Այս թանկացումներն օրինաչա՞փ են, թե՞ մեքենայությունների հետ է կապված: Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը պատասխանեց. «Սպեկուլյացիաներ էլ կլինեն անպայման, որովհետեւ անկայունության պայմաններում միշտ լինում են նման բաներ: Այստեղ արդեն մեր իշխանությունների անելիքը կա: Հակամենաշնորհային հանձնաժողովի վարքագիծն է, որ պետք է որոշակի կարգավորիչներ ունենա, բայց ամենից առաջ դա մեր տնտեսության վիճակն է: Կախված է նրանից, թե մենք ինչքան դոլարաբեր էքսպորտ կարող ենք արտադրել:
Իսկ թե ինչքան դոլարաբեր էքսպորտ կարողենք արտադրել՝ Մանվել Բադեյանը պատասխանեց. «Այնքան, ինչքան հիմա արտադրում ենք: Դրա աճի միտումները կան: Ցավոք, տնտեսության մեջ հրաշքներ տեղի չեն ունենում, բայց այսօրվա իրավիճակը ինքնին խթան է հանդիսանում, որ կարողանանք այդպիսի ծառայություններ կազմակերպենք,որ Հայաստան դոլարի եւ եվրոյի մուտքն ավելացնենք»:
Հարցին՝ կանխատեսելի է՞ր, որ ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ կլինեն, որ այսպիսի ճգնաժամ կլինի՝ Մանվել Բադեյանը պատասխանեց, որ ՌԴ-ն ինքն էլ չէր կանխատեսում. «Ուկրաինայում զարգացող դեպքերը շատ անկանխատեսելի էին»:
Հարցին՝ չէ՞ր կարող պետությունը, իշխանությունները միջամտեին, որ ապրանքներն այսքան չթանկանային՝ Մանվել Բադեյանը պատասխանեց՝ ո՞նց աներ. «Ցանկացած ապրանքի գին որոշվում է շուկայում: Եթե կաթնամթերքը մենք ձեռք ենք բերում արեւմտյան երկրներից, կամ փոխարժեքը՝ այդպես է լինում»:
Կարդացեք նաև
Դիտարկմանը, որ կովերը մերն են, կաթնամթերքն ինչո՞ւ են թանկացնում՝ Մանվել Բադեյանը հակադարձեց. «Կովերը մերն են, բայց մենք ուրիշ կաթնամթերք չե՞նք ներմուծում: Եթե քո կովի կաթնամթերքն արժի դիցուք, 1 միավոր, կողքինը չի կարող դրանից էժան լինել»:
Մանվել Բադեյանն ասաց, որ մեզ մնում է զարգացնել տնտեսությունը, բոլոր հարցերի պատասխանը տալիս է զարգացած տնտեսությունը: Նա ժողովրդին խորհուրդ տվեց ծանր իրավիճակից դուրս գալու համար «աշխատել, աշխատել, աշխատել, ուրիշ ձեւ չկա տնտեսությունը զարգացնելու»:
Մեր հարցին՝ դեկտեմբերի 10-ին հանրահավաք է, եւ ոչ իշխանականները հայտարարում են, որ այսպես քայլ առ քայլ կհասնեն իշխանափոխության, դա կհաջողվի՞ նրանց՝ պարոն Բադեյանը պատասխանեց. «Իհարկե, ոչ»: Որեւէ հիմք կա՞ իշխանափոխություն պահանջելու համար՝ նա պատասխանեց. «Չէ, մենք տեսանք, մեկը կար ստեղ պահանջում էր, 3 ստորագրություն հավաքեց՝ ներառյալ իրենը, նույն պատկերը հասարակության մեջ է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ