմբի մյուս անդամ-երկրների (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և Հարավաֆրիկյան Հանրապետություն) համար: Այս տարի հարցեր եղան՝ կապված մի մեծ նավթային ընկերության հետ, որն օգտագործում էր գաղտնի ընկերություններ՝ կաշառելու համար քաղաքական գործիչներին Բրազիլիայում (ԿԸՀ 43 համաթիվ): Նմանատիպ հարցեր ծագեցին նաև Մավրիկիում (54) Հնդկաստանի (38) կամ Կիպրոսում (63) Ռուսաստանի (27) քաղաքացիների կողմից բացված բանկային հաշիվների վերաբերյալ:
«Արագ զարգացող տնտեսություն ունեցող երկրների կառավարությունները, որոնք հրաժարվում են լինել թափանցիկ և հանդուրժում են կոռուպցիան, նպաստում են անպատժելիության մթնոլորտի ձևավորմանը, որի արդյունքում կոռուպցիան ծաղկում է»,- նշում է պարոն Ուգասը:
Մաքուր երկրները պետք է պայքարեն գլոբալ կոռուպցիայի դեմ
Թրանսփարենսի Ինթերնեշնլը կոչ է անում այն երկրներին, որոնք այս տարվա ԿԸՀ դասակարգման աղյուսակում գտնվում են վերին հորիզոնականներում և որոնց հանրային ոլորտում կոռուպցիան սահմանափակ է, անել ավելին՝ կանխարգելելու փողերի լվացումը և դեմն առնելու կոռուպցիան քողարկող գաղտնի ընկերություններին:
Այս տարվա առաջատար Դանիան ունի ոչ միայն օրենքի գերակայությունն ապահովող գործուն համակարգ, ուժեղ քաղաքացիական հասարակություն և հանրային ծառայողների վարքագիծը կարգավորող հստակ կանոններ: Այն նաև օրինակ է ծառայել՝ այս տարվա նոյեմբերին հայտարարելով իր երկրում գործող բոլոր ընկերությունների այնպիսի հանրային ռեգիստր ստեղծելու իր պլանների մասին, որը կներառի նաև տեղեկատվություն բենեֆիցիար սեփականատերերի մասին: Այս քայլը, որը նաև իրականացվելու է Մեծ Բրիտանիայում և Ուկրաինայում, կդժվարացնի կոռումպացված պաշտոնյաների խնդիրը՝ թաքնվելու այնպիսի ընկերությունների հետևում, որոնք գրանցված են այլ անձանց անուններով:
«Մեզանից ոչ մեկը չի ճանապարհորդում այնպիսի ինքնաթիռներով, որոնք չեն գրանցում իրենց ուղևորներին, բայց միևնույն ժամանակ մենք հանդուրժում ենք, որպեսզի գաղտնի ընկերությունները քողարկեն ապօրինի գործունեությունը: Հանրային ռեգիստրները, որոնք ցույց կտան ընկերությունների իրական տերերին, կդժվարացնեն կոռումպացված պաշտոնյաներին՝ թաքցնելու իրենց չարաշահումների հետևանքները»,- նշում է Թրանսփարենսի Ինթերնեշնլի գործադիր տնօրեն պարոն Կոբուս դե Սվարդտը:
Ինչպես և նախորդ տարիներին, այս տարի ևս նախկին կոմունիստական երկրների մեջ առաջատարը Էստոնիան է, որի ԿԸՀ-ն հավասար է 69-ի (2013թ. այն հավասար էր 68-ի), և այն ԿԸՀ դասակարգման աղյուսակում Ֆրանսիայի և Քաթարի հետ միասին կիսում է 26-ից 28-րդ տեղերը: Հայաստանի ԿԸՀ-ն այս տարի հավասար է 37-ի՝ նախորդ տարվա համեմատ բարելավվելով 1 միավորով, և այժմ նա կիսում է 94-ից 99-րդ տեղերը, որը համարյա նույնն է, ինչ նախորդ տարի, երբ այն կիսում էր 94-ից 101-րդ տեղերը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդ տարվա 177-ի փոխարեն այս տարվա ԿԸՀ դասակարգման աղյուսակում ընդգրկված է 175 երկիր և տարածք, կարելի է ասել, որ Հայաստանի դիրքն աղյուսակում մնացել է անփոփոխ: Ինչպես և նախորդ տարիներին, Հայաստանը զիջում է ոչ միայն Արևելյան և Հարավային Եվրոպայի համարյա բոլոր երկրներին (բացի Ալբանիայից և Կոսովոյից), ներառյալ բալթյան հանրապետություններին, այլ նաև իր հարևաններ Վրաստանին (52) և Թուրքիային (45): Հայաստանի մյուս երկու հարևաններ Ադրբեջանը (29) և Իրանը (27) նախորդ տարիների նման շարունակում են ետ մնալ Հայաստանից: Միևնույն ժամանակ, բացի բալթյան հանրապետություններից և Վրաստանից ԽՍՀՄ նախկին մյուս բոլոր հանրապետությունները, ներառյալ՝ Եվրասիական միության անդամ երկրներ Ռուսաստանը (27), Բելառուսը (31) և Ղազախստանը (29), ինչպես և նախորդ տարիներին, շարունակում են զիջել Հայաստանին:
Թրանսփարենսի Ինթերնեշնլ