Այսօր ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Միացյալ թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քեթի Լիչին:
Արամայիս Գրիգորյանը ողջունել է տիկին Լիչի քաղաքավարական այցը բնապահպանության նախարարություն և շնորհակալություն հայտնել ոլորտի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար:
Կողմերը քննարկել են ՀՀ-ում և, ընդհանրապես, աշխարհում առկա բնապահպանական խնդիրները, անդրադարձել մեր երկրում բնության հատուկ պահպանվող տարածքների, էկոտուրիզմի զարգացման և այլ հարցերին:
Դեսպանը, առանձնահատուկ հիացմունք հայտնելով Հայաստանի գողտրիկ ու յուրօրինակ բնաշխարհի, բնության հատուկ պահպանվող տարածքների նկատմամբ, նշել է, որ երկիրը մեծ ներուժ ունի աշխարհում առավել հայտնի դառնալու և էկոտուրիզմի զարգացման համար:
Կարդացեք նաև
Արամայիս Գրիգորյանն իր հերթին ընդգծել է, որ հատուկ պահպանվող տարածքների պահպանության բարելավման և էկոտուրիզմի զարգացման խնդիրները նախարարության առաջնահերթություններից են, ինչին և միտված են ՀՀ կառավարության ու միջազգային կազմակերպությունների համատեղ ջանքերը:
Հանդիպման ավարտին շնորհակալություն հայտնելով այցի համար` նախարարը հույս է հայտնել, որ առաջիկայում ևս առիթներ կլինեն հանդիպման և ոլորտային հարցերի շահագրգիռ քննարկման համար:
ՀՀ բնապահպանության նախարարություն